«Հրապարակ». Դատավորի լիազորությունները դադարեցնելով՝ ավելի է խորանում ճգնաժամը
ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարությունը միմյանց հետ պասերով շարունակում են դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցել ու նրանց լիազորությունները դադարեցնել։ Օրերս Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հանդես եկավ շատ սուր հայտարարությամբ, որում տեղի ունեցող գործընթացը հետեւյալ կերպ բնութագրեց․ «Կարեն Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ եւ նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական եւ կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն եւ իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն»։
Օրերս «Հրապարակն» այս առնչությամբ հարցեր ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Անդրադառնալով Ազարյանի հայտարարությանը՝ Մինասյանն ասաց․ «Կետ առ կետ կարող եմ արձանագրել, որ դրանք բոլորն անհիմն են, ուղղակի մտքեր են, որոնց պատշաճ ընթացակարգով հնարավորություն չկա արձագանքելու որպես գործադիր մարմին, ուղղակի կարող եմ ասել, որ, առաջինը՝ դատական համակարգից դուրս են մնում միայն այն ընթացակարգերով, որը նախատեսված է հենց Դատական օրենսգրքով, այսինքն՝ եթե դատավորը խախտում է անում, ապա կարգապահական վարույթ է հարուցվում, այնուհետեւ ԲԴԽ-ն իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկում, եւ շատ դեպքերում այդտեղ բավականին հասկանալի, այսինքն՝ ոչ իրավական տերմիններով լի ընթացակարգերով է պարզ մոդելավորվում, իսկ մնացածն ուղղակի դատողություններ են»։ Մեր դիտարկմանը, որ դատավորներին համակարգից հանում են, քանի որ վերջիններս ծանրաբեռնվածության պատճառով ուշացնում են դատական ակտերի տրամադրումը կողմերին, Մինասյանն արձագանքեց․
«Ծանրաբեռնվածությունը մեր որոշ գործընկերներ՝ ոչ մասնագետներ, լավ չեն պատկերացնում ինչ է․ մենք նայում ենք, թե նույն դատավորը նույն ծանրաբեռնվածության շրջանակներում, օրինակ, 9 գործը շատ պատշաճ ժամկետում քննում է, բայց 1 գործով, որն ինչ-որ ֆիզիկական անձ է կամ բանկ է, անընդհատ ձգձգում է, եւ կոնկրետ իրավունք է ոտնահարվում, այստեղ հարց է առաջանում, թե նույն ծանրաբեռնվածության շրջանակներում ինչո՞ւ է այս կամ այն գործը քննվում, իսկ մեկը թողնվում դարակներում։ Այստեղ այդ ծանրաբեռնվածությունը մատի փաթաթան սարքել պետք չէ, կոնկրետ գործերով, պատշաճ ընթացակարգերով ամենը իրականացվում է, որեւէ խնդիր չկա այստեղ»։
Հարցրինք, թե ինչու են դատավորների լիազորություններն ընտրողաբար դադարեցնում, եթե պրոցեսը, ինչպես իրենք են վստահեցնում, ուղղորդված չէ վերեւից։ Օրինակ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի լիազորություններն ինչո՞ւ չդադարեցրին, չէ՞ որ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նրա կայացրած ակտի հետեւանքով մարդու իրավունք է խախտվել, նույնիսկ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործն է Մնացական Մարտիրոսյանի դեմ։
«Արդարադատության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում վարույթ է հարուցել, ժամանակ է տրամադրել Մնացական Մարտիրոսյանին՝ այդ վարույթի շրջանակներում իր բացատրությունը ներկայացնել, այնուհետեւ միջնորդությամբ գնացել է ԲԴԽ, մնացածմ արդեն այնտեղ․․․»,- ասաց Մինասյանը՝ մինչեւ վերջ չասելով, որ ԲԴԽ-ում վարույթն ուղղակի ձգձգվել է՝ չի քննվել, ժամկետները բաց թողնելու պատճառով, մինչդեռ մյուս դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթները պարտաճանաչ քննվում են։ Ավելին՝ դրանից հետո Մարտիրոսյանը պաշտոնի բարձրացում է ունեցել՝ նշանակվելով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ նախկին դատավոր, ներկայում փաստաբան Անահիտ Սաղաթելյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 2004 թվականին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 8 տարի պաշտոնավարելուց հետո պաշտոնից զրկված դատավոր Անահիտ Սաղաթելյանը 2012-ին հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արձանագրել է, որ նախկին դատավորը զրկվել է պաշտոնից նախագահի հրամանագրով, զրկված է եղել Հայաստանի դատական որեւէ ատյանում վիճարկելու հնարավորությունից: Դրանից հետո նա դիմել է ՀՀ ներպետական դատարաններին, վարչական դատարանը որոշել է, որ ճիշտ են արել, որ ժամանակին դադարեցրել են դատավորի լիազորությունները։ Նա պատրաստվում է նոր հիմքերով կրկին բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու որոշումը։
Ներկայում էլ ԲԴԽ որոշումները՝ դատավորների լիազորությունների դադարեցման հետ կապված, բողոքարկման ենթակա չեն, ուստի Անահիտ Սաղաթելյանին հարցրինք․ ի՞նչ է կարծում՝ ԲԴԽ որոշումով լիազորությունները դարդարեցված մյուս դատավորները կհաղթե՞ն ՄԻԵԴ-ում, եթե դիմեն։ «Գիտեք՝ ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, որովհետեւ իմ լիազորությունները դադարեցվել են առանց որեւէ պատճառաբանության, հիմա գոնե պատճառաբանում են, որ դատական ակտերն ուշացնելու պատճառով են դադարեցնում, իմ պարագայում իմ լիազորությունները դադարեցրել են առանց որեւէ հիմք նշելու, ուղղակի հիմքում դնելով, որ «արդարադատություն իրականացնելիս թույլ եմ տվել օրենքի կոպիտ խախտում։ Այն ժամանակ Արդարադատության խորհուրդ կար, բայց, որպես այդպիսին, որպես դատարան չի գործել։ Կոնկրետ իմ գործով ես դատական նիստերի չեմ հրավիրվել, ներկա չեմ գտնվել, որեւէ ընթացակարգի չեմ մասնակցել, տեղյակ չեն պահել պարզապես, հիմա գոնե դատավորները կարողանում են իրենց դիրքորոշումն արտահայտել կամ պաշտպանվել։ Այնպես որ, հիմա ես այդ դատավորների շարքում չեմ եւ չեմ կարող Ձեզ պատասխանել՝ ճի՞շտ են, թե՞ սխալ, ինչպես են ընթանում նիստերը, որովհետեւ չեմ մասնակցել ու չեմ հետեւել այդ նիստերին»,- պատասխանեց Սաղաթելյանը։
Նրան հարցրինք․ ի՞նչ է կարծում՝ դատական ակտերն ուշացնելը արդյոք այն կարգապահական խախտո՞ւմն է, որի համար պետք է դատավորի լիազորությունները դադարեցվեն։
«Իհարկե, ամեն մի կարգապահական տույժ կամ պատիժ պետք է համաչափ լինի կատարված խախտմանը։ Հիմա եթե ուշացնում են ակտերը, դա արդար դատաքննության իրավունքի խախտում է, որովհետեւ ուշացվում է ոչ թե մի քանի օրով կամ ամսով, այլ տարիներով, բայց եթե գլոբալ ենք վերցնում հարցը, ապա դատավորները չափից դուրս գերծանրաբեռնված են, եւ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ որեւէ դատավոր կարող է չուշացնել որեւէ ակտ։ Այս պարագայում ես կարծում եմ, որ դա անհամաչափ խիստ պատիժ է՝ ոչնչով չարդարացված, որովհետեւ ունենք դատավորների խիստ պակաս, եւ դատավորներն ի վիճակի չեն, ինչքան էլ ուզենան աշխատել, ֆիզիկապես ի վիճակի չեն։ Այնպես որ, ես գտնում եմ, որ առաջին հերթին պետք է դրա պատճառները վերացնեն, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելով ավելի է խորանում այդ ճգնաժամը, ավելի է խորանում այդ ուշացումների պատճառը»։
Սաղաթելյանից նաեւ կարծիք հարցրինք համակարգը համալրող դատավորների մասին, որոնցից որոշները նույնիսկ իրավաբանի բազային կրթություն չունեն եւ 6-ամսյա դասընթացները նույնիսկ չեն անցնում, որոնք նախատեսված են դատավորների համար։ «Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք։ Նախ՝ 2 ամսում կամ 6 ամսում չեն կարող դատավոր դառնալ, երբ հակակոռուպցիոն դատարանները ստեղծվեցին, այնտեղ նշանակվեցին այդ դասընթացները չանցած, դատական համակարգի հետ կապ չունեցող, այդ ոլորտում փորձ չունեցող մարդկանց։ Իմ տեսակետից՝ դա հարիր չէ, եւ արդարադատության շահը հենց այդտեղ է խախտվում»։
Կարծիքներ