Նոր մանրամասներ՝ Օսիպյանի եղբորորդու գործից

Նոր մանրամասներ՝ Օսիպյանի եղբորորդու գործից

2014 թվականին այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է։

Հիշեցնենք, որ 2014-ի հունիսի 1-ին այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության դեպք էր գրանցվել։ Հանցագործության մեջ կասկածվող Սեդրակ Օսիպյանը շուրջ մեկ տարի հետախուզվում էր, ապա 2015-ի մարտի 21-ին ներկայացել էր Քննչական կոմիտե եւ ցուցմունք տվել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Գործով վկա Սարգիս Հովհաննիսյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով, նա հետախուզվում է, նույն հոդվածով մեղադրվում են նաեւ տուժող Վանուշ եւ վկայի կարգավիճակ ունեցող Վիգեն Ալեքսանյանները։

Դանակահարության մեջ մեղադրվում է Սեդրակ Օսիպյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Սարգիս Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջնորդություն է ներկայացրել Սարգիս Հովհաննիսյանի նկատմամաբ հետապնդումը դադարեցնելու և նրա մասով գործը կարճելու վերաբերյալ։ 

«Ես միջնորդել էի քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը Սարգիս Հովհաննիսյանի մասով  քրեական հետապնդումը դադարեցնելու եւ Սարգիս Հովհաննիսյանի մասով կարճելու վերաբերյալ, միջնորդությունը քննիչի և դատախազի կողմից մերժվել է, և միջնորդության քննությունը, բնականաբար, ուղարկվել է դատարան։ Այս պահին իմ պաշտպանյալը գտնվում է հետախուզման մեջ, նախաքննություն է իրականացվում։ Գործը նախկինում կարճվել է, հետո կասեցվել է, հետո կասեցումից հանվել է ։ Այս պահին նախաքննությունը ընթացքի մեջ է»։

«Մեղադրանքի համար հիմք հանդիսացած այն բոլոր ապացույցները ,որոնցով փորձում են հիմնավորել հանցանքը իմ պաշտպանյալի կողմից կատարվելու փաստը, այդ ամենը ես հերքել եմ, իրենց ներկայացրած հիմքերին հերթով անդրադարձել եմ, և ցույց տվել, որ դրանք չեն կարող ապացուցվել։ Կան ապացույցներ, որոնք ուղղակի զավեշտի են հասնում։ Օրինակ՝ քննիչը մեղադրանքը հիմնավորել է Սարգիսի մոր և եղբոր ցուցմունքներով, որոնք, բնականաբար, Սարգիսի դեմ ցուցմունք չեն տվել»,- ասաց Վիրաբյանը։