Գնացեք, որ հետ գաք

Գնացեք, որ հետ գաք

Ի՞նչ է ասում հասարակության մի մասը՝ ընդդիմության գլխավորությամբ։ Ասում են, որ ՀՀ իշխանությունները ձախողել են իրենց գործը, դավաճանել են, չեն կարողացել գլուխ հանել պետության կառավարումից եւ մենք պարտվողական, խայտառակ մի համաձայնությամբ թշնամուն ենք հանձնել 30 տարվա մեր հաղթանակը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքի մի մասը։ Ի՞նչ է ասում իշխանությունը։ Ասում է՝ պարտությունը իմը չէ, բոլորինս է։ Մենք հաջողելու, հաղթելու շանս գրեթե չունեինք եւ դա ոչ թե իշխանությունների մեղքով էր, այլ ձեր բոլորի, նախկին իշխանությունների, մեր աղքատիկ բյուջեի, միջազգային հանրության, հայի չար բախտն էլ՝ վրադիր։

Թողնենք դատավորի կեցվածքը եւ ենթադրենք, որ այս վեճի կողմերից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը եւ հասարակության մի մասը հավատում է առաջին, մյուս մասը՝ երկրորդ ճշմարտությանը։ Նաեւ քիչ հավանական է, որ հայ մարդը կփոխի իր կարծիքն ու կհամաձայնի, որ ոչ թե ինքն է ճիշտ, այլ դիմացինը։ Ո՞րն է լուծումը։ Մի բան պարզ է, որ իսպառ խախտվել է հանրային համերաշխության մթնոլորտը եւ հասարակության մի հսկա հատված այլեւս չի վստահում գործող իշխանություններին։ Ու այս մթնոլորտում մեր վերքերը բուժել հնարավոր չի լինելու։ Այս պարագայում վարչապետի հրաժարականը աշխարհի վերջը չէ՝ հազարավոր երկրներում վարչապետներն ու կառավարությունները հրաժարականներ են տալիս եւ շատ ավելի փոքր պատճառներով։ Եթե իսկապես հանրության մի հատվածը դեռեւս վստահում է Քաղպայմանագրին, ապա ընտրությունների ճանապարհով նրանց կրկին կբերեն իշխանության։ Եվ դժգոհների բանակը այլեւս կլռի։ Փաստ է, որ 2018-ի լեգիտիմությունը կորսված է եւ նոր ընտրությունները հրամայական են։ Գնացեք, որ հետ գալու շանս ունենաք, այլապես գնալով այդ շանսը նվազելու է։