Ազգային ջոջեր

Ազգային ջոջեր

Եթե յոթերորդ գումարման խորհրդարանը, ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիպուկ բնութագրմամբ, պատմության մեջ կմնա իբրեւ Արցախը հանձնած խորհրդարան, ապա ի՞նչ ասել ութերորդ գումարման խորհրդարանի մասին։ «Իմ քայլից» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վերափոխված, բացարձակ մեծամասնությունը պահպանած, գործելաոճը վերանայելու փոխարեն այն ավելի կոշտացրած, բայց պատասխանատվությունն իսպառ լղոզած օրենսդիր իշխանությանն ի՞նչ անուն տաս։

Հայ քաղաքական երգիծանքի երկու մեծերը՝ Հակոբ Պարոնյանն ու Երվանդ Օտյանը, ժամանակին ուրվագծել են հայ ազգային գործիչների երգիծական դիմապատկերները։ Պարոնյանը, օրինակ, «Ազգային ջոջեր» կոթողային շարքում իրեն բնորոշ բարձրարվեստ սրախոսությամբ ծաղրել է 19-րդ դարի երկրորդ կեսի մեր գրական եւ լրագրողական հանրույթի մեծերին՝ Գրիգոր Արծրունուն, Ծերենցին, Խորեն Գալֆայանին եւ այլոց։

Շատ ավելի ուշագրավ է Երվանդ Օտյանի «Մեր երեսփոխանները» երկը։ Այն արեւմտահայ ազգային կյանքի զավեշտական պատկերաշարն է, որում ներկայացված են Պոլսո Հայոց Ազգային ժողովի պատգամավորները։ Այդ շարքում էլ կան երեւելի անուններ՝ Վահան Թեքեյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Գրիգոր Զոհրապ եւ շատ այլ հանրածանոթ անձինք։
Դժվար է պատկերացնել, թե մի պահ մեր օրերում հայտնվելով եւ ներկայիս խորհրդարանի կազմն ու քննարկումները տեսնելով՝ քաղաքական երգիծանքի ինչ նոր նշաձող կսահմանեին Պարոնյանն ու Օտյանը։ Բայց ակնհայտ է, որ ծիծաղ շարժելու փոխարեն՝ «ազգային ջոջերի» կամ «մեր երեսփոխանների» ներկայիս շարքն ավելի շատ տխուր, նույնիսկ ողբերգական ընդհանրացումների կբերեր։

Ի վերջո, ի դեմս երեսփոխանների՝ ընտրողները նրանց մարդկային ու մասնագիտական լավագույն որակներն են ուզում տեսնել խորհրդարանում։ Մինչդեռ այս խորհրդարանն ակնհայտորեն ցուցանում է, թե ինչպիսին չպետք է լինի ներկայացուցչական մանդատով մարմինը։
Ութերորդ գումարման ԱԺ-ում բարոյականության մարմնավորումը, թերեւս, որեւէ քաղաքական անցյալ չունեցող, շոուբիզնեսային-պրոդյուսինգային կարիերայով հայտնի դարձած, Փաշինյանին քծնելու հարցում անգերազանցելի Ալեն Սիմոնյանն է։ Հանդուրժողականության մարմնացումը լրագրողի վրա հարձակված, բայց այդպես էլ պատասխանատվություն չկրած Հակոբ Արշակյանն է, իսկ քաղաքական հասունության խորհրդանիշը՝ ԵԽԽՎ-ում կողմ եւ դեմ քվեները չտարբերող Ռուբեն Ռուբինյանը։ Այս երեք արժանավորներն են, փաստորեն, ԱԺ նախագահությունը։

Ինտելեկտի մարմնացումը, թերեւս, անգամ պարզ միտքը մի կերպ ձեւակերպող Լենա Նազարյանն է, իսկ սկզբունքայնության խորհրդանիշը՝ երեք կուսակցություն փոխած, ճիշտ ժամանակին արագորեն կողմնորոշված պատեհապաշտ Հայկ Կոնջորյանը, որը Փաշինյանին շողոքորթելու արդյունքում շռայլորեն պարգեւատրվեց՝ խմբակցության ղեկավարի պաշտոնի տեսքով։
Այս խորհրդարանի բարեվարքության մարմնավորումը ոչ թե պատգամավորին, այլ նույնիսկ պարզ քաղաքացուն անհարիր, սանձարձակ եւ լկտի պահվածքով հայտնի Հայկ Սարգսյանն է՝ Շիշ բռնողը։

ծՊետականասիրության խորհրդանիշն այս ԱԺ-ում թուրքերի եւ թուրքականի հանդեպ առանձնակի թուլություն ունեցող, Թուրքիան որպես բարեկամ երկիր ներկայացնող Մարիա Կարապետյանն է։
Ողջախոհությունը մարմնավորող երեսփոխանի թեկնածուները ՔՊ խմբակցությունում, ճիշտ է, շատ են, բայց հաղթողի դափնիներն անվիճելիորեն պատկանում են անհեթեթ մտքերի տիրակալ Հովիկ Աղազարյանին։ Հավատարմության խորհրդանիշը երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն է, իսկ ինքնուրույնությանը՝ երկրի թիվ մեկ աներձագը՝ պարզապես բախտավոր աստղի տակ ծնված Հրաչ Հակոբյանը։

Վերլուծական մտքի դափնին պետք է մատուցել Սահմանադրությունը բազմիցս փորձության ենթարկած, բայց այդպես էլ իրավաբանական տարրական գիտելիքներ չստացած Վահագն Հովակիմյանին։ Ի վերջո՝ ՔՊ-ի տղամարդկության խորհրդանիշը կին լրագրողների նկատմամբ իր վարքով հայտնի Անդրանիկ Քոչարյանն է։ Սա է մեր «ազգային ջոջերի» կամ «մեր երեսփոխանների» ոչ լրիվ կազմը։

Դավիթ Սարգսյան