Փաշինյանին առաջարկում է կենսաբանական մահ

Փաշինյանին առաջարկում է կենսաբանական մահ

Վարդան Օսկանյանը բանակցությունների բովով անցած, թրծված դիվանագետ է։ Բանակցությունների յուրաքանչյուր տառ ու բառ անգիր գիտի, տիրապետում է դիվանագիտական այն ոլոր- մոլոր աստիճաններին, որով Հայաստանը կարող է բարձրանալ։ Եվ եթե նա ասում է, որ բանակցությունների ընթացքը հնարավոր է փոխել, եթե Նիկոլ Փաշինյանը «երեք ամիս լռի ու ոչինչ չխոսի», ապա դա չի նշանակում, որ նա հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երեք ամիս լռել ու ոչինչ չխոսել։ Կարծում եմ ինքը լիովին տիրապետում է իրավիճակին և գիտի, որ Նիկոլ Փաշինյանին լռելու և ոչինչ չխոսելու համար չեն իշխանության բերել։ Դա յուրահատուկ ստուգողական աշխատանք է։ Եթե Փաշինյանն ունենա հայրենասիրական տարրական մղում,  ինքնուրույն գործելու կարողություն և մտածի, թե այդ կերպ կարող է երկիրը փրկել նվազագույն կորուստներով, իհարկե, կընդառաջի ոլորտում եզակի մասնագետին, ով  իր ու մասնագիտական կորպուսի վրա է վերցնում ողջ  պատասխանատվությունը։

Եթե Փաշինյանն ինչ իրագործում՝ արդյունք լիներ  իր անփորձության ու իր թիմի թույլ մասնագիտական ունակությունների, կփորձեր լուրջ մասնագետների միջոցով «էշը ցեխից հանել»։ Փաշինյանն իր դիվանագիտական կորպուսը համալրել է դիվանագիտության տարրական էլեմենտների չտիրապետող մասնագետներով և դա արել է գիտակցաբար, որովհետև նրան պետք է իր հանձնարարությունը կատարողներ և ոչ թե մասնագետներ, որոնք կարող են միջազգային հարթակներում լուրջ առաջարկություններ ներկայացնել կամ բանակցել։ Այդ իսկ պատճառով նա հայտարարել է․ «Ինչ որ պետք է, էն էլ  բանակցում ենք», որով պարզ հասկացրել է, որ ինքը ոչ մի մասնագիտական մոտեցում չի ընդունելու, չունենալով անգամ գյուղապետի մակարդակով բանակցողի կարգավիճակ։ Այս իրավիճակում Օսկանյանի և ցանկացած լուրջ բանակցողի մասնագիտական օգնությունը, առավել ևս պատասխանատվություն ստանձնելը նրան պետք չէ։ Որպես լուրջ դիվանագետ Օսկանյանը Փաշինյանին առաջարկում է  երեք ամիս լռելու և գործին չխառնվելու առաջարկ, լավ գիտակցելով, որ Փաշինյանը մի վայրկյան էլ չի կարող լռել ու իր կապը խզել դրսի տերերի հետ։ Դա նրա համար կենսաբանական մահ է։ Դա նրա համար սրտային գործունեության, շնչառության, լուսային ռեակցիայի բացակայություն է։

Վարդան Օսկանյանը դա լավ հասկանում է, բայց Փաշինյանի մերժումը հանրության համար Փաշինյան անձի յուրատեսակ բացահայտում է։ Հասարակությունը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն շրջապատելով մակունցանման աննյութ զանգվածով, իրագործում է զուտ ծրագիր՝ կեղծ խաղաղության օրակարգի ներքո։ Օսկանյանի առաջարկը մոտիվացնում է հասարակությանը։ Հասարակությունը տեսնում, հասկանում է, որ ջուրը կանգ է առել, որովհետև նրա դեմը քար է ընկել։ Հարկավոր է այդ քարը հեռացնել։ Օսկանյանը խոսում է այդ քարը երեք ամսով հեռացնելու մասին, բայց հասարակությունը հասկանում է, որ քարը ընդմիշտ պետք է հեռացնել։