Կալանավորն ինքնասպանության փորձ է արել

Կալանավորն ինքնասպանության փորձ է արել

Մեր խմբագրություն էր զանգահարել Արմավիրի քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Կարեն Հովհաննիսյանը եւ օգնություն էր խնդրում։ Ասում էր, որ քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում։ Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ է բժշկական օգնություն, սակայն թղթերը կեղծում են եւ չեն տրամադրում համապատասխան փաստաթուղթ, որպեսզի կարողանա բուժում ստանալ․ «Հա՛մ ինսուլտ եմ տարել, հա՛մ ինֆարկտ, հիմա սիրտս շատ վատ վիճակում է, անվասայլակի վրա եմ, շատ վատ վիճակում եմ, ինձ ընդհանրապես տեր չեն կանգնում, կեղծում են սաղ թղթերը, ամեն գնով փորձում են հասցնել մահվան, նույնիսկ ուրբաթ օրն ինքնասպանություն եմ արել»։

Քանի որ հեռախոսազրույցի ժամանակը քիչ էր, որպեսզի կալանավորն այլ մանրամասներ հայտներ, փոխանցեց կնոջ տվյալները, ով ավելի հանգամանալից կներկայացներ պատմությունը։ Մենք կապվեցինք Կարեն Հովհաննիսյանի կնոջ՝ Արեւիկ Շախբարյանի հետ, որը մեզ պատմեց, որ դեռ նախորդ շաբաթվանից ամուսնուն պիտի տեղափոխեին հիվանդանոց, բայց չեն արել։ «Ինքն աջակողմյան հեմիպարեզ ունի՝ աջ կողմի ձեռքն ու ոտքը չի կարողանում շարժել, արդեն 3 տարի է՝ անվասայլակի վրա է, անցյալ շաբաթ էլ պետք է հիվանդանոց տեղափոխեին, այսինքն, այնտեղի գլխավոր բժիշկն ասել էր, որ մենք բժիշկ գտնենք, որ իրեն կընդունեն, ու բուժում կանի, որովհետեւ ինքը սրտի հետ կապված էլ խնդիր ունի, զարկերակային հիպերտազիա էլ ունի՝ 3-րդ աստիճանի, շատ բարձր գերճնշում ունի, անցած շաբաթվանից էսօր-վաղն են անում»,- մանրամասնեց կինը եւ ասաց, որ ՄԻՊ գրասենյակ էլ է դիմել։ Հետո պաշտպանի միջոցով տեղեկացել է, որ Կարենն ուրբաթ օրը ինքնասպանության փորձ է արել։

Կարենը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նիստերն էլ անընդհատ հետաձգվում են՝ առողջական վիճակից ելնելով, պատճառաբանում են, թե չեն կարողանում նրան տեղափոխել, ճանապարհին վիճակը վատթարանում է՝ ճնշումն է բարձրանում, նրան հնարավոր չի լինում տեղափոխել այն մեքենայով, որով նախատեսված է, քանի որ անվասայլակով տեղափոխելու համար անհրաժեշտ է այլ մեքենա։

Նշենք, որ Կարեն Հովհաննիսյանը «Պանտերա» պահնորդական ծառայության աշխատակից է եղել, դատապարտվել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Երեւանի Արարատյան փողոցի տներից մեկում 28-ամյա Մարինե Դանիելյանին առանձնակի դաժանությամբ սպանելու համար, սակայն մեղքը չի ընդունել։ 3 տարի առաջ Շենգավիթի ոստիկանությունում Կարեն Հովհաննիսյանին, խոստովանություն կորզելու նպատակով, ծեծի են ենթարկել։ Դա շարունակվել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Օգոստոսի 30-ին կլրանա 4-րդ տարին, ինչ Կարենը կալանավորված է։ «Մի քանի անգամ զանգել եմ ՄԻՊ, ասել եմ, որ դեղորայք չեն տրամադրում, անուշադրության է մատնված, ոչ մի բան չեն անում, նիստերն էլ անընդհատ հետաձգվում են։ Արդարադատության նախարարություն դիմում եմ գրել, որ գլխավոր բժիշկն ասել է՝ պետք է տեղափոխվի հիվանդանոց, պատճառաբանում են, թե ինչ-որ ՊՈԱԿ-ից թույլտվություն պիտի վերցնեն, հետո ասում են՝ պետք է փոխհամաձայնության գան, խորհրդակցություն անեն»,- նշում է կինը։
Մենք կապ հաստատեցինք նաեւ ՄԻՊ գրասենյակի հետ․ հանրային կապերի բաժնի պետ Էդգար Այվազյանը փոխանցեց, որ օմբուդսմենի գրասենյակից Կ․ Հովհաննիսյանի կնոջ զանգից հետո ստեղծված իրավիճակում լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ անձամբ Կ․ Հովհաննիսյանին այցելելու նպատակով մայիսի 24-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՔԿՀ պետի տեղակալի հետ, ով հայտնել է, որ Կ. Հովհաննիսյանը ճկվող ռետինե պարանով փորձել է կախվել, ինչը կանխվել է: Պատճառը նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ անհամաձայնությունն է եղել․ «Ավելի ուշ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման ղեկավարը պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ շաբաթ օրը Կ. Հովհաննիսյանը պահանջել է սրտի ռիթմի կարգավորիչ (բժշկական սարք է), սակայն այն ցուցված չի եղել վերջինիս։ Դրան հաջորդել է կախվելու փորձը։ Բացի այդ, անձը ցանկություն է հայտնել իր նախընտրած բժշկական կենտրոնում բուժվել։ Կանչվել է շտապ օգնության բրիգադ, սակայն Կ. Հովհաննիսյանը հրաժարվել է տեղափոխվել նաեւ իր նախընտրած բժշկական կենտրոն»,- հայտնում է Այվազյանը:

Կարեն Հովհաննիսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանն էլ իր հերթին է փաստում, որ իր պաշտպանյալը գտնվում է վատ վիճակում։ «Հաշմանդամության սայլակի վրա է նստած, ու ոչ թե դեղորայքի խնդիրն է, մեկ այլ խնդիր կա՝ բժիշկներն ասում են, որ սրտի հետ կապված վիրահատություն անեն, սկզբում ասացին՝ պետպատվերով կանենք, հետո ասացին՝ ձեր հաշվին պիտի անեք։ Ամեն ինչին համաձայնել ենք, հիմա էլ ասում են՝ չէ, չենք ուղարկում ձեզ բուժման։ Հիմա էսպիսի խնդրի առաջ ենք կանգնել»,- նշում է փաստաբանը։

«Ես քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժշկի հետ եմ խոսել, ինքը թույլտվությունը տալու է, իրենց բուժվարչությունում բաժնի պետին եմ տեսել, բացատրել իրավիճակը։ 3 տարի է՝ դատական նիստերը հետաձգվում են, ու խնդիրը ո՞րն է՝ հետաձգվում է նրա առողջական վիճակի վատ լինելու պատճառով, չեն կարողանում մեքենայով տեղափոխեն, շտապ օգնությունով են տեղափոխում, եթե ինչ-որ մի ձեւով էլ տեղափոխում-բերում են, պարտադիր դատական նիստը հետաձգվում է, որովհետեւ բժիշկ են կանչում, բժշկական միջամտություն է լինում, ինքն ահավոր վիճակի մեջ է։ Ճնշումը բարձրանում է մինչեւ 200-240, հիմա՝ սրտի պրոբլեմն էլ, երեւի օրգան չկա, որ հիվանդ չլինի՝ սիրտ, գլուխ, վիզ, անշարժ  գամված է անվասայլակին, շաքարային դիաբետ ունի, էնքան բան կա, որ էլ ասելու չէ»,- մանրամասնում է Խաչատրյանը։

Փատաբանի խոսքով, այս բոլոր հիվանդությունները ձեռք է բերել այս 4 տարիների ընթացքում․ «Ձեռքով, ոտքով գնացել է կալանավայր, հիմա գամված է անվասայլակին»։
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման անմարդկային վերաբերմունքը կալանավորի նկատմամբ, փաստաբանը նշեց․ «Ես հիմա չեմ կարող մեկնաբանել, տարբեր պատճառաբանություններ կան, բայց այս պահին չեմ կարող կարծիք արտահայտել»։