Դրսի թշնամու դեմ պայքարելու փոխարեն ներսի «թշնամուն» ոչնչացրին

Դրսի թշնամու դեմ պայքարելու փոխարեն ներսի «թշնամուն» ոչնչացրին

Քաղաքական դաշտը փոշիացնելու, այլասերելու մեծ փորձ ունեին ՀՀ նախկին նախագահները։ Դա դեռեւս 90-ականներին սկիզբ առավ։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1994-ի դեկտեմբերյան մի գեղեցիկ օր թեւքերը քշտած մտավ եթեր եւ օրենքից դուրս մի ողջ կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց հանցագործ, կուսակցություն, որն անկախության առաջին տարիներին վերադարձել էր հայրենիք եւ ազգային կուսակցությունների շարքում սկսել էր մայր հողի վրա գործունեություն ծավալել։

Իհարկե, ՀՅԴ շարքերում կային նաեւ տեռորիստներ, եւ «Դրո» կառույցն ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններն էլ հորինված չէին, բայց դրանք կապել կուսակցության հետ եւ մի ողջ կուսակցություն հայտարարել հանցագործ՝ արտառոց էր եւ, շատերի կարծիքով՝ անհիմն։ Դրան հաջորդեցին 1995-ի խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ իշխանությունը ոչնչացրեց ողջ ընդդիմադիր դաշտը եւ բոլոր քիչ թե շատ հայտնի կուսակցություններին ու անհատներին միավորեց մի մեծ նախընտրական իշխանական բլոկի մեջ՝ «Հանրապետություն» անվանումով։ Ընդդիմադիր դաշտը պառակտելու, առնելու, փոշիացնելու գործընթացը հենց այդ ժամանակ սկսեց մեզանում ծաղկել։ 

Հաջորդ նախագահներն էլ առանձնապես բարեհաճ չէին ընդդիմության հանդեպ։ Թեեւ պետք է խոստովանել, որ 1998-ին, երբ այդ դաշտ մտավ Կարեն Դեմիրճյանը, ապա նրան միացավ Վազգեն Սարգսյանը, ընդդիմությունը մեր երկրում շատ ուժեղ էր։ Եվ անգամ 99-ի հոկտեմբերի 27-ից հետո, չնայած գլխատվեց քաղաքական դաշտը, սակայն նույնիսկ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն բավականին ուժեղ էր եւ քաղաքական դաշտում մեծ դերակատարություն ուներ։ Թերեւս նաեւ ընդդիմության ուժեղ լինելն էր պատճառը, որ անգամ եթե ընտրությունները կեղծում էլ էին, սակայն Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ էլ ընտրվել է երկրորդ փուլով՝ առաջին փուլում չհավաքելով պահանջվող 50 պլյուս 1 տոկոս ձայնը։ 

Երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի բախտն ընդհանրապես չբերեց ընդդիմության հարցում։ Նրա ընդդիմությունը ՀՀ առաջին նախագահն էր, որը միշտ բավականին ծանրակշիռ դերակատարում է ունեցել երկրում եւ համախոհների մեծ բանակ։ Դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը շարունակ բանակցում էր Տեր-Պետրոսյանի հետ եւ անգամ 2008 թ․ մարտի 1-ի դեպքերից հետո տարբեր ֆորմատներ էին մտածում, որ ընդդիմությանը ներգրավեն ներքաղաքական բանակցությունների մեջ։ Իսկ նրա կարկառուն թիմակիցներին պաշտոնների էին նշանակում, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի կողմից դեսպան նշանակվեց, Գագիկ Ջհանգիրյանի ազգուտակին տարբեր աշխատանքներ տվեցին եւ այլն։ Իսկ ՀԱԿ-ի թիմը ծանրակշիռ կազմով 2012-ին մտավ խորհրդարան։ Բայց զուգահեռաբար իշխանությունն աշխատում էր նաեւ այլ ընդդիմադիր ուժեր աճեցնելու վրա, եւ այդ եղանակով ասպարեզում հայտնվեցին «Լուսավոր Հայաստանը», ապա՝ «Ելք»-ը, ԲՀԿ-ն վերադարձավ ակունքներին։ Իսկ ՀՅԴ-ին նախընտրեցին կոալիցիա մտցնել՝ ընդդիմադիր դաշտից տեղափոխելով իշխանական։ 
Եվ այս բոլոր տարիներին ՀՀ նախկին նախագահները ոչ թե նպաստում էին ընդդիմադիր դաշտի ուժեղանալուն, ընդդիմության կայանալուն, այլ ներսից քայքայում էին քաղաքական դաշտը։

Մե՛կ կշիռ ունեցող անհատներին էին պաշտոն տալիս եւ պոկում ընդդիմությունից, մե՛կ կառավարվող ընդդիմություն էին ձեւավորում, մե՛կ հասարակությանն էին ներշնչում, որ առանց իշխանությունների «դաբրոյի» ոչ մեկը չի կարող անցնել խորհրդարան, եւ այդպես էին «փչացնում» ընդդիմությանը։ Իսկ առավել հաճախ ուղղակի պառակտում էին քաղաքական ուժերին՝ ներսից մի քանի թեւերի բաժանելով ուժեղացող կուսակցությունը եւ աստիճանաբար վերացնելով նրան քաղաքական ասպարեզից։ Ընդդիմությունն էլ, ֆինանսական կայուն աղբյուրներ եւ գաղափարական կայուն սկզբունքներ չունենալով, չէր դիմանում լծակներ եւ փող ունեցող իշխանությունների տորպեդահարմանը, քայքայվում էր, թուլանում, լքում քաղաքական պայքարը։ Ինչքա՜ն շատ օրինակներ ունենք նման երբեմնի հզոր կուսակցությունների, որոնք չդիմացան ժամանակի եւ այլ փորձություններին։ 

Նույն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն, որն 90-ականներին իշխանություն էր, եւ ՀՀՇ նախագահի պաշտոնի համար կատաղի պայքար էր ընթանում, իսկ 2000-ականներին ուղղակի չդիմացավ ընդդիմադիրի կարգավիճակին։ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, որն ամենաբազմամարդ կուսակցություններից էր, այսօր մոռացության է մատնվել, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», Հրանտ Խաչատրյանի ՍԻՄ-ը, ռամկավարները, «Ժառանգությունը», Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը, «Հզոր հայրենիքը», քրիստոնեա-դեմոկրատները, «Արժանապատիվ ապագան», հնչակյանները եւ այլն։ 

Ոչ մի նախագահ եւ վարչապետ չունեցան այն տարրական գիտակցությունը, որ երկիրն ամուր է, պետությունը՝ կայացած, եթե ընդդիմադիր դաշտն է ամուր եւ կայացած։ Չհասկացան, որ թույլ ընդդիմությունը նաեւ թույլ իշխանություն է նշանակում, եւ վերջնարդյունքում պետությունն է տուժում։ Բոլոր ղեկավարների դեպքում, պարզվեց, մի արատավոր պատկերացում կա, որ երկրի ներսում գործող ընդդիմությունը երկրից դուրս գտնվող թշնամիներից ավելի վտանգավոր է, եւ բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարելու համար, այլ՝ ներքին «թշնամու» դեմ, որն ընդդիմադիր ուժերն են։ Եվ այդ պայքարն այնպես է ջլատում պետությունը, իշխանությունների ռեսուրսը, որ այլեւս ուժ չի մնում դրսի թշնամուն հակադարձելու համար։ Այսօրվա այս աղետալի վիճակը նաեւ դրա արդյունքում է ձեւավորվել՝ մենք մեր ներսում այնքան բզկտեցինք իրար, որ դրանից թշնամին օգտվեց։ Ու դրա գլխավոր պատասխանատուն երկրի առաջին դեմքերն են։