Ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը հաճոյանում նոր իշխանությանը

Ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը հաճոյանում նոր իշխանությանը

Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ եւ «Արմսվիսբանկի» սեփականատեր Վարդան Սրմաքեշը հին եւ նոր հայաստանյան իշխանավորների լավ բարեկամն է, իսկ բարեկամության առհավատչյան խոստումներն են: Սերժ Սարգսյանին էր խոստումներ տալիս, հիմա էլ Նիկոլին ու Աննային է «փաղաքշում»: Շվեյցարիայում Աննա Հակոբյանն այցելել էր Սրմաքեշի «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, վերջինս էլ նրա հիմնադրամների դոնորներից է, չնայած Հայաստանում ֆինանսական դատի մեջ է։

Պետք է նկատել, որ հեղափոխական իշխանության օրոք Սրմաքեշի նշած թվերը տասնապատկվել են: Այսպես․ 2015-ին նա վարչապետ Հովիկ Աբրահամյանին խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչ մի բան չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան՝ նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հեղափոխությունից հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում: Ֆաբրիկայի աշխատողները բողոքեցին, որ շահագործվում են, չնչին գումարներ են ստանում ու աշխատում են անմարդկային պայմաններում: 

Հեղափոխությունից շատ չանցած՝ նորից լսեցինք շվեյցարահայ գործարարի մասին՝ որ նա պատրաստվում է 100 միլիոն դոլար ներդնել՝ արտագաղթը կասեցնելու նպատակով: Մինչ օրս ձայն չկա այդ 100 մլն-ից: Երբեմն Սրմաքեշը կրկնում է իր խոստումները․ Գյումրիում ծննդատուն կառուցելու մտադրության մասին ե՛ւ Սերժի ժամանակ էր ասել, ե՛ւ ուղիղ 1 տարի առաջ: Նույնիսկ հուշագիր է ստորագրել Արսեն Թորոսյանի հետ՝ նոր ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ։ Թորոսյանն անգամ իր ՖԲ էջում գրեց այդ մասին: Ոչ մի ծննդատուն էլ չկառուցվեց, բայց միլիոնատիրոջ հայրենասիրական հիպնոսն այնքան ազդեցիկ էր, որ Շիրակի մարզի որոշ բնակիչներ հավատում են, թե նոր ծննդատունը կառուցվել է եւ նույնիսկ գործում է: 
«Արարատ» թիմի հետ կապված էլ հետաքրքիր պատմություն ստացվեց:

Թիմի համասեփականատերը դառնալով՝ Սրմաքեշը զարգացման, մարզային հաջողությունների հույսեր ներշնչեց: Բայց թիմի բյուջեն չմեծացավ, եւ խոստումներն ավարտվեցին սկանդալով: Կոնֆլիկտ հասունացավ Սրմաքեշի եւ ռուսաստանցի միլիոնատերերի միջեւ, որի մասին հանրությանը պատմեցին հենց Սրմաքեշի կողմից հրավիրված «Արարատի» նախկին գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանն ու ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը: Հովհաննիսյանն իր հարցազրույցներում պատմեց, որ պայմանավորվածություններ էր ձեռք բերել ռուսաստանցիների հետ թիմը 10 տարի ֆինանսավորելու մասին, որոնք Սրմաքեշը չեղարկել է, իսկ Գաբրիելյանովն ամիսներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Սրմաքեշը վաճառել է «Արարատին» պատկանող 40 հեկտար հողը՝ Երեւանի էլիտար թաղամասում: Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ, որ բազմիցս նշել է, թե «Արարատի» բազան դարձրել են արտադրամաս, կոշտ որակում տվեց. «Սրմաքեշ Վարդանին թվում է, թե ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ»: Մեղադրանքներն իր հասցեին Վարդան Սրմաքեշը թերթերից մեկին տված հարցազրույցում որակել է զառանցանք, առանց բացատրություններ տալու: 

