Ժողովուրդը Փաշինյանին ասել է՝ մենք պատրաստ ենք պատերազմի և պայքարելու հանուն մեր հողի

Ժողովուրդը Փաշինյանին ասել է՝ մենք պատրաստ ենք պատերազմի և պայքարելու հանուն մեր հողի

Տավուշի մարզի 4 գյուղերը եւ Ոսկեպարի կենսական նշանակության ճանապարհը հանձնելու գործընթացներից առաջ, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը խոստացել է հաշվի նստել գյուղացիների հետ՝ ցանկացած քայլի գնալիս։

«Հանդիպմանը ժողովուրդն անվտանգության երաշխիք է ուզել, որ հակառակորդը չի գա գյուղի վերեւում նստի։ Փաշինյանն էլ խոստացավ, որ այդ հարցով կմտածի։ Ներքին Ոսկեպարում, գետից այն կողմ, իրենց տարածքն է, ժողովուրդն էլ պահանջել է, որ գետից մեր կողմ չգան, իսկ եթե փորձեն գալ՝ ընդդիմանալու ենք»,-նշեց նա։

Պաշտոնական Բաքուն Հայաստանից պահանջել է անհապաղ ազատել, զորքերը հետ քաշել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերից։ Հետաքրքրվեցին՝ գյուղացիները համաձա՞յն են հանձնել այդ գյուղերը, եւ դրա դիմաց միայն անվտանգության երաշխիքնե՞ր են պահանջում, զրուցակիցս ասաց․ «Ոչ, ժողովուրդը համաձայն չեն, առաջ են քաշել հարցեր, Փաշինյանն էլ ասել է՝ լուծման տարբերակներ կառաջարկենք, ոնց ասեք՝ տենց կանենք»։

Գնդապետը շեշտում է՝ Փաշինյանին այդ ժողովուրդն է ընտրել, ուստի վստահ է՝ ժողովուրդը ոնց ասի, վարչապետն այդպես էլ կանի։ «Ժողովուրդը չի՞ ընտրել վարչապետին։ Ոսկեպարցիներին չգիտեմ, թե ում հետ եք համեմատում, բայց ոսկեպարցիներն իրենց ազատության համար պայքարել են, ու պայքարելու են։ Ես ասել եմ՝ մենք պատրաստ ենք պատերազմի, մեծից` փոքր, փոքրից մեծ՝ բոլորը պատրաստ են զենք բռնել, պայքարել հանուն իրենց հողի։ Մենք նաեւ Փաշինյանին ասել ենք, որ եթե Ադրբեջանը մեզնից հող է ուզում, ուրեմն թող նախ Բերքաբերի հողերը մեզ հետ տան։ Մենք պայքարելու ենք մեր հողերի համար։ Ժողովուրդը հենց դա է ասել Փաշինյանին»,-ընդգծեց զրուցակիցս։ 

Ի դեպ տավուշցիների հետ հանդիպումից հետո Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատությանը», պատմել է, որ հանդիպմանը հետը տարել է ասուլիսին ներկայացրած՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որը ցուցադրում էր իր ասուլիսի ժամանակ: Ասել է, որ այն ցույց է տվել նաեւ տավուշցիներին։ Փաշինյանը նշել է, որ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը ավելի ուշ կհրապարակվի։ Ենթադրվում է, որ մոնտաժելու շատ բան կա:

«Մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին։ Որոշ հարցերին պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին՝ որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի», «Ազատությանը» ասել է Փաշինյանը։