Ինչպես են ոչնչացնում ընդդիմության հաղթանակը Վարդենիսում

Ինչպես են ոչնչացնում ընդդիմության հաղթանակը Վարդենիսում

Գեղարքունիքի Վարդենիս խոշորացված համայնքում ընտրությունների հաջորդ օրը ընդդիմությունը՝ անկուսակցական «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները հայտարարեցին, որ կոալիցիա են կազմում ՔՊ-ական քաղաքապետացու Արամ Մելքոնյանի դեմ եւ պատրաստվում են տեղական իշխանություն ձեւավորել։ Այս հայտարարությանը հետեւեցին դրամատիկ զարգացումներ՝ ամենացածրակարգ եւ կանխատեսելի ճնշումներ կիրառվեցին ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ։ Ձերբակալվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համարը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, որին սատարում էր «Հայաստան» դաշինքը։

ՔՊ-ն Վարդենիսում ստացել էր ձայների 46,11 տոկոսը, «Ահարոն Խաչատրյան դաշինքը»՝ 37,36, իսկ «Միասնական Վարդենիս դաշինքը»՝ 16,51 տոկոսը։ Սա նշանակում է, որ Ահարոն Խաչատրյանն ունենալու է 10 ձայն, ՔՊ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը՝ 12, իսկ «Միասնական Վարդենիսի» թեկնածու Արամ Հարությունյանը՝ 5։ Միավորվելով՝ ընդդիմությունը 3 ձայնի առավելություն էր ունենալու՝ 15/12։ Սակայն ՔՊ-ն բողոքարկեց ընտրության արդյունքները։ Ձայների վերահաշվարկը տեւեց մինչեւ դեկտեմբերի 8-ի երեկոն։ Արդյունքը շշմեցնող էր։ Ընդամենը 1 քվեաթերթիկը փոխեց ուժերի հարաբերակցությունը՝ ՔՊ-ի քվեներն ավելացան մեկով, եւ իշխանական կուսակցությունը մեկ լրացուցիչ մանդատ ստացավ։ Համամասնությունը դարձավ 14/13՝ հօգուտ ընդդիմադիր կոալիցիայի։

Այն, ինչ սկսվեց հետո, կարող է դիդակտիկ նյութ դառնալ «Ինչպես ճնշել հաղթանակած ընդդիմությանը» թեմայով դասընթացի համար։ «Ահարոն Խաչատրյան դաշինքի» անդամներից մեզ տեղեկացրին, որ գիշերը ճնշումներ են սկսվել ընդդիմադիր թեկնածուի՝ Արամ Հարությունյանի դեմ։ Առավոտյան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անուղղակի սպառնացել էր՝ ակնարկելով, որ «еще не вечер», եւ ամեն ինչ կարող է փոխվել։ «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»,- ասել էր նա։

Երկար սպասել պետք չեղավ։ Հայկ Սարգսյանի հայտարարությունից 4 ժամ անց ընդդիմության թեկնածուն՝ «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը, ձերբակալվեց։ Զուգադիպությո՞ւն՝ հազիվ թե։ Արամ Հարությունյանի առաջ դրել են 2018-ին հարուցված քրեական գործը՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ։ 3 տարի Արամ Հարությունյանը, ըստ մեր աղբյուրների, Ֆրանսիայում է եղել՝ գտնվելով հետախուզման մեջ։

Հետագայում վերադարձել է, նրան չեն կալանավորել, մեղադրանքը՝ պաշտոնեական անփութություն։ Իսկ ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո նրա դատավարական կարգավիճակը փոխել են՝ մեղադրանքը ծանրացրել․ փաստաթղթերի կեղծում, խարդախություն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ կալանքի սանկցիա։ Այսինքն՝ թեման հին է, մեղադրանքը՝ նոր։ Իսկ մանդատների հարաբերակցությունը 14/13-ից դառնում է 13/13։
Սա նշանակում է, որ քաղաքապետի ընտրության օրը նորընտիր ավագանու առաջին նիստին ձայները կբաժանվեն 50/50, եւ քաղաքապետ չի ընտրվի։ Թեեւ, դատելով Հայկ Սարգսյանի խոսքից, կարող են ավագանու ընդդիմադիր անդամներից ոմանց ստիպել, որ իշխանական թեկնածուի օգտին քվեարկեն։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, եթե ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

Վարդենիսում կարող է կրկնվել 2016 թ․ Վանաձորի քաղաքապետի ընտրության սցենարը, երբ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարեցին ՏԻՄ մասնակից մյուս ուժերը՝ «Հայկական վերածնունդն» ու «Բարգավաճ Հայաստանը», բայց երբ բանը հասավ փակ-գաղտնի քվեարկությանը, անցավ իշխանության թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Իսկ ընդդիմադիրները հետագայում բոյկոտեցին ավագանու նիստերը։ Վարդենիսի ընդդիմությունը դեռ հույս ունի խափանել այս ծրագիրը։ Երեկ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ փակել էին Վարդենիս տանող մայրուղին։ Իսկ երեկոյան դաշինքները հայտարարեցին, որ ՔՊ-ի թեկնածուն, իր հովանավորների միջոցով օգտագործելով պետական իշխանության լծակները, փորձ է անում յուրացնել Վարդենիսի ժողովրդի ազատ կամքով ձեւավորվելիք իշխանությունը․ «Այսօր կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան «Միասնական Վարդենիս դաշինքի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին՝ դրանով նպատակ ունենալով վերջինիս զրկել համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով եւ փորձ է արվում ապահովել իրենց համար ցանկալի արդյունք։

«Ահարոն Խաչատրյան դաշինքը» դատապարտում է նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում եւ ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա»։ Դաշինքները կոչ արեցին իշխանությանը՝ սանձել Վարդենիսում բռնաճնշումներ իրականացնող թիմակիցներին։

Վարդենիսի իշխանությանը համակրող բնակիչներն էլ հակառակն են ասում․ «Արամ Մելքոնյանը դրսից եկել ա ու կպած աշխատել ա 3 տարի, ներդրումներ ա փորձում բերել, պատերազմի ժամանակ դիրքեր ա մեկնել, դիրքերից իջնում էր հոսպիտալ, որտեղ բերում էին Քելբաջարի վիրավորներին, վեցից հետո էլ անվճար բոքս էր պարապում մեր երեխեքի հետ։ Իրա դեմ աշխատում ա թալանչիների երկու խումբ, սաղի գործերը դատարաններում ա, իրանց քշած ավտոներից-բանից երեւում ա, ավագանու անդամների էին գողանում, գալիս էին, հրաժարվում էին մեր հետ աշխատել։ ՔՊ թիմը վհատված, վախեցած քարոզարշավ էր անում։ Թալանչիները Վարդենիսում ուժեղ են»։

Մինչ սահմանամերձ համայնքներում հետընտրական «բազարներ» են, օրվա վերջում ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16։25-ից սկսած՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ։