«Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում է բուհական համակարգը և հատկապես ԵՊՀ-ն։ Ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի հարցում իրենց նպատակին հասնելուց հետո իշխանություններն սկսել են գործի դնել ներքին ճնշման գործիքակազմը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն դասախոսները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ կամ օրվա իշխանությունների նկատմամբ, մեղմ ասած, լոյալ չեն, անուղղակի ճնշումների են ենթարկվում։ Բացարձակ հաշվի չեն առնվում դասախոսների պրոֆեսիոնալիզմն ու առարկային տիրապետելու փաստը, հատկապես ԵՊՀ ղեկավարության համար առաջնայինը բացառապես քաղաքական հայացքներն են։
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ԵՊՀ ղեկավար կազմը դեկանների հետ առանձին հանդիպումներ է ունեցել և փորձել ներկայացնել գլխավոր պահանջները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին աստիճանաբար իզոլացնելու կամ լիարժեք «կանտրոլի» տակ պահելու նպատակով։ Սակայն, կարծես, ամեն ինչ իշխանության ցանկությամբ չի ընթանում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի դեկաններ հայտարարել են, որ նման պահանջն անհեթեթություն է, դասախոսներն ազատ մարդիկ են, մտավորականներ, և հնարավոր չէ նրանց քաղաքական կամ հասարակական դիրքորոշում պարտադրել: Այս վիճակը զայրացրել է նաև դասախոսներին:
Մեր տեղեկություններով, դասախոսների զգալի մասը հայտարարել է, որ հավատարիմ են մնալու իրենց հայացքներին և չեն պատրաստվում անցնել իշխանությունների «թրի տակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