Մատենադարանի ընթերցասրահի տանիքը փլուզվել է (լուսանկարներ)

Մատենադարանի ընթերցասրահի տանիքը փլուզվել է (լուսանկարներ)

Մատենադարանի աշխատողների արհմիությունն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է՝ «Արդեն քանի տարի է Մատենադարանի նոր մասնաշենքը գրեթե վթարային վիճակում է՝ անվերջանալի անձրևաջրեր, կիսախարխուլ տանիք, ընթերցասրահում շարված դույլեր և տաշտակներ՝ տանիքից թափված անձրևաջրերի դեմ պայքարելու համար։ Երեկ՝ մարտի 22-ին, ժամը մոտ 18:30-ին երկրորդ անգամ։ Մատենադարանի գիտաշխատողների ու ընթերցողների գլխին փլուզվեց ընթերցասրահի տանիքը։ Փլվածքին մոտ նստած գիտաշխատողի վրա թափվեցին տանիքից պոկված շինարական աղբն ու անձրևաջուրը։ Բարեբախտաբար, վերջինս մարմնական վնասվածքներ չստացավ։ 
Արհմիության անդամները բաձրացրել են այս խնդիրը, սակայն Մատենադարանի տնօրենությունը մինչ օրս պատշաճ քայլեր չի ձեռնարկել վթարային հատվածը վերանորոգելու ուղղությամբ։ 

Հարգելի՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am , խնդրում ենք ուշադրություն դարձրեք այս խնդրին և ապահովեք գիտաշխատողների կյանքի անվտանգությունը»։

Մենք կապ հաստատեցինք Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանի հետ, ում փոխանցմամբ, քանի որ առաստաղի փակող հատվածը գիպսակարտոնից է, անձրեւաջրերից դա թրջվել է եւ տեղի է ունեցել փլուզում․ «Տանիքը արդեն 11 տարվա է, այդ նյութը իր հատկությունը կորցրել է, սկսել է տակից բաց թողնել, դրա համար նման բան է տեղի ունեցել, բայց մենք արդեն տրամադրել ենք գումար տանիքը սարքելու համար եւ այսօր դնում ենք տենդեր, որ արագ ձեւով տանիքը սարքենք։ Այո, մեկ անգամ էլ էր նման միջադեպ եղել, մենք ցելոֆանով փակել էինք, որպեսզի այդտեղ աշխատողներ չլինեն, այդ տարածքում աշխատողներ չեն նստում եւ ոչ ոք չի վնասվել»,-նշեց փոխտնօրենը, ով խուսափեց ասել, թե 10 տարի առաջ անբարեխիղճ ու անորակ աշխատանք են կատարել, պարզապես, ըստ նրա, օգտագործված շիննյութի օգտագործման ժամկետը 10 տարի է, որը մաշվել է եւ հանգեցրել փլուզման։