Ինչու՞ է դժվար «աթոռից պոկելը»

Ինչու՞ է դժվար «աթոռից պոկելը»

Եթե վերջին օրերի քաղաքական մթնոլորտային ճնշումներին անդրադառնանք, կտեսնենք, որ ուրիշ եղանակ  չկա՝ թիրախում Վահան Քերոբյանն է, թիրախում Ալեն Սիմոնյանն է․․․ 2018-ին էլ այդպես եկան իշխանության՝ թիրախավորելով մեկ անձի։ Անցել ենք այդ ճանապարհը, գոնե հիմա տեսնում ենք, որ թիրախում ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ Հայոց պետությունը։ Թիրախում ոչ թե  թալանածը հետ բերելն էր, այլ թալանածը իրենցով անելը։ Առ այսօր թալանածը պետական բյուջե մուտքի վերաբերյալ փաստեր չկան։ 

Ինչևէ, Հայաստանում լսելի է միայն մեկ անձի շնչառություն։ Դա Նիկոլ Փաշինյանի շնչառությունն է։ Եվ բոլոր «կռիվ դավաները» արվում են նրա համար, որ նրա իշխանությունը երկարի, որպեսզի կարողանա «ծրագիրը» մինչև վերջ սրբորեն կատարել։ Կարծում եմ, նա չի բերվել կոռուպցիայի, արդարություն հաստատելու խնդիրներ լուծելու, նա չի բերվել, որ ժողովրդի «մատից փուշ հանի» , նա ավելի մեծ, գլոբալ խնդրի  համար է բերվել։  Բերվել է՝ Հայաստանը ասեղի մի փոքրիկ գլխիկ սարքելու, Հայոց պատմության էջը վերջնականապես փակելու համար։ Փաստեր բերելու կարիք չկա։ Արցախը հանձնվեց, հիմա նրան բերողները Սահմանադրությունը, գերբը, զինանշանն են ուզում փոխել։ Եթե ձեզ թվում է, թե Սահմանադրություն փոխելը միայն Անկախության հռչակագրի, ցեղասպանությունից հրաժարվելու,  Արցախի հանձնմանը իրավական ձևակերպում տալու համար է, սխալվում եք։

Նրան բերողները մտածում են, որ նոր Սահմանադրությամբ Փաշինյանին ազատեն Սահմանադրական կարգը խախտելու իրավական պատասխանատվությունից։ Փաշինյանը դեռ պետք է իրենց, դեռ շատ բաներ ունի անելու, կարող է երկարաժամկետ ծառայել։  Նա լա՜վ է աշխատում; Եվ պետք չէ բացատրել, թե ինչու՞ է դժվար նրան  «աթոռից պոկելը»։ Պետք չէ մեղադրել իրար, որ Փաշինյանն իր գործիքակազմով պառակտել է հանրությանը, երբ բոլորը բոլորին հայհոյում, ատում են։ Պետք է հասկանալ, թե ինչու՞ սկզբից թուլացնում են պետական կառույցները, պառակտում ժողովրդին, հետո անցնում գործի։ Դա պետք է դիտարկել պետությունը կազմալուծելու գործիք։ Եվ պետք է ըմբռնումով մոտենալ, թե ինչու՞ է անհրաժեշտ ողջ ժողովրդի մասնակցությունը՝ նրան աթոռից պոկելու համար։ Նա մենակ չէ, նրան աջակցում են այն ուժերը, ովքեր բերել են։ Կոնկրետ Հայաստանի  հետ հակամարտող կողմն արդեն խոսել է նրան իշխանության բերելու իր աջակցության մասին։ Չնայած  պարտադիր չէ խոսել, մենք տեսնում ենք, թե ում է պետք, որ Հայոց պատմություն չլինի, ու՞մ է պետք որ Հայոց պատմության, Հայ գրականության սահմանները նեղացվի, ու՞մ է պետք, որ Արարատը,  գերբն ու զինանշանը  մեր խորհրդանիշը չլինեն, ու՞մ է պետք, որ մեր հերոսներին արատավորի, ձերբակալի, ու՞մ է պետք, որ հայոց պատմության բոլոր փաստաթղթերը չեզոքացվի, ի վերջո ու՞մ է օդի պես պետք Հայաստանի չլինելը։ Գոնե այսօր տեսանելի է, թե ովքե՞ր են Հայաստանում բնավորվել։ Բնավորվածի հետևում գերտերություններ են, որոնք սեփական շահն ունեն ու Հայաստանը հայտնվել է ոչ թե Ադրբեջանի, այլ գերտերությունների շահերի բախման կետում։ Նման իրավիճակում  մթնոլորտային ճնշման տատանումներ տալ,  թե թիրախում Վահան Քերոբյանը կամ մեկ ուրիշն է, միջանկյալ գործիքներ են։ Թիրախում Հայաստանն է։