Եղել է անճշտություն՝ հաստատված դեպքերը 12-ով շատ են. վարչապետ

Եղել է անճշտություն՝ հաստատված դեպքերը 12-ով շատ են. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ մի ճշտում կատարեց կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ: Նա տեղեկացրեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրենք այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել են և ստեղծել են թվային համակարգ, որտեղ on line ռեժիմով թարմացվում են տվյալները:

«Եվ այս ճշգրտումների արդյունքում մենք հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, դեռևս ևս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը, հետևաբար ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր՝ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք, առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսպիսի անճշտությունները հնարավոր են, որովհետև դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից մյուս հիվանդանոց տեղափոխելու հետ, որևէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցելու հետ և այլն:

«Սա, իհարկե, մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով՝ մենք այսպիսի անճշտություններ, եթե լինեն, ժամանակ առ ժամանակ կուղղենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա դիմեց Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին, թե ավելացնելու բան ունե՞ն, սակայն ավելացնելու որևէ բան չունեին պարետն ու առողջապահության նախարարը՝ վարչապետը նրանց փոխարեն ամեն ինչ ասել էր: