«Հրապարակ». Թող իրենք համերգներ կազմակերպեն, մենք էլ գնանք՝ հաց թխենք

«Հրապարակ». Թող իրենք համերգներ կազմակերպեն, մենք էլ գնանք՝ հաց թխենք

Հայաստանում կա շոու եւ բիզնես, բայց շոու բիզնեսի շուկա չկա, իսկ այն, ինչ կա, նեղ է եւ, հասկանալի պատճառներով, սահմանափակ: Այնպես չէ, որ մեր հանդիսատեսը չի գնում համերգների: Գնում է: Ու, ասենք, հայ հայտնիների ու հնդկական սերիալներից հայտնի աստղիկների համար 3-12 հազար դրամ վճարում են: Բրեգովիչի համերգին էլ անվճար ու մեծ հաճույքով գալիս են ու թեկուզ մրսելով, լսում են` անմոռանալի Ամանոր ունենալու հույսով: Ճիշտ է, դրանից հետո դեռ երկար ժամանակ քննարկվում էր ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի վճարած գումարը՝ որպես աջակցություն համերգի կազմակերպիչներին, ե՛ւ երաժիշտին վճարած հոնորարի չափը: 

Որպիսին շուկան է, այդպիսին էլ շուկայի խաղացողներն են: Համերգային կազմակերպիչները մոտ 30-40 ընկերություններ են, որոնք լրացնում են փոքր բիզնեսի սեգմենտը: Եվ ահա, պետությունը, ի դեմս կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ի դեմս տարբեր այլ գերատեսչությունների ու անձանց, մտնում է այս փոքր շուկան ու տակնուվրա անում այն՝ սա համերգների կազմակերպիչների կարծիքն է, որոնք զուտ մասնավոր բիզնեսի տրամաբանության մեջ են եւ բերում են միայն այն աստղերին, որոնց կարողանում են վճարել իրենց գրպանից ու դեռ եկամուտ ստանալ: 

Վերջերս, սակայն, շուկայում հայտնվեցին այլ, հզոր խաղացողներ, որոնք կարողանում  են բերել համաշխարհային աստղերի: Մարզահամերգային համալիրում մեկնարկած  «Ստարմուս» փառատոնի շրջանակներում, որը նախաձեռնել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն կազմակերպեց ՔՊ-ական վերնախավը, նախատեսված էին համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ՝ «Քուին» խմբի հայտնի կիթառահար Բրայան Մեյի, System of a Down-ից Սերժ Թանկյանի, Դերեկ Շիրինյանի, Անդրեյ Մակարեւիչի եւ այլոց: 

Պետական հովանավորությունից օգտվող մյուս ընկերությունն էլ ՀԱՅԱ փառատոնն է, որի հիմնադիրը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է: Նա է կազմակերպել Պլասիդո Դոմինգոյի, Անդրեա Բոչելիի, Լարա Ֆաբիանի, Գառուի, Ջո Կոկերի, այլոց համերգները: ՀԱՅԱ-ի շրջանակներում հուլիսին Մարզահամերգային համալիրում ելույթ ունեցավ 50 Cent-ը, եւ շուտով մեր հանրությանն է ներկայանալու Քրիստինա Ագիլերան, որի համերգը կայանալու է հոկտեմբերի 22-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: 50 Cent-ի համերգի կազմակերպումը, ըստ շոուբիզնեսում տարածված սանդղակի, 1 մլրդ դոլար է: Մեկ տոմսն արժեր մինչեւ 250 հազար դրամ: Հանրաճանաչ ռեփերի հոնորարը ՀԱՅԱ փառատոնի հիմնադիրը չի հրապարակել՝ ասելով, որ դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է: Զազի եւ Քրիստինա Ագիլերայի հոնորարների չափը եւս հրապարակման ենթակա չէ: Տոմսերի գները թեեւ բարձր են, այսօր Ագիլերայի համերգի տոմսի վաղ ամրագրումը 15-100 հազար արժե, բայց որքան մոտենում է համերգը, այնքան թվերը բարձրանում են: 15 հազարի փոխարեն նշվում է 30 հազարը, 100 հազարը դառնում է 150 հազար: Հասկանալի է, որ անգամ եթե Ագիլերային համոզել են, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում կես գնով երգի, ու մի 400-500 ռուս՝ Հայաստանի նոր վճարունակ փոքրամասնությունից, տոմս է գնել 50 Cent-ին տեսնելու ու լսելու համար, միեւնույն է, համերգից ստացվող հասույթը չի արդարացնելու այն գումարները, որ ծախսվել են դրա կազմակերպման համար: 

Ո՞վ եւ ի՞նչ ներարկումներ է անում այս աստղերին բերելու համար: Համերգային գործունեությամբ զբաղվողների տեղեկություններով, ՀԱՅԱ փառատոնին աջակցում է վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Համաշխարհային աստղերի համերգների գովազդով երբեմն զբաղվում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ իր ֆեյսբուքյան էջի եւ հայտարարությունների միջոցով: Ապրիլին հենց նա էր առաջինը հայտնել հայ հանրությանը, որ լեգենդար Led Zeppelin ռոք խումբը, 50 Cent ռեփերը ու Zaz երգչուհին համերգներով Երեւան են գալու։ 

«Գիտեք՝ Led Zeppelin-ը համաշխարհային ճանաչում ունեցող խումբ է, որ գալու է Երեւան, մեզ մոտ նախանշված են նաեւ Zaz-ի եւ 50 cent-ի համերգները։ Պլանավորում ենք այս տարի ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլեւ բանիվ»,- լրագրողներին հայտարարել էր նախարարը: Սակայն ծիծաղելի է պատկերացնել մի զբոսաշրջիկի, ով գալիս է Հայաստան՝ 50 cent լսելու:  

Փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը չի հերքում, որ ՀՀ կառավարությունից աջակցություն ունի, սակայն վստահեցնում է, որ այդ աջակցությունը նյութական չէ: Նա բացատրում է, որ համաշխարհային աստղերին բերում է մեր տնտեսությունը զարգացնելու համար: «Երկրի զարգացվածության, տուրիզմի, իմիջի հետ կապ ունի մեր գործունեությունը: Բիզնեսը նպատակ չէ, դրան հասնելու համար ժամանակ է պետք: Կգա մի կետ, որ փառատոնն այնքան հայտնի կլինի Հայաստանում, որ տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն ՀԱՅԱ-ի համերգներին, ու դա կաշխատի որպես հրաշալի բիզնես մոդել»,- ասում է նա: Պետությունը, ըստ Սոնա Հովհաննիսյանի, այս պահին իրեն օգնում է գովազդ ապահովելով, ինչն անում է Վահան Քերոբյանը, եւ տեխնիկապես է արվում՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի: «Դա ֆինանսական աջակցություն չէր, բայց մենք դա շատ գնահատում  ենք: Պարոն Քերոբյանն ու նրա ադմինիստրատիվ կազմը մեզ շատ օգնեցին, իսկ կառավարության կողմից պարոն Հարությունյանի հետ ենք շփվել, իրենք որոշ տեխնիկական ռայդերի որոշ պարագաներով են աջակցել, ստադիոնում: Մենք պետությանը դիմել ենք ու դիմում ենք, որովհետեւ, որպես տնտեսական զարգացման համար մոդել, սա ապահովելու է տուրիստների աննախադեպ աճ, իսկ տուրիզմի նորմատիվներով, գործակից կա, որ, կարծեմ, 728 եվրո էր, թե դոլար, որ մի զբոսաշրջիկը թողնում է Հայաստանում այդ մի քանի օրում: Եթե 5 հազար մարդ գա Հայաստան էս մի քանի օրերի ընթացքում, դա 1 մլրդ դրամ հարկ է, եւ 1,5 մլրդ իրենց ծախսն է»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը: Ըստ նրա, այս պահին վաճառված տոմսերի 80 տոկոսը դրսից են գնել՝ Ռուսաստանից ու ուրիշ երկրներից: Ինչպե՞ս եք համոզում, որ, ասենք, Շակիրան առանց գումար գա կամ փոքր գումարով: «Իրենք առանց գումար չեն գալիս, գալիս են փոխշահավետ պայմաններով, ունենք հովանավորներ, մենք ունենք տոմսի վաճառք, հնարավոր է նաեւ պետական մասնակի աջակցություն»։ 

