Ճգնաժամը հասավ գագաթնակետին

Ճգնաժամը հասավ գագաթնակետին

Երբ 2020-ին մեկը մյուսի հետեւից հրաժարականներ տվեցին պետական պաշտոնյաները՝ ՊԵԿ նախագահ, ԱԱԾ տնօրեն, պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, առողջապահության նախարար, մենք բնական համարեցինք՝ հատկապես պատերազմից հետո հրաժարականներն անխուսափելի են։ Բայց կառավարման ճգնաժամի մասին քչերն էին խոսում։ Երբ տարբեր ինստիտուտներ սկսեցին պահանջել պատերազմում պարտված վարչապետի հրաժարականը՝ կաթողիկոսներից մինչեւ համալսարաններ ու Ակադեմիա, բժիշկներից մինչեւ փաստաբաններ, դա նույնպես առանձնակի ուշադրության չարժանացավ։ Ինքը՝ Փաշինյանը, հայտարարեց, որ դա դեռ ժողովուրդը չէ՝ մինչեւ ժողովուրդը չպահանջի, չեմ հեռանալու։

Հետո ոտքի ելավ բանակը՝ իր կորպուսներով եւ գեներալներով։ Դա էլ կառավարման ճգնաժամ չկոչեցինք, չնայած ակնհայտ էր, որ պատերազմից հետո բանակի դերն ու նշանակությունը մեզանում ավելի է մեծացել, եւ մենք չենք կարող մի վարչապետին նախընտրել մի ամբողջ հրամանատարական կազմից։ Հետո սկսեցին ընդվզել դատարանները՝ ճիշտ է, նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեցին, բայց նրա ուղիղ ցուցումով ձերբակալված անձանց էին բաց թողնում, նրան ենթարկվող իրավապահների հարուցած քրեական գործերն էին մերժում եւ հետապնդումները դադարեցնում՝ ինչքան էլ Փաշինյանն ամբիոններից փնովում ու դատապարտում էր նրանց։ Կառավարման ճգնաժամը հասավ նաեւ բուհերին, իսկ ԵՊՀ-ում ուղղակի անհեթեթ վիճակ ստեղծվեց։

Հիմա հերթը հասել է դիվանագիտական ոլորտին եւ արտաքին գերատեսչությանը։ ԱԳ նախարար-փոխնախարարների հեռանալը, աշխատակազմի ընդվզումը լուրջ ազդակ են, որը խոսում է մեր երկրի անխտիր բոլոր ոլորտներում առկա ճգնաժամի մասին։ Եվ ընտրություններին ներկայացված 26 հայտը եւս այդ ճգնաժամի դրսեւորումն է։