Հայ ժողովուրդ, նայիր Նիկոլին եւ տես քեզ՝ նրան դու ես ընտրել

Հայ ժողովուրդ, նայիր Նիկոլին եւ տես քեզ՝ նրան դու ես ընտրել

«Կամերան հլը էն կողմ տար: Ասել եմ՝ դրանց սաղին բռնելու ենք շինենք»: Սա ասում է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, կարեւոր չէ՝ այս պահին պաշտոնակատար է, թե արձակուրդում է գտնվում: Սա երկրի ղեկավարի խոսք է: Սրան 70 տոկոսից ավելի ձայն է տվել այս երկիրը երկու տարի առաջ: Սրա այս արտահայտությունը լսողները ծափահարում են այսօր: Նույն երկիրն է, նույն ժողովուրդը: Սա հավակնում է 60 տոկոս ձայնով վերընտրվել վարչապետի պաշտոնում: 

Սրա հետեւից դեռ գնացողներ կան, ծափահարողներ, գրկող ու համբուրողներ, ոտքերի տակ գառ մատաղողներ: Սա է մեր ընտրյալը, եւ այսպիսին ենք մենք: Որեւէ մեկս չարդարանա. մեր երկրի ընտրված ղեկավարը մենք ենք: Որոշեք, աշխարհի երկրների շարքում տեղ ունե՞նք, թե՞ ոչ: Աշխարհի ժողովուրդների շարքում ներկայանալի՞ ենք, թե՞ ոչ: Մե՞նք ենք բարձր, թե՞ մեր թշնամին: Մե՞նք ենք ծիծաղելի, թե՞ մեր թշնամին: Գտեք մի թուրք ղեկավար, որն իր երկրի ներսում իր հայրենակիցների նկատմամբ նման արտահայտություն թույլ տված լինի իրեն:  

Այդ նույն ժամանակահատվածում թուրքը դարձյալ գերի է տանում մեր զինվորին: Թուրքը սահմանից մտել է ներս եւ «բռնաբարում» է: Մենք սահմանի ներսում բռնաբարում ենք մեզ: Իր երկրի քաղաքացիներին բռնաբարելու սպառնալիք է հնչեցնում երկրի ղեկավարը եւ արժանանում ծափերի: Ծափահարողներն իրենց տեսնում են բռնաբարողների շարքում. ոգեւորված են, որ բռնաբարելու են իրենց հայրենակիցներին, ամեն մեկն իր հարեւանին, իր բարեկամին: Այդպես ենք հավասարակշռություն ստեղծում՝ ի պատասխան թշնամուն: Թշնամուց ծեծ ուտելուց հետո շրջվում ենք եւ մեկմեկու խոշտանգում: Իրար նկատմամբ անում ենք այն, ինչ չենք կարողացել անել թշնամու նկատմամբ:     

Նիկոլին մենք ենք ծնել, սնել եւ փայփայում ենք: Մեզ բռնաբարել սպառնացող Նիկոլը մեր ընտրյալն է, սա ենք մենք:

Այս փայփայելին ասում է, որ բռով կոնֆետ էին շպրտում զորանոցում, եւ զինվորները խլխլում էին գետնին ցրված կոնֆետները: Սա ասում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ իր բանակի մասին: Ստորագույն վերաբերմունք է, հետին արհամարհանք՝ հասցեագրված հայ զինվորին: Հավատացեք, որ թուրքն այդ աստիճանի նվաստացնող արտահայտություն չէր անի մեր բանակի հասցեին, որովհետեւ թուրքը զինվոր հարգել գիտի:

Սրա թիմակիցը «իդիոտկա» է ասում նրան, ով անհանգստանում է պատերազմում զոհված տղաների աճյունների նկատմամբ ցուցաբերված զազրելի վերաբերմունքի համար: Այդ որակումը տալիս է ԱԺ փոխխոսնակ Լ. Նազարյանը՝ իշխող խմբակցության ներկայացուցիչը: «Իդիոտկա» է ասում «Իմ քայլը», կառավարության ամեն մի անդամ` իրենց պարագլխով հանդերձ, բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են զոհված տղաների հիշատակն անարգող սրբապղծության մասին: Այդ «իդիոտկան» միայն Լ. Նազարյանի շուրթերի չափով չէ, սա մեր երկրի իշխանության բացվող ու փակվող բերանի լայնությամբ է ու երկարությամբ: 

Սրանց մենք ենք քվե ու մանդատ տվել՝ բացարձակ մեծամասնությամբ: Սրանք մեր դեմքն են, մեր հոգեկերտվածքի արտացոլանքը, մեր իդեալը. մենք ենք: 
Հայ ժողովուրդ, նայիր Նիկոլին եւ տես քեզ. սրան դու ես ընտրել:
 

Հուսիկ Արա