Ալմաթիի Սուրբ Կարապետ եկեղեցու ցուցանակը հանվել է ադրբեջանցիների պահանջով

Ալմաթիի Սուրբ Կարապետ եկեղեցու ցուցանակը հանվել է ադրբեջանցիների պահանջով

Ալմաթիի Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 2006-ին հանդիսավորությամբ բացվել էր որպես Հայ առաքելական եկեղեցու առաջին ծուխ Ղազախստանում, տեւական ժամանակ է՝ չունի ցուցանակ։ Նախկինում փակցված էր ցուցանակ, որը պատկանում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմին, հիմա այն հանված է։

Նախկինում գրված է եղել Ново-Нахичеванская и Российская епархия։ Ինչպես պնդեց մեր հայրենակիցը՝ «Նաիրի» հայկական մշակութային միության նախագահ Արտուշ Կարապետյանն այն հանել է ու տեղադրել նոր ցուցանակ, այն էլ երեք կոպիտ քերականական սխալով։ Առհասարակ, եկեղեցին չի հանձնել թեմին Ղազախստանի պետական ինչ-որ մարմնի պահանջով։ Իսկ պատճառն այն է, որ վերեւից ասել են` ի՞նչ կապ ունի Նախիջեւանը Հայաստանի հետ, դա ադրբեջանական հող է: Մենք զանգահարեցինք պարոն Կարապետյանին՝ հարցնելու համար, թե ինչու է հանվել ցուցանակը։ Հայերեն չխոսող Արտուշ Կարապետյանը նախ ասաց, որ ցուցանակի վրա տառասխալներ են եղել, ապա նկատեց, որ Ղազախստանում ապրող ադրբեջանական համայնքի ղեկավարն է բողոքել «Նախիջեւան» բառից՝ փաստարկելով, որ Նախիջեւանն իրենց հողում է։ Իսկ երբ ի պատասխան նկատեցինք, որ դա եկեղեցու թեմական-պատմական անունն է, առաջարկեց ու անգամ կրկնեց, որ «Նախիջեւանը գտնվում է Ադրբեջանում»։ Ի դեպ, սույն Արտուշ Կարապետյանը նաեւ բավականին սկանդալային անձ է։ Հայաստանում գտնվելիս նա վիրավորել էր լրագրողներից մեկին եւ նրա ձայնագրիչը նետել Կարապի լիճը։ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է իր հետ կապված քրեական գործը, որը ժամանակին հարուցվել էր այդ փաստով (դատախազությունում տվյալներ չէին պահպանվել)։ Նա ասաց, որ վաղուց փակվել է, ու ավելացրեց․ «Լսեք, ի՞նչ եք ուզում, զբաղվեք ձեր պետության խնդիրներով»։

Մայր Աթոռից այս հարցի պատասխանն առաջարկեցին ստանալ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի խոսնակ Ալվարդ Նազարյանից, ով տեղյակ չէր խնդրին եւ առաջարկեց պատասխանել բարձր դասի հոգեւորականի հետ խոսելուց հետո։

Հիշեցնենք, որ Ղազախստանում այս եկեղեցին օծվել էր Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից։ Դրա համար հայկական արժեքավոր խաչքար էր Հայաստանից Ալմաթի տեղափոխվել եւ օծվել։ Սուրբ Կարապետի նախկին քահանան էր Մարկոս քահանա Սարգսյանը։ Մենք զանգահարեցինք նաեւ նրան՝ տեղեկանալու, թե ինչ կարծիք ունի ցուցանակը հանելու վերաբերյալ։ Մարկոս քահանան ասաց, որ որեւէ պատկերացում չունի, կարծիք չի կարող հայտնել, քանի որ մի քանի տարի է՝ տեղափոխվել է Աստրախան, որը, ի դեպ, նույն Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի կազմում է։ Իսկ Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Արամ Նավասարդյանից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք քայլեր ձեռնարկո՞ւմ են ցուցանակը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի է, հայաստանյան ԱԳՆ-ում դեռ Էդվարդ Նալբանդյանի ժամանակներից հաստատված կարգ կա․ դիվանագետների ու լրագրողների չմիջնորդավորված շփումն արգելված է, եւ պարոն Նավասարդյանն առաջարկեց նախ զանգահարել արտգործնախարարության խոսնակին։ Փորձեցինք, այնուամենայնիվ, մեր հարցադրումները հնչեցնել, ասաց․ «Դուք ինչ-որ խայծերի հետեւից եք գնում, բայց հասկացեք, որ այստեղ մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է»։

Ղազախստանում համայնքային գործիչ Մհեր Մխիթարյանի խոսքից պարզ դարձավ, որ չկա ոչ միայն եկեղեցու ցուցանակը, այլեւ հայկական եկեղեցում, նախկինի նման, կիրակնօրյա պատարագներ, ժամերգություններ: «Մարկոս քահանայի օրոք այստեղ ամեն կիրակի պատարագ, ժամերգություն էր»,- ասաց հայազգի գործիչը եւ ի պատասխան հարցին, թե, փաստորեն, եկեղեցին չի գործում, նկատեց․ «Դե, մարդիկ մտնում են աղոթքի համար, մոմ վառում»։ Հիշեցնենք, որ Ղազախստանում հայկական սփյուռքը գոյություն ունի 1937 թվականից եւ հաշվվում է մոտ 25 հազար մարդ։

Մհեր Մխիթարյանին հարցրինք նաեւ, թե ինչպես են տեղի հայերը վերաբերվում ցուցանակի ու եկեղեցու փակմանը եւ Արտուշ Կարապետյանին, ով ադրբեջանական ճնշումներին տեղի տալով՝ հանել է ցուցանակը։ Վերջինիս խոսքով՝ առանձնակի արձագանք չկա, «Արտուշ Կարապետյանն էլ համայնքում ճանաչված եւ հարգված մարդ է»։ Ասաց, որ ինքն էլ է լսել այդ «տիպի խոսակցություններ», բայց հակված է հավատալ միայն փաստերին, որոնց անձամբ է ականատես եղել։ «Եվ երկրորդը՝ այստեղ երկուստեք խնդիր կա, իրավաբանական, եկեղեցին չի հանձնվել թեմին, իսկ այդ դեպքում նման որոշում կարող է կայացնել միայն եկեղեցու կառուցման բարերարը»։ Իսկ բարերարը, պարզվում է՝ նույն Արտուշ Կարապետյանն է։ Ստացվում է՝ ինքն իր համար եկեղեցի է կառուցել եւ պահել իրեն։ Փաստորեն, նա բարերար է, եկեղեցի է կառուցում, բայց չգիտի, որ 4-5-րդ դարերում հայ եկեղեցու հոգեւոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական կամ պատմական Հայաստանի սահմաններին, իսկ ներկայումս գործում են իրենց պատմական անուններով։ Նոր Նախիջեւանի թեմն էլ դարեր առաջ է սերել հայկական Նախիջեւանից։

ՀԳ․ Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ զանգահարեց Ալավարդ Նազարյանը եւ ասաց, որ Միջին Ասիայում իրենց ներկայացուցչին գործուղել են Ալմաթի, որպեսզի տեղում ինֆորմացիա հավաքի։ «Որովհետեւ այն մարդը, որն այդ ցուցանակը հանել է, ոչ մեկի հարցազրույցներին չի պատասխանում, այն մարդը, ով այդ եկեղեցու դուռը բացել-փակելու իրավունքն ունի»։ Ի դեպ, թեմի խոսնակը եւս հաստատեց, որ եկեղեցին թեմին չի հանձնվել։