Դո՞ւք ով եք, որ բողոքում եք ժողովրդի ընտրության դեմ
Եթե ինձ հարցնելու լինեն, կարող եմ ասել, որ Փարաքար համայնքում մի այնպիսի բան տեղի չի ունեցել, որ խառնվենք իրար: Եղածը համայնքապետի ընտրություն է: Մարդիկ ընտրել են՝ ում ուզեցել են: Փաշինյանն է ասել՝ նոր Հայաստանում այլեւս հնարավոր չէ ընտրություն կեղծել: Վերջացավ: Իսկ թե ինչու են փարաքարցիները համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին, դա արդեն ո՛չ Փաշինյանը եւ ո՛չ էլ նրան սպասարկող ընդդիմությունը վիճարկել չեն կարող: Թող գնան մտածեն, թե ինչու են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներն ընտրել Դավիթ Մինասյանին եւ ոչ թե որեւէ ՔՊ-ականի կամ ՔՊ-ականի սանիկի: Կոտայքի ՔՊ-ական մարզպետն էլ էր շատ ձեռուոտ ընկել, որ իր թեկնածուն հաղթի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Դե հիմա չստացվեց, ի՞նչ կարող ես անել: Հո չե՞ս կարող հայտարարել, թե ընտրությունները կեղծվել են: Նոր Հայաստանում նման բան լինել չի կարող, վերջ, Նիկոլ Փաշինյանն է ասել:
Բայց գանք Փարաքար: Հա, թույլ տվեք նաեւ նկատել, որ թե՛ Աբովյանը եւ թե՛ Փարաքարը մայրաքաղաք Երեւանին կպած բնակավայրեր են, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանություններին Երեւանի շրջակայքում «սավսեմ նե ուվաժայուտ, սլուշի…»: Հիմա ես մտածում եմ, որ վիճակն առավել ծանր է համեմատաբար հեռու բնակավայրերում, օրինակ՝ Արարատի մարզում, որտեղ ՔՊ-ական կոկորդիլոսագործը որոշել է էս գլխից ազատվել անցանկալի համայնքապետերից ու աջուձախ գործից ազատում է օրինական ընտրություններով ընտրված մարդկանց: Թե ասա՝ այ մարզպետ, ո՞վ է քեզ այդպիսի իրավունք տվել, չլինի՞ Նիկոլը: Կարճ ասած՝ ՔՊ-ի գործերը ՔՊ են՝ առանց Պ-ի:
Դե լավ, գանք Փարաքար: Սկսեմ այնտեղից, որ հանրահայտ Շմայսի (Առաքել Մովսիսյան) գլխին սկսել են սեւ ամպեր կուտակվել: Նիկոլ Փաշինյանին սպասարկող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am կայքը ոչ պակաս հայտնի «Սարգիս Արծրունի» ստորագրությամբ մի հոդված է հրապարակել, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Քրեական հանցագործը՝ գյուղապետ․ Շմայսի ռեւանշը»:
Սա դեռ վերնագիրն է, իսկ բուն տեքստում ավելի խայտառակ բաներ են ասել այլեւս օրենքի տառին համապատասխանեցված Առաքել Մովսիսյանի հասցեին. «Մենք տեղեկատվություն ունենք, որ Դավիթ Մինասյանը ոչ անհայտ Շմայսի շրջապատից է (ի՜նչ եք ասո՛ւո՛ւմ… Էդ. Ա.) ու գյուղապետ դառնալու հավակնություններ ունեցել է նաեւ նախկինում, սակայն հանդիպել է անգամ Սերժ Սարգսյանի դիմադրությանը։ Ստացվում է՝ հանրապետական նախկին կրիմինալ պատգամավորին հիմա հաջողվել է իրականություն դարձնել այն, ինչը հնարավոր չի եղել անգամ քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին»: Բայց ի՞նչ անճարակ գրպանի ընդդիմություն եք դուք… Բա չեք իմանո՞ւմ, որ Շմայսը հիմա Նիկոլի «քիփն» ա, ու շատ հնարավոր է, որ հենց Նիկոլի աջակցությամբ է «քրեական անցյալ» ունեցող Դավիթ Մինասյանն ընտրվել Փարաքարի համայնքապետ: Էդ Փարաքարն էլ, հակառակի պես, այնքան մեծ է, որ մարդ չի կարողանում ասել՝ գյուղապետ: Ինչ որ է, ընտրություններն ավարտվել են, ու հիմա սրանք աղմուկ են բարձրացրել, թե ո՞նց կլինի, բա քրեական անցյալ, բա ֆլան, ֆստան, բա՝ Շմայսը ռեւանշ արեց… Ռեւա՞նշ, թող Նիկոլը դիմի իր դուռը քացով բացող Ժիրայր Սեֆիլյանին: Ժիրոն է, չէ՞, ռեւանշի գծով պատասխանատուն, ասում էր՝ թույլ չենք տալու, որ ռեւանշ տեղի ունենա…
