Ծնողավարություն․Մոր դերը որդու դաստիարակությունից մինչև ամուսնություն

Ծնողավարություն․Մոր դերը որդու  դաստիարակությունից մինչև ամուսնություն

Ընտանիքի ներդաշնակությունը կախված է թե՛ հորից, թե՛ մորից: Մայրը քնքշություն է, սեր, ջերմություն ու հոգատարություն, հայրը` ուժ, պաշտպանվածություն, վստահություն ու կայունություն: Եթե աղջկա` տղամարդու հանդեպ վերաբերմունքը ձեւավորվում է հոր միջոցով, ապա մայրը որդու համար հենց նրա ապագա կնոջ օրինակն է: Եվ որքան էլ հարս ու սկեսուր հաճախ իրար նկատմամբ անբարեհաճ են լինում, պետք է ընդունեն, որ իրենք ընդհանուր գծեր ունեն: Մայրը տղայի կյանքի առաջին կինն է, ով ձեւավորում է տղայի` հակառակ սեռի մասին առաջին պատկերացումները: Հենց նրա միջոցով է որդին ծանոթանում կանացի հոգատարությանը, քնքշությանը, հասկացվածությանը, բարությանը: Եթե տղան մանկության ժամանակ բացի ծնողական ագրեսիայից ու օտարությունից այլ բան չի ստացել, հասուն տարիքում նա որեւէ լավ բան կանանցից սպասել չի կարող եւ լավ ամուսին ու լավ հայր լինելու փոխարեն ամեն կերպ փորձելու է ցույց տալ իր չարությունն ու ատելությունը:

Մայրը` կնոջ օրինակ

Մոր կերպարը դրոշմվում է որդու ենթագիտակցության մեջ, թարմանում ու հարստանում է նրա մեծանալուն զուգընթաց, իսկ հետո, երբ տղան դառնում է երիտասարդ, այդ կերպարը հիմնարար դեր է կատարում նրա` կյանքի ուղեկցի ընտրության հարցում (ի դեպ, սկեսուրը հաճախ չի հավանում որդու ընտրությունը): Ուստի մայրը պետք է միշտ հետեւի իր արտաքինին, ինքնակրթվի, որպեսզի որդին մշտապես կարողանա վստահ ասել. «Իմ մայրն ամենալավն է»:

Շատ կարեւոր է, որ դաստիարակության ընթացքում մայրը չափը չանցնի որդուն խնամելիս եւ նրա նկատմամբ իր սերն արտահայտելիս: Զգացմունքների չափազանց արտահայտումն ու որդու կյանքում միակ կինը լինելու անհագ ցանկությունը կարող են հանգեցնել, որ տղան ամբողջ կյանքում այդպես էլ չկարողանա գտնել իր երկրորդ կեսին: Չէ՞ որ նրա ընկալումներում ձեւավորվում են ստերեոտիպեր, որոնց համաձայն` մայրիկից լավը չի կարող լինել, ուստի ինչո՞ւ փոխարինել նրան ուրիշ կնոջով: Այստեղից էլ ձեւավորվում են «մամայի բալաները», որոնք նույնիսկ կնոջ ի հայտ գալուց հետո նախընտրությունը միշտ տալիս են մայրիկին եւ ոչ երբեք` իրենց ընտրյալին: Այսպիսով, մայրական անվերահսկելի սերը դառնում է տղամարդու չստացված անձնական կյանքի պատճառ: Մինչդեռ արդեն 5-6 տարեկանից տղայի մոտ պետք է ձեւավորվի տղամարդկության, ինքնուրույնության ու ինքնավստահության գիտակցումը: Եթե մայրն իր որդու մեջ չի դաստիարակում այս որակները, ապա հասուն տարիքում զավակն անկարող է լինում ինքնուրույն կյանքի, մեծանում է թույլ ու անօգնական: Այդպիսի տղամարդիկ հաճախ ամուսնանում են կանանց հետ, որոնք տարիքով իրենցից զգալիորեն մեծ են եւ կարող են շարունակել մայրիկի առաքելությունը` պաշտպանել, գերխնամել, որոշումներ կայացնել:

Աշխարհը` մոր աչքերով

Մոր կերպարը նպաստում է սոցիալական աշխարհում տղայի` ձեռքբերումների նկատմամբ ունեցած դիրքորոշման կամ հակառակը` անհաջողություններից փախչելու վերաբերմունքի ձեւավորմանը: Ինչպե՞ս է դա զարգանում: Եթե մայրը դեռ վաղ հասակից երեխային օգնում է հաղթահարել կասկածներն ու վախերը որեւէ արդյունքի հասնելու ճանապարհին, ոգեւորում է նրան, նրա մեջ սերմանում ինքնավստահություն, որ ամեն ինչ կստացվի, ապա հասուն տարիքում տղան, որպես կանոն, հաջողություններ է ունենում: Իսկ եթե մայրը միշտ վախենում է որդու համար` կարծելով, թե նա դեռ փոքր է, չի կարող այս կամ այն բանն անել, նրան փոխանցում է իր վախերն ու կասկածները, ամեն հարց նրա փոխարեն լուծում` միեւնույն ժամանակ ասելով՝ դու առանց ինձ ոչինչ չես կարող, կամ՝ թող ես անեմ, քեզ մոտ չի ստացվի, այդպես կոտրում է տղայի` սեփական անձի նկատմամբ հավատի զգացումը: Եթե որդու գործած սխալների համար մայրը բարկանում է, նեղացնում, նսեմացնում, պատժում նրան ուրիշների ներկայությամբ, ապա որդու մոտ առաջանում է պատասխանատվության նկատմամբ վախ: Այս պատճառով տղան տարիներ շարունակ խուսափում է պատասխանատվությունից: Ինչպես նաեւ` որդու ներաշխարհի նկատմամբ չափազանց վերահսկողությունը, նրա իրերը, ցանկություններն ու հետաքրքրությունները ստուգելը նրան դարձնում են ենթարկվող ու զոհի կերպարով:

Չափի մեջ

Մայրերը պետք է հիշեն, որ որդու՝ չափն անցած հուզական կապվածությունն իրենց հետ, ինչպես նաեւ ցանկացած նախաձեռնության ճնշում հսկայական արգելք են որդու կամքի ուժի զարգացման, հետեւաբար նաեւ` հաջողությունների հասնելու մոտիվացման, ապագա տղամարդու անհատականությունը կոտրելու համար: Մայր-որդի շփման մեջ կարեւորն անհաջողությունների ժամանակ որդուն սատարելու եւ նրա հետաքրքրությունները հասարակության առջեւ պաշտպանելու մոր ունակությունն է: Պետք է հիշել հաջողության հոգեբանական օրենքը. «Բարձրանալու ու հաջողության հասնելու համար վայրէջքը` անհաջողությունը, պարտադիր է»: Այստեղ կարեւոր է մոր բարոյական սատարումը որդուն. «Դու անպայման այս իրավիճակը գլուխ կբերես, ես քեզ հավատում եմ»: Այսպիսի սատարում ունենալով` որդին ի վիճակի կլինի հաղթահարել ու լուծել ցանկացած խնդիր ու հաջողության հասնել:

Ինչպիսի մայր է պետք տղաներին
• մայր, ում հետ կարելի է զրուցել
• մայր, ով իրեն հարգում է
• ով բոլոր հարցերում ունի դրական տրամադրվածություն
• ով փորձում է հասկանալ իր արկածներն ու կատակները
• ով հավատում է իր մեծ ապագային 
• ով հետեւողականորեն հետեւում է կարգուկանոնին 
• ով սովորեցնում է կանանց նկատմամբ լինել հարգալից
• ով ազատություն է տալիս` գիտենալով, որ նա դրան արժանի է:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