«Սպիտակի» ու «սևի» հանրաքվեի գնալը դուխով ինքնասպանություն է՝ չուք-չաք, չարաք-չաք

«Սպիտակի» ու «սևի» հանրաքվեի գնալը դուխով ինքնասպանություն է՝ չուք-չաք, չարաք-չաք

Հանրաքվեն, ինչի մասին մի քանի օր շարունակ տաքացած խոսում էր ԱԺ-ում հավաքված 89 չափահաս մարդ (ներառյալ վարչապետ Փաշինյանը), ըստ երեւույթին՝ տեղի կունենա ապրիլի 5-ին: Ինչո՞ւ «ըստ երեւույթին», որովհետեւ այդ 89 չափահաս մարդիկ (Նիկոլ Փաշինյանն էլ՝ նրանց հետ) կարծես փոշմանել են արածների համար, որովհետեւ դրա արդյունքը, մեղմ ասած, Վենետիկ ուղարկելու բան չէ, իսկ առանց Վենետիկ ուղարկելու էլ կարող է փորձանք դառնալ գլխներին: Իսկ ապրիլի 5-ին, որովհետեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ընդառաջ գնալով Նիկոլ Փաշինյանի շտապողականությանը, ընտրել է օրենքին չհակասող հնարավոր ամենամոտ ամսաթիվը:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ուրախացել սույն փաստից: Իմքայլական իշխանության «քաջագործությունից», սակայն, ուրախ էր նաեւ ընդդիմությունը, այդ բառի գունավոր, այն է՝ «սեւերի» իմաստով: Այս ճամբարում վստահ են, որ Փաշինյանը կձախողի հանրաքվեն՝ ինչպես իր բոլոր գործերը, եւ այդ միջոցառման շնորհիվ վերջապես հստակ պատկերացում կկազմի սեփական վարկանիշի անկման իրական չափերի մասին:

Որ մինչեւ ապրիլի 5-ը թեժ է լինելու, երկու կարծիք, թվում է՝ չկա: Հայ ենք, չէ՞, հախուռն բնավորությամբ, տաք գլխով, կեսս՝ սեւ, կեսս՝ սպիտակ, դեռ կարգին չհասկացած՝ ինչ է կատարվում փողոցում, եղաններն առած՝ դուրս ենք թափվում… 21-րդ դարում «դուրս» ասվածն էլ հո Ֆեյսբուքն է: Այստեղ, «Այո»-ի ու «Ոչ»-ի շտաբները չբացված, օգտատերերն արդեն իրենց շտաբներն են բացել, պլակատներ են ֆռռացնում, քֆուր-քյաֆար անում միմյանց, սպառնում, ընկերների ցանկից հեռացնում բոլոր կասկածելիներին… Այսպես լինելու է մինչեւ ապրիլի 5-ը եւ, ինչու ոչ, նաեւ ապրիլի 5-ից հետո, որովհետեւ հանրաքվեի արդյունքները, թե՛ «այո»-ի եւ թե՛ «ոչ»-ի հաղթանակի դեպքում, հավատ չեն ներշնչելու այս կամ այն կողմին: Պարոն Փաշինյան, բա քեզ պե՞տք էր:

Այս հակամարտության ֆոնին, դիցուք, ինձ մտահոգում է հատկապես «այո»-ի հաղթանակը, որի հետեւանքները կարող են անդառնալի վնաս հասցնել հայաստանյան ժողովրդավարությանը: Բանն այն է, որ «ոչ»-ի ճամբարի մեր հայրենակիցները, այսպես ասած՝ «սեւերը», պարտվելու պարագայում հանրաքվեի արդյունքները բողոքարկելու ատյան չեն ունենալու: Բա ամոթ չէ՞ ժողովրդավարության միջազգային սանդղակներում անընդհատ վեր մագլցող մեր երկրին:
Երեկ Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթը հոդված էր տեղադրել՝ «Դեռեւս չմեկնարկած քարոզարշավի հիմնական հարցը» վերնագրով: Ոչ կարդայի, բայց որ կարդացել եմ, ասեմ, որ հեղինակը, կարծես, Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ այսպիսի կտրուկ նախադասություն միայն նա կարող էր գրել. «Խնդրի վերաբերյալ հանրության մեծամասնության կարծիքը հայտնի է. նախկին կոռումպացված համակարգի «վերջին բաստիոնը» պիտի չլինի եւ վերջ»: Երեւի ռազմախից դուք էլ գլխի ընկաք, որ սա Փաշինյանի «զարկածն» էր, այնպես չէ՞։ Բայց, ցավոք սրտի, սա «այո»-ի օգտին եղած միակ նախադասությունն էր այս հոդվածում: Մնացած հոդվածը, կարելի է ասել, առաջիկա քարոզարշավում ընդդիմության ունեցած բարենպաստ դիրքերի եւ իշխանության դժվարությունների մասին է:

«Հոդվածագիրը» վստահ է, որ ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանրաքվեի քարոզարշավն աննախադեպ է լինելու քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների եւ ագրեսիվ հռետորաբանության առումով: «Ընդ որում,- գրում է հեղինակը,- նախաձեռնողը լինելու է «ընդդիմադիր բեւեռը», որը հանրաքվեին մոտենում է ավելի շահեկան դիրքերից»: Ինչպես տեսնում եք, երկար տարիներ «ընդդիմություն» աշխատած Փաշինյանը լավ էլ գիտի, որ «քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաներն» ու «ագրեսիվ հռետորաբանությունը» ընդդիմության զինանոցի տարրեր են: Սակայն նա հաշվի չի առել այն իրողությունը, որ ընդդիմադիր քաղաքական հանրությունն ու ողջ հասարակությունը, գոնե վերջին 2 տարում, ականատես են բացառապես իշխանությունների գործադրած կեղտոտ տեխնոլոգիաներին եւ ագրեսիվ հռետորաբանությանը: Կեղտոտ տեխնոլոգիա չէ՞, արդյոք, շանտաժով ցուցմունք կորզելը, մարդու վրա մտացածին քրգործ հարուցելը, հանրությանը սեւերի եւ սպիտակների բաժանելը, սեփական անճարակությունը ճոխ թվերի հետեւում թաքցնելը, առանց որեւէ բացատրության սեփական խոսնակին վռնդելը, թե՝ տեսեք-տեսեք: Իսկ գուցե ագրեսիվ հռետորաբանությունից շա՞տ հեռու են «ասֆալտին կփռեմ», «պատերին կծեփեմ», «թաթիկները կկտրեմ», «ծնոտին կհասցնեմ» արտահայտությունները:

Կարճ ասած՝ առաջիկա քարոզարշավում ընդդիմության հնարավոր պահվածքին տված Ձեր առաջին իսկ գնահատականը, պարոն Փաշինյան, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նաեւ բացատրեք, խնդրեմ, թե ինչ է նշանակում Ձեր հետեւյալ միտքը. «Հանրաքվեն նախկինների համար համախմբվելու լեգիտիմ առիթ է, ինչից նրանք պարզապես զրկված էին»: Ինձ թվում է՝ մարդու իրավունքների պաշտպաններն այս նախադասության համար կարող են այնպես բռնել Ձեր մի տեղից, որ «խաբարը» Երեւանից հասնի Իջեւան: Լսե՞լ եք երբեւէ, որ նախկիններն ընդդիմության որեւէ, թեկուզ անառիթ, համախմբում անվանեին ոչ լեգիտիմ: Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժը հայտարարեր, որ, օրինակ, «հրաշալի եռյակի» առիթը լեգիտիմ չէ, կամ էլ՝ Փաշինյանի սկսած քայլարշավի համար լեգիտիմ առիթ չկա: Ահա եւ խորհուրդս, պարոն Փաշինյան՝ բարձր կաբինետից քաղաքական հոդված գրելիս պետք է պահպանել «տեխնիկայի անվտանգության կանոնները»:

Գնանք առաջ: Խնդրո առարկա հոդվածում քիչ է ասել, որ կրկին վեր է հանվել «նախկիններին ծախված լրատվամիջոցների» հարցը եւ այն դիտարկվել որպես «Այո»-ի շտաբի «դժբախտություններից» թերեւս ամենակարեւորը: Ըմբոշխնեք, խնդրեմ մի հատված․ «…որեւէ քվեարկության արդյունք մեծապես կախված է քարոզչությունից, իսկ քարոզչամիջոցների 90 տոկոսն այսօր սպասարկում է նախկիններին կամ՝ իբր նրանց հետ կապ չունեցող, բայց գործող իշխանությունների դեմ կատաղի պայքար մղողներին»: Մի անհամեստ հարց կարելի՞ է. բա եթե այդքանը հասկանում եք, պարոն վարչապետ, ինչո՞ւ էիք համերգասրահից լայվ մտել ու չտարած, չտեսած հաղթանակն ավետում էիք ժողովրդին:

«Այո»-ի ճամբարը, սա նույնպես պարզեցինք հոդվածից, փորձում է հասկանալ, թե քարոզարշավի ժամանակ իր առջեւ ինչ խնդիր է դնելու ընդդիմադիր բեւեռը: Պարզվում է՝ երկար փիքր անելուց հետո եկել են այն եզրակացության, որ «Ոչ»-ի շտաբը չի հայտարարելու, որ իր նպատակը նախկինների «վերջին բաստիոնը» (իմա՝ ՍԴ-ն, Էդ. Ա.) պահպանելն է: «Նրանք պիտի ձեւացնեն, թե պայքարում են հանուն օրինականության եւ սահմանադրականության, եւ դրա համար մարդիկ պետք է «ոչ» ասեն»: «Ձեւացնել» բառի հետ համաձայն չեմ, բայց ասեմ, որ այս նախադասությունը, թերեւս, ամենամոտն է ճշմարտությանը, քանի որ, իսկապես, սա լինելու է հանրաքվե հանուն օրինականության եւ սահմանադրականության, որովհետեւ իշխանություններն այնպես են ոտնահարել Սահմանադրությունը, որ կհայտնվեն դատարանում, եթե հետողորմյա չանեն վերջին 10-օրյակի իրենց «խիզախումները»:

Այս օրերին քիչ չեն հանրաքվեն ուղղակի բոյկոտելու կոչերը: Բոյկոտն այս դեպքում հավասարազոր է ոչ այնքան «ոչ»-ի հաղթանակին, որքան Փաշինյանի խայտառակվելուն: Ամեն դեպքում՝ տհաճ բան է, բայց սա այն բոյկոտը չէ, որ ասես՝ ընդդիմությունը խուսափեց քաղաքական պայքարից: Մեջտեղում մեծ հաշվով քաղաքականություն էլ չկա, որովհետեւ հայրենի իշխանությունները, եթե ուրիշ բան էլ չասենք, 6-7 պաշտոնյայի գործից ազատելը դարձրել են հոռոմի էնիքը՝ համապետական հանրաքվեի հարց: «Հրապարակը» լավ էր բնորոշել՝ ասես ծանր տեխնիկայից համազարկ տաս ճնճղուկների երամի վրա: Երամն էլ երա՞մ լինի՝ 6-7 դատավոր, որոնք չեն ցանկանում օրենքից դուրս քայլ անել: Որ բոյկոտը կարող է խնդիր լուծել, ընդունում է նաեւ խնդրո առարկա հոդվածի «հեղինակը», երբ գրում է. «Մոտ 650 հազար «այո» ապահովելն իսկապես բարդ է լինելու, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ ահռելի ֆինանսական միջոցներ են ներդնում նախկինները դա խափանելու (հանրաքվեն բոյկոտելու, Էդ. Ա.) համար»:  Այստեղ են ասել՝ վայ, մամա ջան, էս ո՞ւր եմ ընկել… Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ հանրաքվեն բոյկոտելու, այլ խոսքով՝ ՍԴ 6-7 դատավորի աշխատանքի խնդիր լուծելու համար նախկինները «ֆինանսական ահռելի միջոցներ են ներդնում», եւ հանգիստ նստել է տե՞ղը: Ում պատմես, չի հավատա: Բա ինչո՞ւ չի բռնում այդ փողատերերին, չի հետաքրքրվում, թե որտեղից այդ միջոցները…

Փաշինյանի մի անհանգստությունն էլ այն է, որ ընդդիմադիրներն արդեն այսօր հայտարարում են, որ հանրաքվեի արդյունքները կեղծվելու են: Այո, սա հատուկ է բոլոր ժամանակների ընդդիմություններին: Փաշինյանն այդ դպրոցն էլ է անցել: Բայց դա չէ հիմա կարեւորը: Բանն այն է, որ 650 հազար «այո» ապահովելն իսկապես անիրական է, եւ «այո»-ի հաղթանակի դեպքում առաջին իսկ կասկածն այն է լինելու, որ արդյունքը կեղծվել է: Իսկ ո՞վ է կեղծել… Բնականաբար՝ Մուկուչյանը: Հարցը, փաստորեն, ավելի լուրջ է: ԿԸՀ բազմամյա առաջնորդ Տիգրան Մուկուչյանը, որն ըստ Նիկոլ Փաշինյանի, նույնիսկ ԱՄՆ նախագահի ընտրություններում է հաջողացրել Սերժ Սարգսյանի հաղթանակը, այսօր մեր իշխանության սրտի ԿԸՀ նախագահն է:
Ի՞նչ անել, գուցե իսկապես պետք է հրաժարվե՞լ հանրաքվեի գաղափարից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դրա ձեւը կգտնի, անշուշտ, բայց իմքայլական մանկապարտեզը հանձնվելու միտք, կարծես, չունի եւ որոշել է դուխով գնալ մինչեւ վերջ: Այդ մասին ահա թե ինչ է ասում «ՀԺ»-ի հոդվածագիրը. «Իշխող քաղաքական ուժն իր առջեւ բոլորովին այլ խնդիր պիտի դնի: Պիտի կարողանա հանրությանը բացատրել, որ սա ընդամենը Սահմանադրական դատարանի խնդիր չէ, սա թավշյա հեղափոխության աջակցության խնդիր է, հետեւաբար, հանրաքվեն պիտի ընկալել ճիշտ այնպես, ինչպես կընկալեին, ասենք, խորհրդարանական (հետեւաբար՝ նաեւ երկրի առաջին դեմքի) ընտրությունները»: Այսինքն ի՞նչ,  ապրիլի 5-ին հանրաքվեի գնանք «Նիկոլ՝ վարչապետ», մյուս կողմն էլ՝ «Ոչ Նիկոլ վարչապետին» կարգախոսո՞վ: Ոչինչ չեմ հասկանում:

ՀԳ. Մեքենավար Փաշինյանին տեղեկացրեք, խնդրում եմ, որ Հայաստանում վաղուց գնացքից թռչելու ժամանակներ են սկսվել: Պողոսների մի մասն արդեն լքել է «տավառնի» վագոնները, ովքեր էլ «պլացկարտում» ոտքի վրա էին, «СВ» վագոնների խրախճանքից անտեղյակ, խռնվել են դռների մոտ, որ առաջիկա կայարանում իջնեն: Այս հետույքով «սպիտակի» ու «սեւի» հանրաքվեի գնալը, մեղմ ասած, դուխով ինքնասպանություն է, մոտավորապես՝ չուք-չաք, չարաք-չաք…