Հողերը հանձնում, ասում է ՝ մենք հող հանձնող չենք

Հողերը հանձնում, ասում է ՝ մենք հող հանձնող չենք

ՔՊ-ական տարբեր տրամաչափի պաշտոնյաներըի կցկտուր խոսքը նույնն է։ Օգտագործվում է միջանցիկ մի նախադասություն, որը միջանցիկ դռան նման ամեն պահ կարող են փակել։ Օրինակ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, որը  շատերի գիտակցության մեջ դեռ ՀՀ ոստիկանապետ է, Ազգային ժողովում լրագրողները հարցնում են Տավուշի գյուղերի մասին։ Նա էլ ասում է, որ Տավուշի գյուղերի մասին  ամեն ինչ խոսվում է բաց և թափանցիկ։ Թափանցիկությունը կայանում է նրանում, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Տավուշի որոշ գյուղեր ադրբեջանական են։ Նախկին ոստիկանապետն իրավունք ունի  ինչ որ տեղ վիրավորվել  լրագրողներից, թե ինչու այդքան պարզ բանը չեն հասկանում։ Իսկ երբ  ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասում է, որ «Մենք հող հանձնող չենք», սա ևս միջանցիկ քամի է։ Թողնենք մի կողմ այն փաստը, որ հողերը հանձնում, ասում են՝ մենք  հող հանձնող չենք։ Սյունյաց հողերն առանց ձեր գիտությա՞ն են հանձնվել, թե՞ դրանք էլ ադրբեջանական են։ Եվ ի վերջո, դուք գեներալ եք և հասարակ քաղաքացուց 1000 անգամ լավ եք պատկերացնում, թե որն է հող հանձնելը։  Բայց գյուղացին նման հարցերում «ավելի գեներալ է» , նա տեսնում է, որ իր հողը, արոտավայրը, վարելահողը ոտքի տակից թշնամին քաշում , տանում է ու դիմադրություն չկա։ Այդպես մինչև ու՞ր։ Նրանց տու՞նը։ 

Սարսափելին այն է, որ ցանկացած պահ այս իշխանությունը  կարող է ասել, մենք  խոսում ենք Հայաստանի  գյուղերի և ոչ թե ադրբեջանական գյուղերի, հողերի   մասին։ Այդպես էլ առաջ են գնալու՝ մինչև հանրությունը բախվի իրականությանը ու հասկանա, թե ՀՀ սուվերեն պետության  ո՞ր տարածքներն են Ադրբեջանինը և ո՞րը՝ Հայաստանինը։ Եթե օկուպացված տարածքների հարցը չի բարձրաձայնվում, չի բացառվում, որ դրանք էլ ադրբեջանական հայտարարվեն։

Ուշադրություն դարձրեք Արման Սարգսյանի այս արտահայտությանը՝ «Եթե որևէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնենք»։ Ի՞նչ խնդրի մասին կարող է խոսք լինել, եթե Փաշինյանն արդեն հայտարարարել է, որ եթե հողերը չտանք,  պատերազմ է լինելու։   Սրանից էլ պարզ բա՞ն։ Միակ խնդիրը մնում է, որ տեղեկացնեն ադրբեջանական ուժերի ներխուժման մասին, չէ՞ որ արդեն նորին մեծությունն ընդունել է, որ այդ գյուղերը հայկական չեն։ Այ այդ ժամանակ ՊՆ նախարարի տեղակալը՝ ոստիկանական իր փորձառությամբ բնակչությանը կտեղեկացնի, որ խնդիր կա։