Նշենք, որ թավշյա ընդդիմության դատարկությունն ընդգծվում է ոչ միայն հեղափոխության նվաճումների նկատմամբ ունեցած սրտացավությամբ: Նրանք նաեւ մոռանում են, որ երբեւէ հանցանք գործած եւ համապատասխան պատիժ կրած մարդը չի դադարում մարդ եւ քաղաքացի լինելուց: Սարգիս Արծրունին, մյուս լրատվամիջոցներն էլ հանկարծ հիշել են, որ համայնքապետ ընտրված Դավիթ Մինասյանը «որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով»: Հասկացանք:
Այդ դեպքում փորձեք բացատրել, թե ի՞նչ գործ ունի Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին, ինչպե՞ս Ալիկ Արզումանյանը դարձավ դեսպան, ինչո՞ւ է, օրինակ, հետերկրաշարժյան Գյումրին թալանած, չբռնված եւ պատասխանատվության չենթարկված հանցագործն այսօր նստած Ազգային ժողովի իշխանական ֆրակցիայում: Հնարավոր է, չէ՞, որ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոն տան: Բայց նա, գրողը տանի, միայն վերջերս է խուսափել քրգործով պատասխանատվությունից, այն էլ՝ Նիկոլի թեթեւ ձեռքով… Եվ, ուրեմն, ի՞նչ անենք, կարո՞ղ ենք ասել, որ 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները, Փարաքարի ընտրությունների նման, «ակնհայտ քրեական միջավայրում են անցել»: Օ՛, նման բան չի կարելի ասել, որովհետեւ ԱԺ ընտրություններում ընտրվել են ժողովրդի կողմից սիրված քրեական անցյալ ունեցողները:
Քրեական անցյալ ունեցած Դավիթ Մինասյանն ընտրվել է՝ լավ է արել: Փարաքարցին նրա՞ն է ընտրել, լավ է արել: 1in.am, Դո՞ւք ով եք, որ բողոքում եք այդ ընտրության դեմ եւ արտահերթ ընտրություն եք պահանջում: Մեկը լինի՝ ձեր ընտրությունը վիճարկի, պարոն Արման Բաբաջանյան, որ երկու զույգ մեկ կենտ քվեով հայտնվել եք խորհրդարանում ու մի հատ էլ անկախ պատգամավոր եք ինքնահռչակվել: Մարդիկ տարակուսած են՝ «կտո՞ էտոտ պատերպեւշիյ», ո՞վ է նրան ընտրել, էյֆորիայի մեջ՝ մենք չենք էլ իմացել, որ այդպիսի թեկնածու կա… Մի քիչ մտածեք, ախր, հետո վիճարկեք Փարաքարի ընտրությունը:
Ամփոփելով՝ նշեմ, որ իշխանությունը, իշխանական կուսակցությունը եւ այն ամենը, ինչ կապված է նրանց հետ, մեղմ ասած, լավ օրեր չեն ապրում: Փարաքարը միակ համայնքը չէ, որ այս օրերին մերժել է ՔՊ-ական կամ ՔՊ-ի պաշտպանած (բացահայտ կամ տակից) թեկնածուներին: Արդեն դույզն-ինչ չեմ կասկածում, որ այդ համայնքների շարքը լրացվելու է նաեւ թավշյա ծեծուջարդ տեսած Իջեւանով, որտեղ Փաշինյանը հաջողացրել է քաղաքապետի ԺՊ նշանակել իր քավորին: Հետո հերթը կգա նաեւ Գյումրիին եւ Վանաձորին, իսկ ամենահետաքրքիրը կլինի Էջմիածնի քաղաքապետի ընտրությունը… Ու եթե Էջմիածնում պարտվի ՔՊ-ի թեկնածուն, իսկ գեներալ Մանվելն էլ ողջ-առողջ լինի այդ ժամանակ, ի՞նչ են ասելու Փաշինյանի 5-րդ շարասյուները, մի՞թե ասելու են՝ Մանվելը ռեւանշի հասավ:
Կարծիքներ