Ինչի՞ց է վախենում Ալիեւը եւ ինչո՞ւ է շտապում

Ինչի՞ց է վախենում Ալիեւը եւ ինչո՞ւ է շտապում

Անհերքելի է, որ 2020-ից Ադրբեջանի գործերն «աննախադեպ» լավ են գնում: Ու քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին նստած են պարտությունն ու պարտվողականությունը որպես ձեռքբերում ընկալող ու ներկայացնող մարդիկ, դրանք կշարունակեն լավ մնալ: Ադրբեջանական կողմն արդեն որ կողմից ուզում՝ մտնում է ու նոր տարածքներ է զավթում ոչ միայն Արցախում, այլեւ՝ Հայաստանում: 

Այս բոլոր հաջողություններով հանդերձ, պաշտոնական Ադրբեջանը բավականին զգայուն է արտաքին շատ իրողությունների նկատմամբ եւ բավականին ջղագրգիռ է արձագանքում դրանց: Իսկ մարդիկ դյուրագրգիռ են դառնում հիմնականում վախերից: Ալիեւը, իր այսօրեական հաջողություններով ու հաղթանակներով հանդերձ, ակնհայտ վախերի ու անհանգստությունների մեջ է: Իսկ ինչի՞ց է վախենում հաղթած երկրի ղեկավարը…

Ադրբեջանական կողմին կարող է հիստերիայի մեջ գցել, օրինակ, եթերի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչեւի հայտարարությունը: Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես երկարաշունչ բողոքի նոտա է հղում, որում մասնավորապես ասվում է. «Անընդունելի են այդ հայտարարությունները՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ հայ հասարակության մեջ ռեւանշիստական ուժերին սադրելու՝  անցյալում մնացած հակամարտությունը վերակենդանացնելու փորձերը»։ Սրանով Ադրբեջանը ակամա ցույց է տալիս իր վախը Հայաստանի` «ռեւանշի» գնալու հեռանկարից: 

Ադրբեջանական մամուլը բազմիցս է «մտահոգություն» հայտնել, որ «իրենց ազատագրած» տարածքներում կարող են պարտիզանական պատերազմներ լինել: Հայերի պարտիզանական պատերազմները նույնպես Ադրբեջանի ու Ալիեւի վախերից են: Նորից թափ են առել կեղտոտ քարոզչությունը, սադրանքներն ու սպառնալիքները Հայ դատի եվրոպական կառույցի ու դրա ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ: Դրանք նույնպես Ադրբեջանի ձեռքի գործն են: Իսկ հաղթանակած Ադրբեջանի ինչի՞ն է պետք ադամանդների մաքսանենգության եւ այլ «աշխարհիկ» մեղքերի մեջ մեղադրել Գասպար Կարապետյանին: Պարզվում է, որ պետք է. Գասպար Կարապետյանն ու իր ղեկավարած կառույցը կարողանում են Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցնել իրականությունը՝ այն, ինչ կատարվում է Արցախում եւ Բերձորի միջանցքում: Իսկ Եվրախորհրդարանը հանդես է գալիս Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով, միջանցքը բացելու պահանջով: Օրերս Եվրախորհրդարանի` Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրկասն այցելեց Հայաստան: Նրա գլխավորած պատվիրակությունն այցելեց Սյունիքի մարզ, Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ տեղակայված է ադրբեջանական ապօրինի անցակետը, հանդիպեց ՀՅԴ բյուրոյի անդամների, Գորիսի քաղաքապետի հետ, մտքեր փոխանակեցին Եվրոպական Միությունում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության, հայկական հարցերով հրատապ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Եվ, վերջապես, Ալիեւի հիմնական վախերի աղբյուրը հայկական սփյուռքն ու շատ արագ փոխվող աշխարհն են: Սփյուռքը տարիներ ի վեր ծակող փշի նման կանգնած է Թուրքիայի ու Ադրբեջանի կոկորդում: Այսօր արդեն սփյուռքի չորրորդ սերունդն է աճում եւ պայքարում՝ արդեն ոչ միայն 1915-ի, այլ նաեւ 2020-ի ցեղասպանության ու սպանդի ճանաչման համար: Հայերը ողջ աշխարհում աղմկում են, ցույցեր անում, հիշեցնում ու պահանջում: Փոփոխվող աշխարհում սփյուռքը կարողանում է պահպանել իր կշիռն ու ազդեցությունը: 

Ուստի Ալիեւը, ով այսօր իրեն դեռեւս Ալեքսանդր Մակեդոնացի է զգում, ունի մտավախություն, որ մի օր կկորցնի իր հաղթանակն ու Մակեդոնացու «նժույգը»: Աշխարհը եւ տարածաշրջանը շատ արագ են փոխվում, ամեն օր տարածաշրջանը նոր մարտահրավերների առաջ է կանգնում, «օդում կախված» տարբեր քարտեզներ են գծվում: Եվ այդ փոփոխությունները կարող են հանկարծ շուռ գալ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Թուրքիայում մայիսի 14-ին սպասվում են նախագահական ընտրություններ: Իսկ եթե հանկարծ Էրդողանը չընտրվի՞, այլ ընտրվի մեկը, ով չշարունակի Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել կամ փոխի արտաքին քաղաքական գիծը: Իսկ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում եւ սկսի զբաղվել մեր տարածաշրջանո՞վ: Այս ամենը հարցեր են, որոնք մտահոգում ու անհանգստացնում են Ալիեւին: Ուստի նա շտապում է… շատ է շտապում: 
Ի վերջո, նա աչքի առաջ ունի Հայաստանի օրինակը, երբ առաջին պատերազմի մեր հաղթանակը մենք չամրագրեցինք ինչպես հարկն է, ինչի արդյունքում տասնամյակներ անց կորցրինք այն: Գուցե մի օր էլ պատմության անիվը նորից ետ շրջվի…