Իշխանություն եւ ընդդիմություն, լրատվամիջոցներին մի սորտավորեք

Իշխանություն եւ ընդդիմություն, լրատվամիջոցներին մի սորտավորեք

Այսօր տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին թույլ չեն տվել մասնակել Քաղպայմանագրի ոչ պաշտոնական լրատվամիջոցի՝ civic.am-ի լրագրողին։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմության ներկայացուցիչները սորտավորում են լրատվամիջոցներին, օրինակ՝ հրաժարվում են պատասխանել իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Իհարկե, այս ավանդույթի հիմնադիրն ընդդիմությունը չէ, գործող իշխանության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել լրատվամիջոցների ակտիվ աջակցության շնորհիվ, 2018-ից հետո սկսեցին արգելել ու փակել իրենց քննադատող մամուլի եւ լրագրողների բերանը։ Առավել եւս վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են պատասխանել ազատ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, չեն հրավիրում ասուլիսների, չեն հավատարմագրում եւ այլն։ 

Մինչդեռ՝ երկուսն էլ անթույլատրելի է՝ եւ իշխանականների, եւ ընդդիմադիրների նման վարքը, քանզի լրագրողների, անգամ՝ ամենասուբյեկտիվ ու որոշակի կողմնորոշում ունեցող լրագրողների հարցերին պարտավոր են պատասխանել բոլորը։ Դա ժողովրդավարության ամենապարզ կանոններից մեկն է։

Երբ ընդդիմությունը բողոքում է հասարակության պառակտումից, սեւ-սպիտակի բաժանումից, հանրային մի խմբին՝ մյուսի դեմ հանելուց, ինքն էլ պետք է զերծ մնա նույնն անելուց։ Որքան էլ տհաճ լինեն  civic.am-ի կամ «Հայկական ժամանակի» հարցերը եւ ակնհայտորեն ինչ որ անձանց կողմից թելադրված, այդ հարցերն ամեն դեպքում կան օդում եւ հանրության մի խումբ, թեկուզ՝ փոքր, հետաքրքրված է դրանցով եւ ուզում է դրանց պատասխանները ստանալ։ 

Իշխանության կողմից՝ թիվի 5-ի, ընդդիմության կողմից՝ civic.am-ի հարցերին չպատասխանելը նշանակում է չպատասխանել հանրության այն անդամների հարցերին, որոնք ընթերցում եւ դիտում են այդ լրատվամիջոցները։ Եթե անգամ գեթ մեկ մարդ ուզում է կարդալ ու լսել այդ հարցերի պատասխանները, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը պետք է հարգանք ունենան այդ մեկ մարդու եւ մեկ լրատվամիջոցի նկատմամբ։ 

Բոյկոտելով, արհամարհելով, փակելով լրատվամիջոցների բերանը դուք ոչնչի չեք հասնի։ Մենք վաղուց անցել ենք այն ժամանակները՝ երբ կարելի էր խոսքի ազատությունը սահմանափակել եւ կոմֆորտ դաշտ ստեղծել սեփական անպատժելիության համար։ 21-րդ դարում դուք կարող եք այս կամ այն լրատվամիջոցը փակել ու արգելել, սնանկացնել ու ճնշել, քրեականացնել զրպարտության եւ վիրավորանքի համար պատիժները, մեծ տուգանքներ սահմանել, բայց ինֆորմացիան արգելել եւ ձեզ համար ցանկալի հունով տանել այլեւս չեք կարող, որովհետեւ կա համացանց եւ կան սոցցանցեր, որոնք լույսի արագությամբ տարածում են ցանկացած թեմա, բարձրացնում ցանկացած հարց եւ քննադատում ցանկացած անձի։