Ոչ միայն ուսուցիչները, այլ նաեւ քաղաքացիները չգիտեն, թե ինչ է տալիս պատվաստումը

Ոչ միայն ուսուցիչները, այլ նաեւ քաղաքացիները չգիտեն, թե ինչ է տալիս պատվաստումը

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Հոկտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներում արդեն մեկնարկել են թեստավորումները։ Դպրոցների մեծ մասը կոլեկտիվ հայտեր է ներկայացրել տարբեր լաբորատորիաներ, որոնք ՊՇՌ թեստի համար որոշակի զեղչեր են արել՝ 8-11 հազար դրամ։

Ի դեպ, թե՛ պատվաստումից, թե՛ թեստավորումից հրաժարվող ուսուցիչներին ասվել է, որ տույժ ու տուգանք են կիրառելու, աշխատավարձից պահումներ են արվելու։ Ավելին՝ դպրոցները նախօրեին գրություն են ստացել վերադասից, որ կարգապահական խախտում է համարվելու նախարարի հրամանով սահմանված պահանջները չկատարելը։ 

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է՝ եթե թեստավորման պահանջը կա, ուրեմն ուսուցիչը պետք է թեստավորվի։ «Գուցե այդ ժամկետը երկարաձգել է պետք, ո՛չ 2 շաբաթը մեկ պայմանով, բայց նա պետք է թեստավորվի, որ տեսնի իր վիճակը, քանի որ այսօր վիրուսն իսկապես տարածված է, ու դա նախ իր եւ իր կոլեկտիվի համար է անհրաժեշտ։ Ես կարծում եմ՝ այդ ժամկետը կարելի է երկարացնել, նաեւ վճարի հարցը լուծել, որպեսզի դա լինի անվճար, եւ ուսուցիչներն անցնեն այդ թեստավորումը, մինչեւ պատվաստման խնդիրը լուծվի։ Որովհետեւ կան հղիներ, առողջական խնդիրներով մարդիկ, այդ բոլորը պետք է պարզաբանվի բժիշկների հետ, որպեսզի ինքը կարողանա այդ պատվաստումն անի։
Հետո՝ ուսուցիչն այն կատեգորիան է, այն հարկավոր դաշտն է, որ մենք պետք է նրանց հետ շատ զգույշ լինենք, եւ ոչ թե դրա պատճառով ուսուցիչն ազատվի աշխատանքից կամ անհարկի նկատողություն ստանա»,- ասում է զրուցակիցս։

Նարինե Հովհաննիսյանի դիտարկմամբ, եթե թեստավորումն անվճար լինի եւ ոչ 2 շաբաթը մեկ, այլ ամիսը մեկ անգամ, գուցե այդ ժամկետի մեջ ուսուցիչը կարողանա կողմնորոշվել եւ գնա պատվաստման։ «Կարծում եմ՝ առողջապահության նախարարությունն այստեղ խնդիր ունի ավելի ճիշտ պարզաբանումներ անելու, որովհետեւ այսօր ոչ միայն ուսուցիչները, այլ նաեւ սովորական քաղաքացիները չգիտեն, թե ինչ է տալիս այդ պատվաստումը։ Մի մասն ասում է՝ պատվաստվում ես, բայց վարակվում ես, մի մասը՝ այլ բան․․․, տարբեր կարծիքներ կան, եւ դրա համար պետք է խոսել, քննարկել, համոզել»,- ասում է հանրակրթության վարչության նախկին պետը։   

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի կարծիքով էլ, այսօր ամբողջ աշխարհում է մարդու առողջության, անվտանգության խնդիրը դրված։

«Չմասնավորեցնենք իքս դպրոց, իգրեկ պետություն, զեթ նախարարություն, ես կողմ չեմ այդ ամենը քաղաքականացնելուն եւ մասնավոր դեպքեր քննարկելուն։ Օրինակ, իմ կոլեկտիվում, որտեղ ես հիմնադիր եմ, 60 տոկոսը պատվաստվել է, մնացածն էլ թեստավորվելու է։ Յուրաքանչյուր մարդ թող ինքը որոշի իր անելիքը, ես ո՛չ սպառնալիք եմ լսել, ո՛չ պարտադրանք։ Կոնկրետ մենք՝ բոլորս, ամսի 1-ին թեստավորվելու ենք, 14 օր հետո 2-րդ անգամ կթեստավորվենք, մնացածն էլ կպատվաստվեն։ Ես այստեղ որեւէ սպառնալիքի մասին չեմ ուզում խոսել եւ այդ բառն անտեղի եմ համարում։ Աշխատանքային օրենսգրքով որեւէ կետ չկա, որ առաջնորդվենք այդ կետով եւ մարդուն աշխատանքից զրկենք, դրա իրավունքը որեւէ մեկս չունենք, մենք պետք է հարգենք մեր օրենքներն ու խելացի մոտենանք այս հարցին,- ասում է Գ․ Սողոմոնյանն ու հավելում, որ պատրաստ է այս հարցով տարբեր քննարկումների մասնակցել։- Սա այնպիսի հիվանդություն է, որ մինչեւ հիմա լիարժեք բացահայտված չէ, եւ այս պահին տարբեր մոտեցումներ ու կարծիքներ կան»։

Ինչ վերաբերում է այս խնդրի սոցիալական բաղադրիչին, ապա Գայանե Սողոմոնյանին դեռ ոչ ոք ֆինանսի պատճառով չի գանգատվել, որ «նեղվում է»․ «Այս պահին իրենց մեջ անհանգստություն կա չհիվանդանալու, կոնկրետ այս մասին եմ ես լսում իրենցից։ Այս պահին որեւէ մեկը գրագետ, վերջնական կարծիք չի հայտնում, որ մենք էլ այդ կարծիքն ընդունենք կամ չընդունենք։ Սա այնպիսի մի շրջան է, որտեղ պետք է լինեն տարբեր կարծիքներ ու մոտեցումներ, ամեն մարդ ինքն է որոշում, ես ուրիշի փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք չունեմ։ Ինձ համար դեռ շատ հարցականներ կան, եւ ես դեռ հետազոտում եմ, կարդում եմ, ու եթե կա մեկը, ով կարող է հստակ բան ասել, ես շատ կազարմանամ։ Պետք է ուղղակի հավասարակշռված վերաբերվել այս հարցին՝ անտեղի չոգեւորվել կամ անտեղի չբողոքել։ Սա առողջության անվտանգության խնդիր է»։

Չնայած վտանգի գիտակցմանը, Գ․ Սողոմոնյանը չի պատվաստվել, դեռ մտածում է, բայց պատրաստվում է հանձնել ՊՇՌ թեստ․ «Ես էլ եմ ուզում հասկանալ՝ այսպես ուր ենք գնում, կարող է որոշում կայացնեմ, կարող է՝ ոչ, դեռ չեմ կարող հստակ ասել, որովհետեւ ինքս էլ անհանգիստ եմ եւ ուսումնասիրում եմ։ Առողջապահության նախարարի ելույթները պարտադիր լսում եմ ու ունեմ տարբեր կարծիքներ այդ ելույթների մասին, որովհետեւ ձեզ թվում է, թե ինքն ամեն ինչ անգիր գիտի՞ կամ ինչ ասում է՝ հավատո՞ւմ է իր ասածներին։ Նա էլ է մարդ, անընդհատ ուսումնասիրում է, տարբեր տեղերից ինֆորմացիա վերցնում։ Այնպես որ՝ չկա մոլորակի վրա մարդ, որ կարող է քովիդի ՝ կրկնավարակների, պատվաստումների մասին հստակ կարծիք հայտնել»։