Չիրականացված խոստումներ էլի կան՝ Մարալիկի կարի, ոսկու ձուլակտորների արտադրամասեր: Վերջինի մասին Սրմաքեշը գարնանը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: 5 ամիս է անցել, եւ ոչ մի ձուլակտոր չի երեւում: Այդպիսի արտադրություն Հայաստանում ոնց որ թե գոյություն չունի: 

Ո՞րն է սուտ խոստումների պատճառը: Ի՞նչ ակնկալիք ունի «Արմսվիսբանկի» սեփականատերը Հայաստանի նոր իշխանավորներից: «Կարծում եմ, դա ավելի քան 5 տարի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող թիվ ԵԿԴ0448/02/14 քաղաքացիական գործն է, որտեղ պայքարում են Սրմաքեշի սեփականությունը հանդիսացող «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն եւ իմ «ՎՌ-ընդ ՋԻ պրոֆայլ» ՍՊԸ-ն, որը ես ներկայացնում եմ դատարանում»,- ասում է «ՎՌ-ընդ ՋԻ պրոֆայլ» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը: Նա կարծում է, որ «Արմսվիսբանկի» սեփականատիրոջ պատճառով իրեն ահռելի նյութական վնաս է հասցվել, եւ ուզում է փոխհատուցում ստանալ Սրմաքեշից: 

Նա չցանկացավ գործի մանրամասները պատմել, ասելով, թե երկար տարիների ձգձգված ֆինանսական վեճի մասին է խոսքը: «Դատարանը կորոշի՝ ով է ճիշտ»: Մենք էլ չենք խորանում վեճի մանրամասներում: Միայն նշենք, որ խոսքը մոտ 4 մլրդ 619 մլն դրամի փոխհատուցման մասին է: Վեճը 10 տարեկան է եւ արդեն մոտենում է ավարտին: Այնպես որ, կապերը ՀՀ իշխանավորների հետ Սրմաքեշին կարող են պետք գալ: Այդ վեճի մեջ մեզ հետաքրքրեցին Սրմաքեշի ջերմ հարաբերություններն Աննա Հակոբյանի հիմնադրամի հետ եւ այն հանգամանքը, որ վարչապետի կինը 2018 թվականի դեկտեմբերին Շվեյցարիա կատարած հայտնի այցի ժամանակ հատուկ եղավ «Ֆրանկ Մյուլլեր» գործարանում եւ հանդիպեց Վարդան Սրմաքեշին՝ անտեսելով այն հանգամանքը, որ վերջինս ծանր ֆինանսական վեճ ուներ Հայաստանի դատարանում:

Գուցե դատավորների կաշկանդվածությո՞ւնն է հին ու նոր իշխանությունների սիրեցյալի հանդեպ պատճառ եղել, որ դատարանները ձգձգել են վեճի քննությունը, արգելակել են այն, իրար վրա գցել: Մի փաստ միայն, որը վկայում է դատարանների կաշկանդվածության մասին: 2020 թվականի  ապրիլին Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի հետ իր հանդիպման նկարներն էր տեղադրել, եւ որպես հետևանք ընդամենը օրեր անց՝ մայիսի 10-ի դատական նիստի ժամանակ, որն այս գործով վերջինն է եղել, դատավոր Ավագ Գաբրիելյանը հրաժարվել է գործից, այն ուղարկելով սնանկության դատարան: Սնանկության դատարանը /դատավոր Նարինյան/, հրաժարվել է գործը վարույթ ընդունել և ուղարկել է վճռաբեկ դատարան՝ որոշելու, թե որ դատական ատյանն է քննելու գործը: Վճռաբեկ դատարանն էլ իր հերթին որոշում է կայացրել ուղարկել գործը Երևանի դատարան, նույն դատավոր Ավագ Գաբրիելյանի վարույթ: Այսպես դատավորներն իրար վրա են գցել Սրմաքեշի դեմ որոշում  կայացնելու վտանգավոր առաքելությունը, և Ավագ Գաբրիելյանի գլխացավը վերադարձել է իրեն: