Պաշտոնյաները դիմում են ՄԻՊ-ին՝ չիմանալով, որ իրենք դրա իրավունքը չունեն

Պաշտոնյաները դիմում են ՄԻՊ-ին՝ չիմանալով, որ իրենք դրա իրավունքը չունեն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին շարունակում են չհրավիրել կառավարության նիստերին։ Փոխարենը նա մասնակցում է նախարարական կոմիտեի նիստերին, որը նախորդում է կառավարության նիստերին, եւ բոլոր որոշումներն իրականում այս նիստերի ժամանակ են ընդունվում։ Թաթոյանն այս թեմայով չցանկացավ շատ ծավալվել, երբ հարցրինք, թե ինչու չեն հրավիրում։ «Ես ասել եմ, այդ հարցը պարզաբանել եմ եւ հիմա հարցը սպառված եմ համարում, ես իմ աշխատանքը շարունակում եմ իրականացնել»։ 

«Այն, որ կառավարության նիստերին մենք չենք մասնակցում, դա չի նշանակում, որ մարդու իրավունքների պաշտպանը, առհասարակ, իրավական ակտերի նախագծերի մշակման, հարցերի քննարկումներին չի մասնակցում։ Կառավարությունում տեղի են ունենում նախարարական կոմիտեների նիստեր, տարբեր քննարկումներ, մեր ներկայացուցիչները մասնակցում են, այսինքն՝ ինստիտուցիոնալ համագործակցության խնդիր մենք չունենք։ Եվ ասեմ, որ դրանից մեր աշխատանքի ո՛չ ծանրաբեռնվածությունն է իջել, ո՛չ էլ ներգրավվածությունը։ Նախագծերը մեզ ներկայացվում են կարծիքի, մենք կարծիքները տալիս ենք, մասնակցում ենք քննարկումների եւ այլն»,- ասաց Թաթոյանը։

- Արդյո՞ք սա քաղաքական վերաբերմունք չէ ՄԻՊ-ի կամ անձամբ Ձեր նկատմամբ։

- Ես, առհասարակ, հարցերն այդ տեսանկյունից չեմ դիտարկում։ Մարդու իրավունքների պաշտպանը բացառապես մասնագիտական, ապաքաղաքական սկզբունքներով անում է իր աշխատանքը։

- Դուք ասում եք, որ Ձեր ներկայացրած զեկույցում խիստ գնահատականներն օբյեկտիվ հիմքերից ելնելով են ներկայացված, բայց Ձեզ նաեւ քննադատում են, որ իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, ընտանիքի անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչում, թիրախավորում են նրանց, եւ ՄԻՊ-ը դրանց նույն ջանասիրությամբ չի արձագանքում, ինչպես ընդդիմադիրների դեպքում է անում։

- Այդ հարցը պարզաբանել եմ քանիցս եւ հիմա էլ պետք է ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն՝ պետական մարմինների կողմից հնարավոր, առկա կամ իրավունքը խախտող գործողություններից։

- Դե, Փաշինյանի երեխաները, օրինակ, քաղաքացի են։

- Հիմա Դուք նորից անձնավորում եք, ես ասեմ Ձեզ, որ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչ վերաբերում է երեխաներին, այդ թվում, օրինակ, վարչապետի ընտանիքի հետ կապված, հայտարարություններ ենք արել, ես նաեւ գրություններ ունեմ՝ հասցեագրած ոստիկանությանը, որոնք վերաբերում են, առհասարակ, սպառնալիքներին երկրում, այդ թվում՝ այն դեպքերին, որոնք վերաբերում են, օրինակ, երեխաներին։

- Դուք ունե՞ք այնպիսի տպավորություն, որ Դուք էլ եք իշխանությունների կողմից մերժված։

- Ես քաղաքական բնույթի հարցերի չեմ ուզում պատասխանել։ Ես իմ աշխատանքին նման դիտանկյունից չեմ նայում, ես այդ պատկերացումներով չեմ շարժվում, ես կատարում եմ իմ աշխատանքը։

- Բայց բոլորը չէ, որ հասկանում են Ձեր պատկերացումները, եւ թիրախավորում են Ձեզ։

- Դա իրենց խնդիրն է։ Ես կատարում եմ իմ աշխատանքը։

- Ձեզ մտահոգո՞ւմ է այս մթնոլորտը, որ ձեւավորվել է թե՛ երկրում, թե՛ ՄԻՊ-ի շուրջ։

- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ է, միշտ էլ էդպես է եղել։ Ես ընդունում եմ դա որպես փաստ, օբյեկտիվ իրողություն։ Միշտ էլ այդպես է եղել։

- Անդրադառնալով ԲԴԽ նախագահի դեպքին՝ շատերի կարծիքով, հաջորդը թիրախավորվելու եք Դուք։

- Դա ինձ վերաբերող հարց չէ, դրանք քաղաքական հայտարարություններ են եւ քննարկումներ են։ Ես կատարում եմ իմ աշխատանքը եւ շարունակելու եմ կատարել։ Վերջ։

- Չե՞ք կարծում, որ ուզում են Ձեզնից էլ ազատվել։

- Նորից եմ ասում՝ ես այդ պատկերացումներով չեմ շարժվում, եւ ՄԻՊ-ը, սահմանադրական իր կարգավիճակին համապատասխան, կատարում է իր գործառույթները։

- Իսկ ԲԴԽ նախագահի մասով՝ իրավունքների տեսանկյունից, Դուք ինչ-որ խախտում տեսե՞լ եք։

- Բնականաբար, ես հետեւում եմ պրոցեսին, բայց պաշտոնական կարգավիճակի առումով Մարդու իրավունքների պաշտպանին առնչվող հարց երբ առաջ գա, մենք, բնականաբար, մեր լիազորությունները կգործադրենք, բայց այս պահին ես այդպիսի հարց չեմ արձանագրել։

- Ձեզ, ամեն դեպքում, ընկալում են որպես նախկին իշխանությունների պաշտպան եւ ներկայացուցիչ, հատկապես հաշվի առնելով, որ Դուք նրանց օրոք եք ընտրվել որպես ՄԻՊ։

- Դա ամբողջությամբ շահարկում է, եւ չի կարող որեւէ մեկը գեթ մեկ դեպք բերել, երբ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին առնչվող որեւէ հարց է եղել, եւ այդ լիազորությունները չեն գործադրվել։

- Այս իշխանությունների կողմից, ըստ Ձեզ, կա՞ վստահություն պաշտպանի գրասենյակի եւ անձամբ Ձեր նկատմամբ։

- Ինձ համար կարեւոր է հանրային վստահությունը, այդ հանրային վստահությունը բարձր է, եւ մենք բարձր ենք գնահատում դա։

- Իսկ գործող պաշտոնյաներից ձեզ դիմո՞ւմ են իրենց իրավունքների խախտման դեպքերով, կա՞ն այդպիսիք, եւ ի՞նչ եք անում դուք։

- Այո։ Պարզաբանում ենք նրանց իրենց կարգավիճակի առանձնահատկությունները, ցույց ենք տվել օրենքի ամրագրված այն դրույթը, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն դիմել ՄԻՊ-ին։

- Իրենք չգիտեին, փաստորեն, այդ մասին։

- Չեմ կարող ասել։

- Իսկ նախկինում եղե՞լ է դեպք, որ պաշտոնյաները Ձեզ դիմեն…

- Այո, միշտ էլ եղել է։

- Մի հարց էլ՝ գերիների թեմայով․ ի՞նչ եք կարծում, այս կառավարությունը բավարար քայլեր ձեռնարկո՞ւմ է գերիների վերադարձի համար։

- Պետական տարբեր մարմինների հետ կապված՝ մենք աշխատում ենք, եւ այն մարմինները, որոնց հետ ես շփվում եմ, կարող եմ ասել, որ նրանք միջոցներ ձեռնարկում են, եւ մենք նրանց հետ աշխատում ենք։

- Իսկ վերջին դեպքը, որ գերիները պետք է վերադարձվեին, ու այդ մասին հայտարարվեց պաշտոնապես, սակայն օդանավը դատարկ եկավ, այստեղ մարդու իրավունքների տեսանկյունից խախտում տեսնո՞ւմ եք։

- Այդ թեման հանրային լայն քննարկման է արժանացել, ես հիմա նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ։ Միայն մեկ բան կասեմ, որ պետք է միշտ նկատի ունենանք, որ ադրբեջանական իշխանություններն այս ոլորտում արհեստական են ձգձգում գործընթացը, եւ, բնականաբար, աշխատանքները պետք է ուղղված լինեն նրան, որ լուծվի հարցը։