Հիմա սա աջակցությու՞ն է, թե՞…

Հիմա սա աջակցությու՞ն է, թե՞…

Ֆեյսբուքյան օգտատերը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանին «այսքան քաշքշեցին, տարան, բերեցին, բռնեցին թողեցին, եւ ինչի՞ համար՝ նրա արած այն լավ արարքի համար, որ 2008-ին իշխանությունը չհանձնեց ԼՏՊ-ին»:

Հիմա սա աջակցությու՞ն է երկրորդ նախագահին, թե նրան ներկայացված մեղադրանքի հաստատու՞մ: Օգտատերը փաստացի արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2008-ին «պահել է» իշխանությունը, չի հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ դրանից ուղղակիորեն հետեւում է, որ ընտրություններում հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց իշխանությունը չի անցել նրան, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը «լավ արարք է գործել» եւ թույլ չի տվել: Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի իմաստը, եթե իրավաբանական խուճուճություններից վերացարկվենք, հենց դա է: Ժողովուրդը քվե է տվել նախագահի թեկնածուներից մեկին, իշխանությունը փաստացի անցել է մյուսին, քանի որ այդպես է ցանկացել Ռոբերտ Քոչարյանը՝ այսպես է հետեւում օգտատիրոջ գրառման համատեքստից: Այսինքն, գործ ունենք մտածողության հետ, որ տեղի ունեցած ամեն ինչ արդարացնելի է, քանի որ դրանով կանխվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Հանրության, քաղաքական ուժերի, առանձին անհատների մի մասի համար, իհարկե, Տեր-Պետրոսյանը եղել եւ մնում է անցանկալի:

Բայց դա ի՞նչ կապ ունի ընտրողների մեծամասնության կամարտահայտությունը բռնաճնշելու հետ: Ոչ մի քաղաքական գործիչ, պետության ղեկավարի ոչ մի թեկնածու ամբողջ ժողովրդի համակրանքը չի վայելում: Գոյություն ունի սահմանադրություն, օրենք, որ սահմանում են իշխանության ձեւավորման սկզբունքները եւ կարգը: Իշխանությունը պատկանում է նրան, ով դրա համար լիազորվում է ընտրողների մեծամասնության կողմից: Եթե 2008-ին դա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ օգտատիրոջ ասածից այդպես է հասկացվում, ուրեմն ԿԸՀ-ն նրան պետք է նախագահ հռչակեր, իսկ Քոչարյանը՝ հարգելով սահմանադրությունը, օրենքը եւ ժողովրդի մեծամասնության կամքը, ընդուներ քաղաքական իրականությունը:  Հայաստանի սահմանադրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին չէր արգելում նախագահի թեկնածու առաջադրվել, քարոզչություն իրականացնել, հաղթել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Եւ եթե Ռոբերտ Քոչարյանը, լինելով գործող նախագահ, անկախ դրդապատճառներից՝ խոչընդոտել է, ավելին՝ «իշխանությունը չի հանձնել» Տեր-Պետրոսյանին, ուրեմն թույլ է տվել իշխանազանցություն: Այն, ինչ պնդում է մեղադրող կողմը, եւ հաստատում Քոչարյանի աջակից ֆեյսբուքյան օգտատերը: