Այս պարագայում ունենք 0 դեմ, 0 ձեռնպահ քվե եւ 82 կողմ

Այս պարագայում ունենք 0 դեմ, 0 ձեռնպահ քվե եւ 82 կողմ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ զրուցել ենք ԸՕ աշխատանքային խմբի անդամ, իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ։ 

- Դուք մշակել եք Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մեծ փաթեթ, որն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, բայց գործող Ընտրական օրենսգրքում միջանկյալ փոփոխություն կատարեցիք՝ հրաժարվելով ռեյտինգային համակարգից։ Ինչո՞վ էր պայմանավորված սա։

- «Իմ քայլը» դաշինքը Ձեր նշած նախագիծը շրջանառել է մարտի սկզբին, գրեթե միաժամանակ ուղարկել է Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ կարծիքի համար, կարծիքն ակնկալում ենք ստանալ ապրիլի 2-րդ կեսին։ Եվ այդ կարծիքը ստանալուց հետո նոր կկարողանանք երկու ընթերցմամբ ընդունել։ Այդ մեծ փաթեթի ընդունումը նաեւ որոշակի առումով պայմանավորված է էն հանգամանքով, թե Ձեր հարցում նշված եւ ապրիլի 1-ին արդեն իսկ ընդունված՝ իր նշանակությամբ կարեւոր, բայց ծավալային առումով փոքր փոփոխությունները, այն է՝ ռեյտինգայինից հրաժարվելը, երբ կստորագրվի հանրապետության նախագահի կողմից։ Շուրջ տասը օր է՝ նախագահի մոտ է։ Իսկ փաթեթից առանձնացրինք այդ հատվածը՝ ավելի վաղ ընդունելու համար, հիմնականում այն պատճառով, որ անհրաժեշտություն կար դա օր առաջ օրենսդրորեն ֆիքսել, որպեսզի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները վերջնականապես եւ հաստատապես իմանան, որ ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով, ինչը կուսակցությունների՝ էս հարցով արտահայտված բացարձակ մեծամասնության ակնկալիքն ու ցանկությունն էր ու նաեւ «Իմ քայլի» քաղաքական խոստումը։

- Բայց դուք չունեցաք կոնսենսուս այդ հարցում։

- Խորհրդարանական խմբակցություններից մեկը թեեւ խոսքով դեմ արտահայտվեց, բայց էս փաթեթն ընդունվել է միաձայն, դեմ քվեարկող որեւէ ուժ չի եղել, խորհրդարանական խմբակցություններից մեկն ի սկզբանե ասել էր, որ իրենց համար որեւէ տարբերություն չկա՝ ո՛չ աջակցելու են, ո՛չ դեմ են խոսելու էս փաթեթին, ԲՀԿ-ի մասին է խոսքը, իսկ մյուս խմբակցությունը (նկատի ունի «Լուսավոր Հայաստանը») թեեւ խմբակցության ղեկավարի մակարդակում դեմ խոսեց, բայց, այդուհանդերձ, կողմ չեն խոսել…

- Ամեն դեպքում, կողմ չեն եղել, դա է ամբողջ հարցը՝ 82 ձայնով անցավ։

- Այո, փաթեթը որոշ անկախ պատգամավորների կողմից նույնպես աջակցություն ստացավ։

- Բայց կային նաեւ անկախ պատգամավորներ, մասնավորապես՝ «Իմ քայլից» անկախացած, որոնք կողմ չէին։ Այսինքն՝ խորհրդարանական ուժերի կողմից կոնսենսուս չկար։

- Կոնսենսուս չկար, բայց փաստը մնում է փաստ, որ էս փաթեթին դեմ քվեարկող որեւէ պատգամավոր չի եղել։

- Բայց դեմ արտահայտվողներ եղել են, պարզապես իրենք չեն մասնակցել քվեարկությանը, չեզոքություն են պահպանել։

- Եթե մենք փորձում ենք հաշվի առնել, թե ինչ աջակցություն է ստացել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, ապա այդտեղ, բնականաբար, հաշվի է առնվում՝ քանի կողմ, քանի դեմ եւ քանի ձեռնպահ քվե է ստացվել։ Էս փաթեթի պարագայում ունենք զրո դեմ, զրո ձեռնպահ քվե եւ 82 կողմ։

- Կարո՞ղ ենք ասել, որ դուք շտապեցիք այս փոփոխությունն անել ու ռեյտինգայինից հրաժարվել, որ եթե չհասցնեք Վենետիկ ուղարկած փաթեթն ընդունել, գոնե ընտրություններին առանց ռեյտինգային համակարգի գնաք։

- Մասամբ այդպես է, բայց այստեղ խոսքը ոչ այնքան Ազգային ժողովում քվեարկությունը հասցնելու մասին է, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովում, հետո պետք է վավերացվի նաեւ նախագահի կողմից, իսկ նախագահն ունի 21 օր՝ այն ստորագրելու  կամ Սահմանադրական դատարան ուղարկելու համար։ Հետեւաբար, այդ հանգամանքը նաեւ հաշվի առնելով՝ մենք ավելի վաղ էս կարեւորագույն փոփոխությունն իրականացրինք, որպեսզի, եթե հանկարծ էդ երկար ժամանակահատվածը նախագահը որոշի օգտագործել չստորագրելու կամ առավել եւս՝ Սահմանադրական դատարան ուղարկելու համար, մենք հնարավորինս վաղ այս գործընթացը սկսած լինենք։

- Ի դեպ, քննարկում կար նաեւ անցողիկ շեմն իջեցնելու շուրջ, սակայն այդ մասով եւս փոփոխություն չեղավ։ Վենետիկ ուղարկած մեծ փաթեթում կա՞ նման բան, եւ ինչո՞ւ գործող օրենսգրքով չցանկացաք այդ փոփոխությունն անել։

- Այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն ռեյտինգայինը վերացնելու եւ պարզ համամասնական ընտրակարգ ներդնելու մոտեցմանը, որը ոչ միայն այս ժամանակահատվածում, այլ ռեյտինգայինը ներդնելուց սկսած՝ կուսակցությունների գերակշիռ մեծամասնության ակնկալիքն ու տեսլականն է եղել, հետեւաբար, սրա շուրջ քաղաքական ավելի լայն շրջանակներում, մեծ հաշվով, կարելի է ասել, եթե ոչ կոնսենսուս, ապա կոնսենսուս մինուս մեկ, մեկուկես կուսակցություն ֆիքսված է։ Նույն, տեսեք, խորհրդարանական ընդդիմության անունն եք տալիս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինքը 2016-ից հետո նախաձեռնել է պարզ համամասնական ընտրակարգի ներդրում, 2018-ին, երբ նման առաջարկ է եղել, կողմ է եղել, «4+4+4» ֆորմատի ժամանակ էդ պահանջի ջատագովն է եղել։ Այսինքն՝ շատ բանում տարիներ շարունակ էն փոփոխության կողմնակիցն է եղել, որը մենք հիմա իրականացրել ենք։ «Լուսավոր Հայաստանի» պարագայում՝ նույնպես, անցած երկու տարիների ընթացքում տարբեր դրվագներում ֆիքսվել է, որ եթե երկընտրանքը ռեյտինգայինն ու պարզ համամասնականն է, «Լուսավոր Հայաստանը» հակված է եղել պարզ համամասնական ընտրակարգին։ Իսկ շեմն իջեցնելու հետ կապված, որ ասում եք, թե՛ կուսակցությունների համար շեմն իջեցնելուն եւ թե՛ դաշինքների համար շեմը բարձրացնելու առաջարկների շուրջ էդպես միանշանակ կոնսենսուս չկա քաղաքական ուժերի մեջ, կա՝ որ ողջունում են, կա՝ որ մտահոգություններ են տեսնում։ Հետեւաբար, մենք առիթ կունենանք նաեւ ֆիքսելու քաղաքական ուժերի մոտեցումները։

- Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխության մեծ փաթեթի հարցում  էլ կոնսենսուս չլինի, դուք միանձնյա կընդունե՞ք այն։

- Կարծում եմ՝ այո, քանի որ էս փոփոխություններն էն ծավալի են եւ միտված են միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական դաշտում եւ ընտրական համակարգում այն որակի փոփոխություններ բերելուն, որ նման հնարավորություն բաց թողնելը ցավալի է։ Էստեղ հարցերի հարցն այն է, թե էս փոփոխությունների որ մասը հնարավոր կլինի կիրառել գալիք արտահերթ ընտրությունների համատեքստում, եւ դա էլ մեծապես կախված է էն հանգամանքից, թե որքանով իրատեսական կլինի ակնկալել, որ էս փոփոխություններն արագ կերպով կվավերացվեն եւ ուժի մեջ կմտնեն՝ արդեն կախված նախագահի դիրքորոշումից։