Հաջորդ տարի ՀԱՅԱ-ն ծրագրել է Սթինգի, Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, Շակիրայի, Դուա Լիպայի ելույթները: Այս շարքը կարդալով՝ մասնավոր բիզնեսը, համերգների հայաստանյան մյուս կազմակերպիչներն ուղղակի «լացում» են: 

«Մենք փոքր ու միջին բիզնես ենք, մենք 6 ամիս տանջվում ենք, մի միջոցառում ենք կազմակերպում, մեկ էլ պետությունը բերում է մի բյուջետային միջոցառում, ամենաթանկարժեք դրոն-շոուով, ամենաանվանի աստղերով, ու նույնիսկ չեն զգուշացնում, թե որ օրն են պլանավորելու։ Արդյունքում դա հաճախ համընկնում է մեր  միջոցառումների հետ եւ բացասաբար է ազդում մեր եկամտի, մեր բիզնեսի վրա: Իրենց համար դժվար չէ, որովհետեւ նրանք այդ գումարը հետ բերելու խնդիր չունեն: Սա նշանակում է, որ պետությունը խփում է միջոցառումներ կազմակերպողների բիզնեսին: Արդյունքում կորում է արդեն հետաքրքրությունը արտիստներ բերելու կամ կլասիկ լավ  երաժշտություն բերելու, ցանկացած գործունեություն վարելու մեր ասպարեզում: Իրենք են որոշում, թե ում հետ աշխատեն, տոմսերն ով վաճառի, որ դահլիճում դնեն եւ այլն: Փակ ակումբ է ստեղծված, կառավարությունը որոշում է, օրինակ, ում տալ բոքսի չեմպիոնատը, ով զբաղվի «Ստարմուս»-ով, ու մի մեծ տոկոս կազմակերպիչներ, պրոդյուսերներ, պրոմոուտերներ, երգիչներ, տեխանձնակազմ, բոլորը սկսում են կախված լինել այդ միանձնյա որոշումից ու սկսում են աշխատել: Մենք ակնկալում ենք պաշտոնական պատասխան, թե ով ու ինչ գումարներ է վճարում աստղերին բերելու համար: Գոնե խաղի կանոններն ասեն, որ մարդիկ, որոնք 20 տարուց ավելի զբաղվում են համերգների կազմակերպմամբ, արտագաղթեն կամ, ասենք, վուլկանիզացիա բացեն, կամ հաց թխեն»,- գանգատվում էր համերգների կազմակերպմամբ զբաղվող մի գործարար: 

Սոնա Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱՅԱ-ն ոչ թե խանգարում, այլ օգնում է իր մրցակիցներին, որովհետեւ ՀԱՅԱ-ն հզոր բրենդինգ է ապահովում Հայաստանի համար: «Երբ որ 50 Cent-ն իր թվիթերում դրեց Yerevan was crazy, I`ll be back, երեք ժամում մեկ միլիոն մարդ դիտեց: Ամենադժվարն առաջին անգամ բերելն է, մեզնից հետո նրանք կրկին հրավիրվում են Հայաստան: Մեր արածով նրանց առաջն է բացվում»,- ասում է ՀԱՅԱ-ի ղեկավարը: