Յոկո Օնո. Երկինքը կա
Յոկո Օնոյի բանաստեղծությունների «Թուրինջ» ժողովածուն, որը կոնցեպտուալ արվեստի հուշարձան է, առաջին անգամ լույս է տեսել 1964 թվականին՝ Տոկիոյում։ Հեղինակը գիրքն անվանել է «Թուրինջ», քանի որ նա իրեն համարում էր արեւմտյան եւ արեւելյան մշակույթների խառնուրդ, ինչպես թուրինջն է խառնուրդ կիտրոնի եւ նարնջի: Գիրքը, ըստ էության, հրահանգների հավաքածու է, որն ընթերցման եւ հրահանգների կատարման (երբեմն՝ մտովի, երեւակայաբար, երբեմն՝ առարկայորեն) արարքի ընթացքում ամոքում է մարդուն, որը փորձում է քայլել կյանքի միջով, դրդում է նրան գործողության, չարաճճիության։ Ինչպես Յոկո Օնոն է նշում, «Թուրինջ»-ն ածական կամ գոյական չէ, այն բայ է։
«Թուրինջ»-ը Ջոն Լենոնի հանրահայտ «Երեւակայիր» (Imagine) երգի ոգեշնչման աղբյուրն է եղել։ Հետեւելով Օնոյի «Այրիր այս գիրքը կարդալուց հետո» հրահանգին` Լենոնը գրել է. «Սա լավագույն գիրքն է, որ երբեւէ այրել եմ»:
ԳՈՐԾ ԵՐԿՆՔԻ I
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին մոտ սննդի պակասի պատճառով փոքրիկ ուրվականի էի նմանվել: Ես քաղցած էի: Գնալով ավելի հեշտ էր դառնում պարզապես պառկելը եւ երկնքին նայելը: Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ էր, որ սիրահարվեցի երկնքին:
Այդ պահից սկսած՝ անվերադարձ սիրեցի երկինքը: Նույնիսկ երբ ամեն ինչ շուրջս փլուզվում էր, երկինքը մշտապես իմ կողքին էր: Այն լույսի եւ կայծակի արագությամբ անվերջ փոփոխվող իմ կյանքի միակ կայուն գործոնն էր: Ինչպես այդ ժամանակ ասացի ինքս ինձ, քանի դեռ երկինքը կա, ես չեմ կարող հանձնվել:
Պատմիր, թե երբ առաջին անգամ նկատեցիր երկինքը:
Պատմիր, թե երբ առաջին անգամ նկատեցիր, որ երկինքը գեղեցիկ է:
ԳՈՐԾ ԴԻՏՄԱՆ I
Դիտիր, թե ինչպես է հարյուրամյա ծառը շնչում: Մտքումդ շնորհակալություն հայտնիր ծառին՝ ցույց տալու համար մեզ, թե ինչպես աճել եւ մնալ:
ԳՈՐԾ ՔԱՂԱՔԻ
Ոտք դիր քաղաքի բոլոր ջրափոսերի մեջ։
ԳՈՐԾ ՔԱՂԱՔԻ III
Հաշվիր փողոցի բոլոր ջրափոսերը, երբ երկինքը կապույտ է։
ԳՈՐԾ ԵՐԿՐԻ I
Լսիր կրակի ձայնը, որը վառվում է մոլորակի կենտրոնում:
ԳՈՐԾ ՁԱՅՆԻ VI
Ամառ
Ձայնագրիր նորածին որդուդ լացի ձայնը։ Թող որ նա լսի այդ ձայնագրությունը, երբ, որպես հասուն տղամարդ, ցավի միջով կանցնի:
ԳՈՐԾ ԵՐԿՆՔԻ V
Աշուն
Պատկերացրու, որ որքան հնարավոր է՝ արագ վազում ես ցորենի դաշտով: Պատկերացրու, որ ընկերդ որքան հնարավոր է՝ արագ վազում է քեզ ընդառաջ:
Պատկերացրու երկնքի գույնը: Եթե ամպոտ է, տես, թե արդյոք կա՞ն կապույտ բծեր: Եթե պարզկա է, տես, թե արդյոք որեւէ ամպ կա՞: Եթե փոթորկոտ է, զգուշացիր ամպրոպից եւ կայծակից:
Եթե ձյուն է գալիս, հանիր վերարկուդ, որպեսզի կարողանաս դրա մեջ փաթաթել ընկերոջդ:
ԳՈՐԾ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ II
Պատրաստիր կյանքումդ ներկա տխրության համարակալված ցուցակ:
Իրար վրա շարիր այդ թվին համապատասխանող քարեր:
Ամեն անգամ, երբ տխրության զգացողություն կա, մի քար ավելացրու:
Վառիր ցուցակը եւ գնահատիր քարերի լեռնակն իր գեղեցկության համար:
Պատրաստիր կյանքումդ ներկա երջանկության համարակալված ցուցակ:
Իրար վրա շարիր այդ թվին համապատասխանող քարեր:
Ամեն անգամ, երբ երջանկության զգացողություն կա, մի քար ավելացրու:
Համեմատիր այս քարերի լեռնակը տխրության քարերի լեռնակի հետ:
ԳՈՐԾ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ III
Փորձիր ոչ ոքի մասին բացասական ոչինչ չասել.
ա) երեք օր շարունակ, բ) քառասունհինգ օր շարունակ, գ) երեք ամիս շարունակ։
Տես, թե ինչ է տեղի ունենում կյանքիդ հետ:
ԳՈՐԾ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ IV
Գնահատանքի դիտողագիր ուղարկիր լուռ քաջարի մարդկանց, որոնց քեզ վիճակվել է նկատել. ծնողներին, ուսուցիչներին, խանութպաններին, փողոցի հավաքարարներին, արվեստագետներին եւ այլոց:
Շարունակիր անել դա: Տես, թե ինչ է տեղի ունենում աշխարհի հետ:
ԳՈՐԾ ԶԱՆԳԻ
Մեկ ժամ շարունակ լսիր զանգի հնչյունները։
Նվազեցրու ձայնը պիանոյի՝
շարունակելով հնչեցնել այն գլխումդ։
Նվազեցրու ձայնը պիանիսիմոյի՝
շարունակելով հնչեցնել այն երազումդ։
Նվազեցրու ձայնը պոկո ա պոկո
տրոպպո պիանիսիմոյի՝ մոռանալով։
Փորձիր այլ հնչյուններ․
օր․՝ մոր ձայն,
երեխայի լաց,
ամուսնու ջղաձգումներ։
ԳՈՐԾ ԵՐԱԶԱՆՔԻ III
Շշնջա երազանքդ ամպին։ Խնդրիր ամպին, որ հիշի այն։
ԳՈՐԾ ՁԱՅՆԻ՝
ՍՈՊՐԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
Ճչա 1․ ընդդեմ քամու, 2․ ընդդեմ պատի, 3․ ընդդեմ երկնքի
ԳՈՐԾ ՔԱՄՈՒ
Փչիր գլխարկների ուղղությամբ՝ տարածելով դրանք ամբողջ քաղաքով մեկ։
ԳՈՐԾ ՁՅԱՆ
Մտածիր, որ ձյուն է գալիս։ Մտածիր, որ ձյունը գալիս է անդադար եւ ամենուր։ Երբ որեւէ մեկի հետ ես խոսում, մտածիր, որ ձյունը գալիս է ձեր միջեւ եւ այդ մարդու վրա։ Դադարիր զրուցել, երբ կարծում ես, որ ձյունը ծածկել է նրան։
ԳՈՐԾ ՊԱՐԻ VII
Նստիր նավակայանի մոտ։
Դիտիր, թե ինչպես են ծովաճայերը պարում։
Պարիր նրանց հետ մտքումդ։
Շարունակիր պարել, մինչեւ կզգաս, որ կարողանում ես լսել նրանց սրտազարկերը։
ԳՈՐԾ ԴԻՄԱԿԻ I
Դեմքիցդ մեծ դիմակ պատրաստիր։
Ամեն օր փայլեցրու դիմակը։
Առավոտյան դեմքիդ փոխարեն
դիմակը լվա։
Երբ որեւէ մեկը ցանկանա
համբուրել քեզ,
թող փոխարենը դիմակը համբուրի։
ԳՈՐԾ ԴԻՄԱԿԻ II
Դեմքիդ փոքր դիմակ պատրաստիր։
Թող այն քո փոխարեն գինի խմի։
ԳՈՐԾ ՊԱՀԱՐԱՆԻ II
Որեւէ հիշողություն տեղավորիր գլխիդ մի կեսում։
Անջատիր այն եւ մոռացիր։
Թող ուղեղի մյուս կեսը փափագի այն։
ԳՈՐԾ ՀԱՅԵԼՈՒ
Հայելի ձեռք բերելու փոխարեն
անձի ձեռք բեր։
Նայիր նրա մեջ։
Օգտագործիր տարբեր մարդկանց։
Տարեց, երիտասարդ, գեր, փոքր, եւ այլն։
ԳՈՐԾ ԱՄՊԻ
Երեւակայիր, որ ամպերը կաթկթում են։
Այգումդ փոս փորիր, որպեսզի
նրանց դրա մեջ դնես։
ԳՈՐԾ ՄԱՐՄՆԻ
Կանգնիր երեկոյան լույսի ներքո այնքան,
մինչեւ դառնաս թափանցիկ կամ մինչեւ քուն մտնես։
ԳՈՐԾ ՏՈՒՓԻ
Երազանքի բազմաթիվ տուփեր գնիր։
Խնդրիր կնոջդ, որ ընտրի մեկը։
Երազեք միասին։
ԳՈՐԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Վիրակապիր մարմնիդ ցանկացած մաս։
Եթե մարդիկ հարցնեն դրա մասին, պատմություն հորինիր
եւ պատմիր։
Եթե մարդիկ չհարցնեն դրա մասին,
հրավիրիր նրանց ուշադրությունը դրա վրա եւ պատմիր։
Եթե մարդիկ մոռանան դրա մասին, հիշեցրու
նրանց եւ շարունակիր պատմել։
Ուրիշ ոչնչի մասին մի խոսիր։
ԳՈՐԾ ՋՐԻ
Ջրի երեսից դույլով լուսին գողացիր։
Շարունակիր գողանալ այնքան, մինչեւ ոչ մի լուսին չերեւա ջրի վրա։
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Թարգմանությունն անգլերենից` Աիդա Հարությունյանի
Կարծիքներ