Շողուլից ընկած երկրագունդը

Շողուլից ընկած երկրագունդը

Եվրահանձնաժողովը (Լեհաստանն էլ հետը) գտնում է, որ պատերազմական գոտուց Ռուսաստան վերաբնակեցված 16 հազար երեխաներն արտաքսված են: Այսինքն, հանուն նրանց անվտանգության պատերազմական գոտուց հեռացնելը բնութագրվել է որպես արտաքսում: Թե որ տրամաբանությամբ է նման բնորոշում սահմանվել՝ գիտեն երեւի միայն Եվրահանձնաժողովում: Հա, մեկ էլ՝ Լեհաստանում: Իսկ իմ կարծիքով՝ միայն խելագար ուղեղում կարող է ծնվել գաղափար, որ պատերազմական վտանգից երեխաներին հեռու տանելը կոչվում է արտաքսում: Եվ նման ուղեղը չի սահմանափակվում մեկ կամ մի քանի հատով, այլ առկա է հսկայական քանակությամբ: Ինչը կարելի է 100 տոկոսանոց հավանականությամբ արձանագրել որպես զանգվածային պսիխոզի դրսեւորում: Ինչեւէ, ավելի քան երկու տասնամյակ արեւմտյան արժեքներ դավանողիս համար սա նման է անամպ երկնքից ամպրոպ ճայթելուն: Չէ, ավելի ճիշտ՝ կապույտ երկնքից կրակ թափվելուն: 

Եվրահանձնաժողովը, ըստ դրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, մտադիր է նաեւ միջազգային համաժողով կազմակերպել երեխաներին Ուկրաինա վերադարձնելու նպատակով: Փաստորեն, տիկնոջ ներկայացրած կառույցը չի բավարարվել մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների հարցերով ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի անուններով Միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդեր դուրս գրելով: Որոշել են նաեւ միջազգային համաժողովի ձեւաչափով ելույթներ ունենալ հօգուտ նույն այդ երեխաներին պատերազմական գոտի վերադաձնելու: 

Առողջ դատողության կանոններին հակընդդեմ այդ գործընթացը համեմատենք նույն Եվրամիության հուսալի գործընկեր Ադրբեջանի ղեկավարի վարքագծի նկատմամբ նույն այդ կառույցի վերաբերմունքի հետ: Ավելի քան 100 օր շարունակ արցախյան 30 հազար երեխա զրկված է նորմալ սնվելու եւ կրթություն ստանալու իրավունքից: Այսինքն՝ ուկրաինականներից համարյա կրկնակի ավելի: Էլ չասած այն մի քանի հարյուր երեխաների մասին, որ բաժանված էին (մի մասն էլ դեռեւս մնում է բաժանված) իրենց ծնողներից կամ ընտանիքներից: Որոնց բաժանողը ոչ թե ադրբեջանցի կեղծ բնապահպաններն են, այլ տիկին ֆոն դեր Լեյենի հուսալի գործընկերը: Բնականաբար, ՄԱԿ-ի քրեական դատարանը նրա նկատմամբ ձերբակալության օրդեր դուրս չի գրել եւ չի էլ գրելու: Իսկ Եվրահանձնաժողովն էլ միջազգային համաժողով չի կազմակերպելու: Չնայած եթե այդ հարցը դիտարկենք հակատրամաբանության տեսակետից, ապա 30 հազար արցախցի երեխաների այսօրվա ճակատագիրը հենց այն է, ինչին ձգտում է Եվրահանձնաժողովն «արտաքսված» 16 հազարի համար: 

Ինչպես ասել եմ բազմիցս, հասուն տարիքում երկու տասնամյակ շարունակ փողոցներում, ընտրատեղամասերում եւ գրչով կռիվ եմ տվել հանուն Հայաստանում արեւմտյան արժեքների հաստատման: Թոշակառուի կարգավիճակում դիտարկելով   Հայաստանում, Հայաստանի շուրջը եւ ընդհանրապես աշխարհում կատարվողը՝ հասկանում եմ, որ այդ ամենը եղել է անիմաստ: Փաստորեն, դեռեւս 4 դար առաջ Համլետի արձանագրած հանգամանքը, որ երկրագունդն ընկել է շողուլից, դեռեւս մնում է օրակարգային: Եվ այդպես էլ՝ շողուլից ընկած, այն պտտվում է Արեգակի շուրջը եւ Արեգակնային համակարգի կազմում՝ Ծիր Կաթին համաստեղության կենտրոնի շուրջը: