Գեորգի Վանյան. Խաղաղության աննկուն մարտիկը, որը կարճ ու դժվարին կյանք ապրեց 

Գեորգի Վանյան. Խաղաղության աննկուն մարտիկը, որը կարճ ու դժվարին կյանք ապրեց 

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում 58 տարեկանում միայնության մեջ իր մահկանացուն կնքեց Գեորգի Վանյանը։ Նա Հայաստանում պոպուլյար և հասկացված կերպար չէր։ Գեորգի Վանյանին չէին ընդունում ազգայնականները, չէին ընդունում ոչմիթիզհողականները, չէր ընդունում քուռ-արաքսյան մտավորականների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների մեծամասնությունը։ Նրան քարկոծում էին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու և ադրբեջանցի հեղինակի գործը «Թեքալի տրանզիտ» գրքում տպագրելու համար։ 

Նրան հայհոյում ու ծաղրում էին տարածաշրջանում 3 հարևանների՝ հայերի, ադրբեջանցիների ու վրացիների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու, ապա խաղաղության մեջ ապրելու իր երազանքի համար, որի մոդելը Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հատման կետում գտնվող ինտերնացիոնալ գյուղն էր`Թեքալին, որտեղ հայերը, ադրբեջանցիները և վրացիները խաղաղ գոյակցում են, որտեղ Վանյանը տարիներ շարունակ խաղաղասիրական ծրագիր էր իրականացնում` հույսով, որ խաղաղության քարոզն իր արդյունքը կտա եւ մարդիկ կհրաժարվեն պատերազմով հարցերը լուծելու մտադրությունից ու կնստեն մի սեղանի շուրջ` իրենց տարաձայնությունները քննարկելու եւ լուծելու համար։

Նրան, բնականաբար, չէր ներվելու համընդհանուր ազգայնական մթնոլորտից տարբերվող կարծիքը, որ հայաստանցին չի շահում հարևաններին, ինչ-որ տեղ նաեւ ամբողջ աշխարհին հակադրվելուց, ընտրյալ լինելու սևեռուն մտայնությունից, փոքր ներուժով մեծ նկրտումներ ունենալուց։ Իսկ ռազմական ճանապարհով հարցերի լուծումն ուղղակի փակուղի է, որովհետեւ աղքատ տնտեսությամբ չես կարող պատերազմել ժամանակակից ռազմական ներուժ ունեցողների դեմ:

Գեորգի Վանյանն իր խաղաղարար առաքելությունն իրականացնելուն նվիրել էր կյանքի վերջին 25 տարիները, գնացել Վրաստան ու Ադրբեջան, այստեղ ընդունել և հյուրընկալել իր պես մտածող վրացիներին ու ադրբեջանցիներին։ Նա առճակատման մեջ էր տարբեր մարդկանց ու կառույցների հետ: Այդ ընթացքում ոչ միայն անպատմելի ճնշումների էր ենթարկվել, այլեւ կորցրել ընտանիքը, օտարվել վաղեմի ընկերներից, իսկ 2015-ին հեռացել էր նաեւ Երեւանից`բնակություն էր հաստատել Իջեւանի սահմանամերձ ադրբեջանական Մազան գյուղի հարեւանությամբ գտնվող Ներքին Ծաղկավան գյուղում: Թվում էր` միջազգային կառույցները, որոնք այսօր մեծ քիրով խրախուսում են Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական ձեռնարկները, պետք է դեռ տարիներ առաջ հովանավորեին Գեւորգի Վանյանի գործունեությունը, սակայն նրան անսպասելիորեն զրկել էին ֆինանսավորումից եւ նա հայտնվել էր կարիքի մեջ: Մի քանի տարում գյուղի խարխուլ տունն իր ուժերով նորոգել էր եւ տաքսի էր վարում` Երեւան-Թբիլիսի: Տաքսին էլ անվանել էր «Խաղաղության տաքսի»: Բայց կապերն ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ պահպանել էր: 

«44-օրյա պատերազմից առնվազն մի 10-15 տարի առաջ ինքն այս մասին խոսում էր։ Ասում էր՝ գալու է մի ժամանակ, որ հայելակերպ ստատուս քվո է հաստատվելու` երբ նրանք դառնան այդ «հաղթանակի» կրողները: Ասում էր, որ պարտվել ենք թե՛ նրանք, թե՛ մենք» ,- «Հրապարակ» -ին ասաց Գեորգի Վանյանի ընկերը` Գարսևան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գեորգի Վանյանը նույնկերպ էր մտածում նաև 44-օրյա պատերազմից հետո։

Վիրավորվա՞ծ էր Գեորգի Վանյանը։ Գարսն ասաց․ «Ոչ, ինչի՞ց վիրավորվեր։ Շատերն իրեն վիրավորում էին, փորձում իր գործունեության վրա ցեխ նետել՝ պիտակավորելով որպես դավաճան։ Բայց ինքն ասում էր՝ այդ մարդիկ նույնպես մոլորյալներ են և իմ աշխատանքը հենց նրանում է, որպեսզի այս մարդիկ դարձի գան, սթափության։ Եվ ինքը շարունակում էր համառորեն աշխատել էդ ուղղությամբ, իրական, ոչ թե շինծու, ձևական գործունեությունը և խաղարար նախաձեռնությունները այդ ռազմաշունչ մթնոլորտում։ Խոսքն այն մասին չէ, որ ինքը միայն մի կողմին էր ասում։ Ինքը ասում էր երկու կողմին։ Բայց նրա ցավը Հայաստանն էր, հայ հասարակությունը, Հայաստանի քաղաքացին։ Այլ կերպ, կթողներ և կմեկներ եվրոպաներում կամ ամերիկաներում ապրելու, որի հնարավորությունը բազմաթիվ անգամ եղել է»։ 

Պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 25-ին Գեորգի Վանյանը ադրբեջանցի մի շարք հեղինակավոր գործիչների՝ Արզու Աբդուլաեւայի, Ալի Աբասովի, Զարդուշտ Ալիզադեի եւ Սաբիտ Բագիրովի հետ բաց նամակով դիմեց Իլհամ Ալիեւին՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին: Քանի որ երկու ժողովուրդներն էլ «հակառակ իրենց ազգային շահերի՝ քաղաքականության զոհերն են՝ մարդկային ճակատագրեր խորտակող անհոգի պատերազմի ջրաղացի մեջ հայտնված տիպիկ շարքային քաղաքացիներ», որոնց տներում նրանց սպասում են մայրերը:

Վանյանը գրել էր․ «Հետեւելով այն ամենին՝ ինչեր են գրում, խոսում, ինչի շուրջ են բանավիճում սոցցանցերում, թերթերում եւ հեռուստաէկրաններին, հասկանալի է դառնում, որ նրանք բոլորը՝ լրագրողները, գրողները եւ հրապարակախոսները, քաղաքագետներն ու ոչ վաղ անցյալի հեղափոխականները, մտավորականներն ու քաղաքացիական հանրույթը, արեւմտամետներն ու արեւելամետները մինչ այդ թափված արյամբ չեն հագեցել, եւ իրենց մարդատյաց տեսությունների համար սնունդ է հարկավոր: Նրանք բոլորը պատերազմին չեն առնչվել, փոխարենը պատերազմը չի խնայել անմեղներին: Կոմուֆլյաժով տղաներին Արցախ էին տարել իրենց կամքին հակառակ։

Ըստ երեւույթին՝ տարածաշրջանի միակ առաջնորդը, որին կարելի է եւ պետք է դիմել Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացիների հարցերով, Դուք եք: Դրա մասին բազմիցս բացահայտ խոսել են գերեվարվածների եւ անհայտ կորածների հարազատները: Հորդորում եմ Ձեզ` բաց թողնել իրենց կամքին հակառակ Ադրբեջանի Հանրապետությունում հայտնված Հայաստանի բոլոր քաղաքացիներին»։

Իլհամ  Ալիևն, իհարկե, չէր պատասխանել Գեորգի Վանյանին, ինչպես ավելի վաղ՝ 2020 թ․ հոկտեմբերի 20-ին նրա բաց նամակին չէր պատասխանել Նիկոլ Փաշինյանը, ով Գեորգի Վանյանի հետ մտերիմ է եղել 90-ականներին եւ կիսում էր նրա, Աշոտ Բլեյանի ոչ պոպուլյար գաղափարները։ Գաղափարներ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո՝ դրանք անվանելով «Խաղաղության դարաշրջան բացելու» առաջարկ։

Իսկ պատերազմի ամենաթեժ պահին` 2020 թվականի հոկտեմբերին 20-ին Գեւորգի Վանյանը Նիկոլին առաջարկում էր անհապաղ դադարեցնել պատերազմը, իրեն գործուղել Բաքու և օր առաջ սկսել  հայ-ադրբեջանական ուղիղ, առանց միջնորդների բանակցությունների օրակարգի ձևավորումը։ 

«1994 թվականին միջազգայնացնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը, այն պատվիրակելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, այս 26 տարիների ընթացքում ոչ միայն հակամարտության կարգավորման որևէ արդյունք չենք արձանագրել, ոչ միայն չենք կանխարգելել պարբերական բնույթ ստացած փոխադարձ հրետակոծությունները, զինվորների և խաղաղ բնակչության զոհերը, ոչ միայն փոշիացրել ենք մեր ինքնիշխանության գրեթե բոլոր հնարավորությունները և շրջափակման պայմաններում օտարվել քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգային զարգացումներից, այլև,- որպես հետևանք,- հայտնվել ենք արդեն մեկ ամիսը բոլորած և վերջնագիծը չերեվացող պատերազմի ճիրաններում: 

Պրն վարչապետ, այսօր, երբ արդեն տեսանելի են նաև պատերազմի միջազգայնացման ռիսկերը, դրանց արդեն կանխատեսելի հետևանքները, Հայաստանի անժամկետ կամ լավագույն դեպքում՝ երկարաժամկետ պոլիգոնիզացիայի ենթարկվելու մարտահրավերները, կրկին անգամ հորդորում եմ հայ-ադրբեջանական ուղիղ, առանց միջնորդների բանակցություններ սկսելու օրակարգի ձևավորումը՝ ինձ թույլ տալով հրապարակել հոկտեմբերի 20-ին Ձեզ ուղարկված անձնական նամակս.

Պրն վարչապետ, պետք է դադարեցնել պատերազմը: Վայրկյան առաջ պատրաստ եմ մեկնել Բաքու՝ փորձելու հիմք դնել ուղիղ բանակցությունների մեկնարկին»:

Գեորգի Վանյանին բոլորը որպես խաղաղություն քարոզող հանրային գործիչ են ճանաչում, բայց նա շնորհալի ռեժիսոր էր, տաղանդավոր խմբագիր ու դիզայներ: Նա 1992-1994 թվականներին հիմնադրել էր «ԱՐ» թատրոնը, իսկ 1993-1997 թվականներին նրա հիմնադրած «Արար» ամսագիրն ուղղակի բում էր մշակութային կյանքում: Ճաշակով ու բովանդակալից ամսագիրը նոր խոսք էր, նոր ոճ, հասարակարգի փոփոխության խորհրդանիշ: Իսկ 1997 թվականից մինչև 2005 թվականներին Վանյանը եղել է Երևանի №61 դպրոցի տնօրեն: Կարճ, բայց հարուստ կյանքով է ապրել Գեորգի Վանյանը: Ափսոս, որ հասարակությունը նման մտավորականներին, որոնք նոր խոսք եւ հասարակական կարծիքից տարբերվող տեսակետ են առաջ մղում, չի գնահատում: Իսկ աշխարհն առաջ մղողը նման խենթերն են, որոնք չեն վախենում հալածանքից ու դժվարություններից` համառորեն եւ առանց ընկրկելու առաջ են գնում:

Այսօր Գեւորգի Վանյանի աճյուղը հուղարկավորվեց Շահումյան գերեզմանատանը: