Մի անգամ դեղին ու շոգ Աֆրիկայում

Մի անգամ դեղին ու շոգ Աֆրիկայում

Երբ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիր» է ստորագրվելու, մի պատմություն հիշեցի: Բայց մինչ այդ պատմությանն անցնելը փորձենք հստակեցնել՝ ո՞ւմ հետ է կնքվելու այդ «խաղաղության պայմանագիրը»: Այո, ենթադրվում է՝ Ադրբեջանի: Բայց Փաշինյանն այստեղ Ադրբեջանի անուն չի տալիս, ինչն էլ Նիկոլին ճանաչողներին ստիպում է մի փոքր խորհել: Նա կարող է եւս մեկ պատերազմ հրահրել, ամբողջ երկիրը հանձնել Ադրբեջանին եւ «խաղաղության պայմանագիր» ստորագրել: Բայց ո՞ւմ հետ, ինչի՞ մասին, ինչո՞ւ… Իմաստը: Նիկոլը գուցե նկատի ունի Ռուսաստանի՞ հետ խաղաղության պայմանագիրը: Հնարավոր է, չէ՞, որ այդ պատերազմում Ռուսաստանը միայնակ մնա Նիկոլ-Ալիեւ տանդեմի դեմ: Հետեւաբար, հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը, չտալով «խաղաղության պայմանագրի» մյուս կողմի անունը, այնուամենայնիվ, Ադրբեջանին նկատի ունի:
Եվ այսպես, հնարավո՞ր է արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Իմ կարծիքով՝ ոչ: Հարցրեք «խաղաղության կուսակցության» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա կհաստատի իմ տեսակետը: ՀՀ առաջին նախագահը հրաժարական տվեց հենց այն ժամանակ, երբ հասկացավ, որ չի կարողանալու առանց կրակոցի վերադարձնել ազատագրված տարածքներն ու հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նիկոլ Փաշինյանը, դե սա լրիվ ուրիշ ֆրուկտ է, ոչ միայն մի բան էլ ավելով վերադարձրեց ազատագրված տարածքները, այլեւ դա արեց տասնյակ հազարավոր կյանքերի գնով: Դեռ չեմ խոսում դավաճանության, պայմանավորվածության, կոլաբորացիոնիստական պահվածքի եւ մյուս բաների մասին: Տեր-Պետրոսյանը Փաշինյանին լիուլի «մեծարել» է այդ ամենի համար եւ կնքել «ազգակործան պատուհաս» անունով: Հենց այս անվամբ էլ Նիկոլ Փաշինյանը կմնա հայոց պատմության մեջ, կարճ՝ Նիկոլ Պատուհաս: Այդ բառի մեջ ամփոփված են նրա բոլոր բարեմասնությունները՝ դավաճանական միտումները, քաղաքական տգիտությունը, նենգությունը, ստախոսությունը, անձնապաշտությունը, թրքամետությունը եւ այլն, եւ այլն:

Իսկ հիմա, ինչպեսեւ խոստացել էի, անցնեմ պատմությանը, որ հիշեցի կառավարության նիստում Փաշինյանի բարձրագոչ հայտարարությունը լսելուց հետո, թե բա՝ խաղաղության պայմանագիր ստորագրվելու է:
Պատմում են, որ Աֆրիկայում այդպիսի մի փորձ արել են կապիկները, եւ այդ փորձը փորձանք է դարձել հենց կապիկների գլխին: Չեմ կարող ասել, թե ժամանակակից Աֆրիկայի որ պետության տարածքում են տեղի ունեցել իրադարձությունները, բայց ասում են, որ դա մի ընդարձակ ու բարեբեր տարածք էր, որտեղ կապիկներն ապրում էին հսկայական հոտերով: Բնությունը հոգացել էր նրանց բոլոր կարիքները՝ սառնորակ աղբյուրներ, համեղ գետնապտուղներ, մշտականաչ խոտածածկով փափուկ անկողին: Նրանց կյանքի պայմաններն այնքան լավ էին, որ հոտերի առաջնորդներն իրենց ենթականերին արգելել էին մտածել ապագայի մասին: Ո՛չ ինտերնետ, ո՛չ սոցիալական ցանցեր, ո՛չ հեռախոս… Նրանք միայն ուտում էին եւ բազմանում:

Ի՞նչ ծառ բարձրանալ, ի՞նչ անվտանգության հարցեր, ի՞նչ բան… Այդ հսկա տարածքի անվտանգության երաշխավորն առյուծների փրայդն էր, որին կապիկները չէին հետաքրքրում, քանզի վտանգավոր չէին իրենց կորյունների համար: Բայց այս պատմությունը շատ ձանձրալի կլիներ, եթե կապիկների առաջնորդը մի գեղեցիկ օր, գերանի վրա նստած, չանցներ գետն ու չհայտնվեր բորենիների բնակատեղիներով շրջապատված մի անչափ գեղեցիկ օազիսում եւ չհայտարարեր, որ այդ օազիսը պետք է հենց հիմա միացվի կապիկների զբաղեցրած տարածքին: Բորենիները, լսելով կապիկների առաջնորդի ճղճղոցը, շրջապատում են օազիսը: Վերջինս մի կերպ ճողոպրում է եւ, ընկնելով գետը, գերանը հետ «քշում» դեպի իր ցեղակիցները: Դա այնքան արագ է կատարվում, որ ոչ ոք չի նկատում: Ցամաք դուրս գալուց եւ շունչը տեղը բերելուց հետո նա շրջվում է գետի մյուս ափին հավաքված բորենիների կողմն ու սկսում բռունցքները թափահարել: Մի առյուծ, տեսարանից զարմացած, մոտենում է առաջնորդին եւ հորդորում՝ չզայրացնել բորենիներին, որովհետեւ նրանք կարող են անցնել գետը, իսկ միշտ քաղցած այդ կենդանիները որեւէ տարբերություն չեն դնում անտիլոպի եւ կապիկի մսի միջեւ: Առաջնորդն առյուծի խոսքերից ավելի է բորբոքվում՝ ես դրանց ցույց կտամ…

Առաջնորդն այնքան է բորբոքում բորենիներին, որ սրանք մի գիշեր անցնում են գետն ու լցվում կապիկների տարածքը: Հիմա էլ բորենիների առաջնորդն է սկսում ճղճղալ՝ էս լիճը մերն է, էն սարը մերն է, էս մարգագետինը մերն է… այստեղ ամեն ինչ մերն է: Կապիկների առաջնորդը լուրը տանում է առյուծին ու մի բան էլ մուննաթ գալիս սրա վրա, թե դու այս ինչպես ես ապահովում մեր անվտանգությունը, հրեն, բորենիները հարձակվել են մեր տարածքի վրա: Առյուծները, լսելով բորենիների հարձակման լուրը, իրենց ձագերին տանում են անվտանգ մի տեղ եւ սկսում են շատ զգույշ բանակցել բորենիների հետ ու համոզել, որ նրանք վերադառնան գետի մյուս ափը եւ ապրեն առաջվա նման: Բորենիները, սակայն, դիմադրում են, չեմուչում են անում, չեն համաձայնում: Մեկ էլ հայտնվում է կապիկների առաջնորդն ու առյուծներին ասում՝ թողեք ես բանակցեմ: Առյուծները սիրահոժար համաձայնում են՝ բանակցիր: Երկար ու դաժան բանակցություններից հետո բորենիների եւ կապիկների առաջնորդները գալիս են այն եզրակացությանը, որ կապիկները պետք է բորենիներին տան այն ամենը, ինչ կպահանջի բորենիների առաջնորդը, իսկ կապիկները կստանան բորենիների հետ խաղաղ ապրելու իրավունք: Հենց բանավոր համաձայնության են գալիս, բորենիների առաջնորդը սրա ականջին շշնջում է՝ առյուծները մեզ խանգարում են խաղաղ ապրել, նրանցից պետք է ազատվել:

Կապիկների առաջնորդին սրա ասածները բավականին տրամաբանական են թվում: Կանչում է իր հոտի ամենահանդուգն ներկայացուցիչներին եւ հանձնարարում՝ այնպես զզվեցնել առյուծներին, որ նրանք հեռանան տարածքից: Երբ համատեղ ուժերով արդեն բավականաչափ զզվեցրել էին առյուծներին, բորենիների առաջնորդը կապիկների առաջնորդին ուլտիմատում է ներկայացնում՝ պետք է թուղթ ստորագրենք: Կապիկների առաջնորդն էլ հո սիրում էր թղթեր ստորագրել: Դավայ, ասում է, տուր, տեսնեմ ինչ եմ ստորագրում: Կարդում է վերնագիրը՝ «Խաղաղության պայմանագիր բորենիների եւ կապիկների միջեւ»… Հրաշալի է… Անցնում է կետերի վրայով՝ ըը, ըըը, ըհը, լավ է... Սա էլ է լավ: Հասնում է վերջին կետին՝ «Միջտեսակային բախումներից խուսափելու համար տարածքը հորիզոնական կտրվածքով բաժանում ենք երկու մասի՝ գետնի հարթությունն անցնում է բորենիներին, իսկ ծառերի բարձրությունը մնում է կապիկներին»: Չեմ հասկանում… Բորենիների առաջնորդը բացատրում է՝ ի՞նչ կա չհասկանալու, մենք մնում ենք գետնի վրա, իսկ դուք բարձրանում եք ծառերը: Գրիչը կապիկների առաջնորդի ձեռքից ընկնում է… Այդպես չի կարող լինել… Սկսում է ճղճղալ, առյուծներին կանչել… ես կդիմեմ միավորված կենդանատեսակների կազմակերպություն, գետաձիերի եւ ընձուղտների միջտեսակային դատարան… Բորենիների առաջնորդը բռնում է սրա կոկորդից՝ հենց հիմա ստորագրում ես ու ցեղակիցներիդ ասում, որ բարձրանան ծառերը, թե չէ առաջինը քեզ եմ ուտելու…

Սա էր ամբողջը: Մինչեւ հիմա էլ Աֆրիկայի բոլորը կենդանիները հիշում են կապիկների եւ բորենիների կնքած խաղաղության պայմանագիրը: Հիշում ու ծիծաղում են, իսկ կյանքն Աֆրիկայում շարունակում է ընթանալ իր բնական հունով…