Հասկացան, որ վտանգավոր մարդ չեմ

Հասկացան, որ վտանգավոր մարդ չեմ

Ապրիլին Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, ում անունն այդ ժամանակ շրջանառվեց նաեւ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում։ Ինչպես տեղեկացանք, Արմեն Սարգսյանը դեռ շարունակում է տնօրենի ԺՊ-ի կարգավիճակում պաշտոնավարել, թեպետ 6-ամսյա ժամկետը լրացել է։ Թե երբ մրցույթ կհայտարարվի տնօրենի պաշտոնի համար, ինքն էլ տեղյակ չէ։

Արդեն ամիսներ անց, Սարգսյանն ասում է, որ իր նշանակման շուրջ աղմուկն ավելի շատ դրսից էր, թատրոնի ներսում իրեն ընդունեցին ջերմ․ «Հասկացան երեւի, որ վտանգավոր մարդ չեմ, եւ, բնականաբար, այն մարդիկ էին աղմկում, ովքեր ինձ չէին ճանաչում, իսկ ով ճանաչում է, հասկանում է, որ իմ անձի շուրջ ընդհանրապես աղմկել պետք չէ, որովհետեւ ոչ մի պաշտոնի համար կռիվ չեմ անում։ Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ հորս դուքյանը չէ, հիմա նույնը՝ այս դեպքում․ այնպես չէ, որ պիտի գաս ու կառչես այդ պաշտոնից։ Առաջինը ես եմ քննադատում նման մարդկանց։ Ես շատ բաց եմ աշխատում եւ դեռ այստեղ գործ ունեմ անելու»։

Ինչ վերաբերում է թատրոնին ու դրա գործունեությանը, ապա այս ընթացքում մասնակի վերանորոգում են արել։ «Թատրոնում գրեթե ամեն ինչ հին էր՝ ե՛ւ շենքը, ե՛ւ տեխնիկան, դրա համար սկսեցինք առաջին հերթին վերանորոգել շենքը եւ համապատասխանեցնել 21-րդ դարին։ Ես, օրինակ, ամաչում եմ, որ մեր պետությունում կան դեռեւս այս վիճակի պետական թատրոններ։ Բավական շատ բան է արվել այս 6-7 ամիսների ընթացքում՝ 1-ին եւ 5-րդ հարկն է ամբողջությամբ վերանորոգվել, դահլիճի նախասրահը, հիմա դահլիճն ենք ուզում վերանորոգել եւ զինել, որը բավականին մեծ գումարների հետ է կապված, եւ մեր բյուջեով չենք կարողանա անել։ Սպասում եմ նախարարի այցին, երբ գա թատրոն, արդեն կհասկանանք։ Վերանորոգումից բացի, նաեւ անվտանգության հարցերն ենք լուծել՝ տեսախցիկներ տեղադրել»,- ասում է ու հավելում՝ քանի դեռ վերանորոգում է ընթանում, նոր ներկայացումներ չեն սպասվում, այդուհանդերձ, դեկտեմբերին ամանորյա մյուզիքլով կմեկնեն Արցախ՝ հյուրախաղերի։

Ամռանը ոստիկանության կողմից բացահայտվեց Հայաստանի երգի պետական թատրոնի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 միլիոն 780 հազար դրամ յուրացման դեպքը։ Նախկին տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող շենքի տարբեր աշխատասենյակներ, առանց պայմանագրերի, որոշ դեպքերում՝ նաեւ պայմանագրերով, ապօրինի վարձակալության էր հանձնել տարբեր անձանց: Իսկ վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չէր մուտքագրել ՊՈԱԿ-ի բյուջե եւ յուրացրել էր:

Սարգսյանը չգիտի, թե հարուցված քրեական գործի նախաքննությունն ինչ փուլում է, միայն տեղյակ է, որ թատրոնի աշխատակիցներին պարբերաբար կանչում են քննչականից եւ հարցաքննում։ Այսքանը․ «Այն մարդիկ, ովքեր ընկել են ծուղակը եւ որպես վարձակալ են ձեւակերպվել, իրականում վարձակալ չեն, որովհետեւ օրենքի խախտում է եղել, եւ աճուրդով չեն վերցրել տարածքները, պայմանագրեր չեն եղել կամ սխալ են եղել եւ այլն։ Այդ մարդիկ հիմա դեռ գործունեություն են ծավալում շենքում։ Օրենքը շատ սահմանափակ է եւ մի բան է ասում՝ վտարել, բայց ես, բնականաբար, չեմ կարող վտարել, որովհետեւ կան ընկերություններ, որոնք երկար տարիներ գործում են։ Դրանից մեկը ռադիոկայան է։ Խնդրանքով դիմել եմ պետգույքի կառավարման կոմիտե, նախարարություն, որպեսզի այդ մարդկանց հարցը լուծվի, շուտով նախագիծ կլինի, որ վարձակալությամբ մենք կարողանանք իրենց տրամադրել այդ տարածքները։ Հիմա այդ մարդիկ իրենց վարձի գումարները, մեզ հետ համաձայնեցնելով, տալիս են շինարարներին, եւ շենքում շինաշխատանքներ են արվում։ Հուսամ՝ կառավարությունը շուտով որոշում կկայացնի, նրանց հետ կկնքենք պայմանագրեր, եւ ամեն ինչ կլինի օրինական դաշտում»։

Ամիսներ առաջ շրջանառության մեջ դրվեց մի աշխատանքային փաստաթուղթ, ըստ որի՝ մի շարք ՊՈԱԿ-ներ, թատրոններ պետք է կա՛մ լուծարվեն, կա՛մ միավորվեն։ Դրանց թվում էր նաեւ Երգի պետական թատրոնը․ Արմեն Սարգսյանը կարծում է, որ այս հարցն արդեն օրակարգից դուրս է․ «Ես ընդհանրապես դեմ եմ թատրոն փակելուն, հակառակը՝ պետք է շատ թատրոններ բացել, որովհետեւ մշակույթը հենց այդտեղից է սկսվում»։