Յուսիֆ Էյվազովը հերքել է, թե հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ

Յուսիֆ Էյվազովը հերքել է, թե հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ

Լուրերն այն մասին, որ օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, ով Աննա Նետրեբկոյի ամուսինն է, հրաժարվել է նույն բեմին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրել է Էյվազովը իր ինստագրամյան էջում։

«Հարգելի բարեկամներ։ Ես ադրբեջանցի եմ եւ ունեմ բացարձակապես հստակ տեսակետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրադրության հետ կապված։ Սակայն իմ քաղաքական հայացքները երբեք չեն շոշափում իմ մասնագիտությունը եւ կոլեգաներիս, ինչը ապացուցվում է նաեւ այն հանգամանքով, որ ես բազմիցս եմ բեմ դուրս եկել Գեւորգ Հակոբյանի եւ Մարիա Գուլեգինայի հետ Մեծ թատրոնում»,- պարզաբանել է ադրբեջանցի երգիչը։ Հիշեցնենք, որ Forumopera-ում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Էյվազովը հրաժարվել էր հանդես գալ Մանթաշյանի հետ SemperOperaball-ի բացմանը։

SemperOperaball-ի գեղարվեստական ղեկավար Հանս Յոախիմ Ֆրեյը նույնպես հայտարարել է, որ այդ մեղադրանքները զրպարտություն են, քանի որ թատրոնը պայմանագիր չի կնքել Մանթաշյանի հետ, իսկ Էյվազովն էլ երբեք չի կառուցել գործընկերային հարաերություններ, հիմնվելով նրանց ծագման վրա։