Թուրքերի հետ հարաբերություններ հաստատել՝ չի նշանակում հաշտվել

Թուրքերի հետ հարաբերություններ հաստատել՝ չի նշանակում հաշտվել

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ

- ՀՀ մի խումբ քաղաքացիներ Երեւանում բողոքի ակցիա էին իրականացնում, որպեսզի օր առաջ կարողանան արտագաղթել Հայաստանից, քանի որ, ինչպես իրենք են ասում, ուզում են «պայծառ ապագա» իրենց երեխաների համար։ Դուք՝ որպես հեղափոխական թիմում պատերազմից հետո հանգրվանած մարդ, պատգամավոր, ո՞նց եք գնահատում այս իրավիճակը, սա՞ էր հեղափոխականների խոստացած Հայաստանը, որտեղ մարդիկ մեկ օր ավել չեն ուզում ապրել եւ պատրաստ են բողոքի ակցիաներ անել։

- Ցանկացած պետության մեջ բողոքողը բողոքում է։ Ովքեր ուզում են գնալ ուրիշ երկրում ապրել, այդ հնարավորությունը միշտ էլ գտնում են, ի՞նչ է եղել։

- Հենց այնպես ուզում են հեռանա՞լ երկրից, գուցե այդպիսի մարդիկ լինեն, բայց չե՞ք կարծում, որ իշխանությունը Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ոմանք արդարացված են համարում արտագաղթը։

- Բոլորս էլ տեսնում ենք թերություններ, կլինեն դժգոհներ, կլինեն գոհ մարդիկ․․․ Օրինակ, նախորդ իշխանության ժամանակ մարդիկ, որոնք կարողացել են մեծ հնարավորություններ ունենալ եւ այսօր այդ հնարավորությունները չունեն, բնականաբար, ուզում են արտագաղթել, էդ մարդկանց ո՞նց ասես՝ ինչի՞ եք արտագաղթում։ Իրենք, հավանաբար, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում՝ իրենց գումարները տեղաբաշխելու։

- Դուք կարծում եք, որ նախկինների ժամանակ լավ ապրած մարդի՞կ են արտագաղթողները։

- Ես կարող եմ ենթադրել, որ հիմնականում նրանք են, որոնք նախկին իշխանության ժամանակ ավելի լավ հնարավորություններով, ավելի պաշտպանված քաղաքացիներ են եւ հիմա այդ միջոցները չեն ցանկանում նոր իշխանության պայմաններում ներդնել Հայաստանում։ Դա իրենց իրավունքն է։

- Ուզում եք ասել՝ Հայաստանում կյանքը հիասքա՞նչ է, ո՛չ գնաճ կա, ո՛չ անհավասարություն, մեր սահմանները պաշտպանված են, մենք չենք կարող մտածել, որ թուրքը մեզ մի օր կառեւանգի, ինչպես անում է Սյունիքում, Գեղարքունիքում։ Եթե այդպես նայենք՝ Դուք էլ նախկին իշխանության ժամանակ վատ չեք ապրել։

- Իհարկե, դժգոհ քաղաքացիներ կան, թանկացումներ էլ, բայց դրանք համաշխարհային մակարդակով են, տարբեր երկրներում էլ գնաճի դեմ ցույցեր կան, նույն Ղազախստանում էլ էր այդ պատճառով։ Կառավարությունը հնարավորինս պետք է մեղմի եւ թեթեւացնի սոցիալական խավի բեռը։ Ունեւոր հատվածի հարկերի հաշվին պետք է կարողանանք ապահովել սոցիալապես անապահով խմբերին։ Պետությունն իր պոզիտիվ քաղաքականությունը պիտի կատարի եւ կատարում է։

- Բայց Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ էր անում սեփական գլուխներում հաղթահարել աղքատությունը։

- Դա ասվել է հեղափոխության սկզբում, երբ տպավորություն կար, թե հասարակության մեջ մի զգալի հատվածը սովոր է անաշխատ եկամուտների։
Բայց պետք է նայել հնարավորությունների սահմաններին նաեւ, ամենահիմար իշխանությունը չի ուզենա, որ իր թոշակառուն ստանա 1000 դոլար թոշակ, բայց պետք է տեսնել՝ կա՞ այդ հնարավորությունը։

- Իշխանությունների համար անսպառ հնարավորություն միշտ կա, անգամ պատերազմից հետո, մյուսների համար չկա։ 

- Այո, համեմատության համար պատգամավորի վարձատրությունը բարձր է թոշակառուից, բայց բոլոր երկրներում կա այդ տարբերությունը, պատգամավորը պետք է այնքան աշխատի, որ թոշակառուն ստանա ոչ թե 100, այլ հազար դոլարին համարժեք դրամ։ Իսկ որպեսզի աշխատի, պետք է վճարենք։ Պրոֆեսիոնալները հաստատ առանց գումար չեն աշխատի, հայրենասիրությամբ որոշ մարդիկ կաշխատեն։

- Ուզում եք ասել՝ ձեր ֆրակցիայում պրոֆեսիոնալնե՞ր են։ Բա հեղափոխության սկզբում ինչո՞ւ էին խաբում մարդկանց, թե նվիրյալներ են, պատրաստ են անվճար աշխատել։

- Էդ աշխատավարձը նոր չի ձեւավորվել, չէ՞։

- Բայց այս իշխանությունը մի քանի անգամ պարգեւավճարները, պատգամավորների «ձեռքի փողն» ավելացրել է։

- Էլ պարգեւավճար չեն ստանում։

- Դուք անապահովության զգացում չունե՞ք, մենք անվտանգային խնդիրներ չունե՞նք, որ ասում եք՝ մենակ նախկինում լավ ապրածներն են գնում։

- Չի բացառվում, որ կլինեն մարդիկ, ովքեր կունենան Ձեր ասած զգացողությունը, պատերազմը դեռ չավարտված երկրներում նման խնդիրներ նկատվում են, իհարկե, ցավալի է, ողբերգություն է, որ հիմա էլ զինվորներ են մահանում։ Հիմա Ռուսաստանի հետ համատեղ աշխատում ենք, որ սահմանային այդ հարցերը հստակեցվեն, որ հայկական շահերը չոտնահարվեն։ Վարչապետն էլ ասաց, որ 41 կմ մխրճվել են հայկական սահման, ու ամեն ինչ պետք է անենք, որ նրանք դուրս վռնդվեն։ Արվո՞ւմ են հնարավոր քայլերը, չեմ կարող հստակ ասել, ես պաշտպանական ոլորտում չեմ, բայց ենթադրում եմ, որ չի կարող չարվել։

- Այս պայմաններում, երբ թշնամու զորքը ՀՀ տարածքում է, մեր զինվորներին սպանում են, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկխոսության հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին։

- Պետք է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որպեսզի թե՛ սահմանային հարցերը հնարավոր լինի լուծել, թե՛ տնտեսական։ Դա չի ենթադրում, որ մենք Թուրքիայի հետ բարեկամություն պետք է անենք։ Գիտեք, որ Եվրոպայի միակ փակ սահմանն է մնացել, եւ դա փակել է Թուրքիան, հիմա եթե միջազգային կառույցներն առաջարկում են երկխոսել, ինչո՞ւ չփորձել։ Բնականաբար, հայ մարդը չի կարող զայրույթ չունենալ թուրքերի նկատմամբ, բայց հարաբերություններ հաստատել՝ չի նշանակում հաշտվել։

- Ռիսկեր չե՞ք տեսնում, որ մեր դուռը բացում ենք մեզ կոտորողի առջեւ, նոր կոտորած չի՞ լինի։

- Մեր իմաստուններից շատերն ասում են՝ թշնամուն կողքդ պահիր։

- Ինչո՞ւ պահենք, եթե իրենք շարունակում են մեր զինվորներին սպանել, բայց խոսում են հարաբերություն հաստատելուց։

- 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ հարաբերություն չունենալը մեզ չի ազատում ագրեսիայից, հիմա դռները փակ էին, բայց չկոտորեցի՞ն։ Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քաղաքակիրթ հարաբերությունների։

- Իսկ մյուս կողմը պատրա՞ստ է, երբ խոսում են, որ Երեւանն ու Սեւանն իրենցն է, մերժում են ցեղասպանության փաստն ու շարունակում ագրեսիան։

- Ես՝ որպես անձ, որեւէ մեկին չեմ հավատում, բայց պետությունները պետք է հարաբերվեն իրար հետ։ Մենք ասել ենք՝ առանց նախապայմանների հարաբերությունների կողմ ենք, չեն համաձայնի, կհրաժարվենք գործընթացից։ Մենք երբեք չենք ուրանալու ո՛չ 44-օրյա զոհերի հիշատակը, ո՛չ ցեղասպանությունը, բայց, ինչպես գերմանացիների եւ հրեաների միջեւ հարաբերություն հաստատվեց, մենք էլ պետք է կարողանանք հաստատել հարաբերություններ։

- Որովհետեւ Գերմանիան միջազգային հանրությունից ներողություն խնդրեց, փոխհատուցում տվեց, իսկ Թուրքիան անգամ չի ընդունում, որ եղել է նման բան, դուք էլ ասում եք՝ եկեք դա մի կողմ թողնենք ու հարաբերվենք։

- Ես կարծում եմ, որ ինչ-որ մի պահի կխնդրի։ Եթե ասում ենք՝ պիտի խնդրի՝ նոր, ուրեմն կլինի նախապայման։