Սաֆարյանի այդ խոսքը, մեծ հաշվով, անօրինական է և վարկաբեկում է ՀԽ ինստիտուտը

Սաֆարյանի այդ խոսքը, մեծ հաշվով, անօրինական է և վարկաբեկում է ՀԽ ինստիտուտը

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը բավարարած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ  սոցցանցերում մեծ քանակությամբ ատելության խոսք է գեներացվում, որոշակի քանակությամբ կեղծ և իրական օգտատերեր, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, նույնիսկ սպանելու կոչեր են անում։ Նիկողոսյանի և նրա երեխայի նկարը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ դրան կից գրառում կատարելով․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ժամանակ պետք է հասկանա, թե ինչ էր անում Ռուբեն Մելիքյանը արդարադատության փոխնախարարի ու Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոննեում' Հրայր Թովմասյանի ու Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, երբ ամեն մի պատահականության դատավոր էին «կրթում» ու դարձնում։ Այսօրվա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս ամենի մասին շատ լավ տեղյակ են։ Դուք վեթինգ չանեք, հաջորդ իշխանությունն է անելու ու ձեզ հիշեցնելու է դա ու բացահայտեն ձեր կապն այս ամենի հետ... »,- գրել էր Սաֆարյանը, իսկ հետագայում նա օգտատերերի ճնշման տակ հեռացրեց լուսանկարը։

Իրավապաշտպան, սահմանադրագետ Արա Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ստյոպա Սաֆարյանի տվյալ խոսքն  ուղղակի անթույլատրելի է, և էական չէ, թե այն պարունակո՞ւմ է ատելության խոսք, թե՞ ոչ․ 

«Իր հրապարակումը ատելության խոսք չէ, բայց դա կարևոր էլ չէ, որովհետև դա մի խոսք է, որ կարող է գեներացնել անձի նկատմամբ հասարակական բացասական կարծիք կամ ստերեոտիպ։ Դա մեծ հաշվով անօրինական խոսք է, մանավանդ որ վերաբերում է դատավորին, և հատկապես, որ դա ասում է Ստյոպա Սաֆարյանը, նման խոսքն ուղղակի անթույլատրելի է, անկախ նրանից՝ դա ատելության խո՞սք է, վիրավորակա՞ն, խտրակա՞ն թե՞ զրպարտող խոսք։ Բնականաբար, դրա տակ թաքնված է խտրականություն»,- ասաց Ղազարյանը։

Հարցրինք՝ տարբերություն կա՞, թե այդ խոսքն ում կողմից է հնչում՝ ՀԽ նախագահի՞, թե՞ հասարակ քաղաքացու․

«Իհարկե, տարբերություն կա, որովհետև այդ պաշտոնատար անձը ավելի մեծ պլատֆորմ, ավելի մեծ ամբիոն ունի, մանավանդ Հանրային խորհրդի նախագահը, հետևաբար՝ նրա խոսքի արհավիրքները, վնասակար ազդեցությունը  կարող են ավելի մեծ լինել։ Բացի այդ, նման խոսքը նաև վարկաբեկում է ինստիտուտը, որովհետև մենք չեն տարանջատում Ստյոպա Սաֆարյանին որպես ֆիզիկական անձ, երբ նա գրառում է անում, մեզ մոտ տպավորվում է, թե դա այդ ինստիտուտն է ասում։ Այսինքն՝ նա պետք է չափազանց մեծ հանդուրժողականություն դրսևորի և զսպվածություն՝ իր գրառումներում։ Մենք ունենք ճիշտ հակառակը, այսինքն՝ նա էլ ավելի է կրկնապատկում այն բացասական ազդեցությունը, որ  նման խոսքը կարող է ունենալ։ Եթե սովորական քաղաքացի ասի, դա կարող են կարդալ մի քանի տասնյակ մարդ, իսկ այս դեպքում ներգրավվում է տասնյակ հազարավոր լսարան»,- պատասխանեց Ղազարյանը։

Նա նաև նշեց, որ Սաֆարյանի գրառումը ևս մեկ անգամ պիտի կարդա՝ հասկանալու համար, թե այնտեղ կա՞ դատավորի նկատմամբ ոտնձգություն․

«Սա հանրային ծառայողի վարքագծի խախտում է, չէի ասի, որ քրեական պատասխանատվություն ենթադրում է, ես ևս մեկ անգամ պիտի նայեմ այդ գրառումը, որովհետև այնտեղ հնարավոր է ոտնձգություն լինի դատավորի նկատմամբ։ Այստեղ կարող է քաղաքացիական պատասխանատվության հարց բարձրացվել, բայց ես վստահ եմ, որ Արսեն Նիկողոսյանը քաղաքացիական պատասխանատվության գործընթաց չի սկսի, բայց որ պետք է նման հայտարարությունները օրենքի դաշտում լինեն և օրենքով կարգավորվեն, դա միանշանակ է»։

Ինչպես նկատեցինք, Սաֆարյանը իր գրառմամբ անդրադարձել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, և սրա վերաբերյալ համացանցում տարածվում է նաև տարիներ առաջ Սաֆարյանի գրած մեկնաբանությունը, որում նա հիանում էր Ռուբեն Մելիքյանի գործունեությամբ։