Իրավիճակը լուրջ է․ Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավորն այցելել է Լաչինի միջանցք

Իրավիճակը լուրջ է․ Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավորն այցելել է Լաչինի միջանցք

Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներ, որոնք սպասում են Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը, սովի և առողջության վատթարացման վտանգի տակ են: 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շվեդիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Արին Կարապետը:

«Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք: Իրավիճակը լուրջ է: 400 տոննա հումանիտար սննդամթերք, դեղորայք և այլ մատակարարումներ 4 օր է՝ կանգնած են Ադրբեջանի ապօրինի շրջափակման պատճառով: Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներ, որոնք սպասում են այդ օգնությանը, սովի և առողջության վատթարացման վտանգի տակ են:
Կարմիր խաչի մեքենաները շարժվել են դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ծանր հիվանդ մարդկանց բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու համար:
Դեպքի վայրից հեռանալուց հետո տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները առևանգել են ծանր հիվանդ 68-ամյա տղամարդու, ինչը Կարմիր խաչին խանգարել է կատարել նրան օգնություն ցուցաբերելու իր առաքելությունը:
Իրավիճակը լարված է, շտապ անհրաժեշտ են միջազգային ջանքեր ինչպես օգնության, այնպես էլ՝ քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Մենք պետք է անհապաղ գործենք, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանը, և նրանք ստանան այն հոգատարությունն ու աջակցությունը, որն այդքան անհրաժեշտ է նրանց գոյատևելու և իրենց կյանքը վերականգնելու համար»,- գրել է Կարապետը: