Ինչպես խոզը տուռնիկից

Ինչպես խոզը տուռնիկից

Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունն ու ռազմավարական պլանավորումը հակոտնյա երևույթներ են: Ու այն արձանագրելու համար բավարար է գրագետ լինելն ու տեղեկատվությանը տիրապետելը: Բայց երբ դրա մասին գրում ենք մենք՝ դա անում ենք ցավով: Որովհետև, որքան էլ Նիկոլին չընդունենք, այսօր նրա որոշումների արդյունքում է կերտվում մեր հայրենիքի ու ըստ այդմ՝ այս երկրում ապրող յուրաքանչյուրիս ճակատագիրը: Ինչպես նաև այստեղ չապրող, բայց անընդհատ հոգով և մտքով այստեղ գտնվողների հոգեվիճակը: Սակայն նույնը չենք կարող ասել մեզ հարևան, սակայն թշնամի պետությունների ղեկավարների մասին: Կամ այս կամ այն երկրի իշխանության մասին, որը մեր թշնամիներին ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ: Դրա վկայությունն է տվել, օրինակ, ռուսաստանցի լրագրող, «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը՝ ասելով, որ «... հետախուզական ծառայություններն ունեն հաստիքային վերլուծաբաններ և հոգեբաններ, որոնք ուսումնասիրում են այս կամ այն քաղաքական գործչի հոգեբանական դիմանկարը։ ... Նիկոլ Փաշինյանը պատկանում է ... քաղաքական գործիչների այն հազվագյուտ տեսակին, որի հիմնական սկզբունքը մեկ օրով ապրելն է»: Դե, մեկ օրով ապրելու դեպքում ռազմավարական պլանավորման մասին խոսելն անիմաստ է:

Տեսական այդ ընդհանրացումը կոնկրետացնենք այսօր մեր մտավորականությանը հուզող հարցի առումով: Խոսքը իշխանության կողմից առաջարկվող օրինագծի մասին է, որով չեղարկվում է անհատական մակարդակում պատվավոր կոչումներ շնորհելու համակարգը։ Ի դեպ, պարզվում է, որ այսօր առկա է 17 պատվավոր կոչում: Վերջին հինգ տարիների ընթացքում էլ շնորհվել է 1181 պատվավոր կոչում: Իսկ հիմա հարցը՝ եթե մի օր չեղարկվելու էր այդ համակարգը, ինչո՞ւ էր շուրջ 1200 կոչում շնորհվում. ենթադրում եմ, որ ավելի շատ, քան Սերժի օրոք: Որովհետև այնպես չէ, որ նախկինում դրա մասին չէր խոսվում, ու չեղարկման գաղափարը ծնվել է հենց ամանորյա տոներից հետո: Այդ գաղափարը վաղուց էր առկա, ու ես ևս ժամանակին ֆեյսբուքյան հարթակում գրել եմ չեղարկման օգտին: Որովհետև այն դարձել էր իշխանության կողմից «սեփական» մտավորականություն բուծելու համակարգ: Թե՞, այնուամենայնիվ, դա էն գլխից հենց այդպիսին էր: Ինչևէ, եթե վերջին հինգ տարում աստիճանաբար նվազեցվեր կոչում շնորհելու պրակտիկան, ապա այսօր նման օրինագծի կարիքը կարող էր նույնիսկ չզգացվել: Բայց դա կնշանակեր առնվազն մեկ ոլորտում ռազմավարական մտածողության դրսևորում: Բայց ինչը, դժբախտաբար, հեռու է նիկոլական իշխանությունից, ինչպես խոզը տուռնիկից:

Ինչ մնում է պատվավոր կոչումներ ունեցողներին՝ իշխանությունը որոշել է նրանց թողնել այն իրավունքներն ու արտոնությունները, որ ունեն այսօր: Ինչը, բնական է, թելադրված է նման քանակի անձանց (եթե հաշվենք նաև նրանց ընտանիքների անդամներին) չթշնամացնելու մտադրությամբ:

Ուրիշ հարց, որ հարցը ներկայացնող արդարադատության փոխնախարար Հարությունյան Արմենուհին այնքան տակտ և գիտակցություն չուներ, որ չվիրավորեր նաև իրենց կողմից պատվավոր կոչումներ ստացողներին: Որովհետև եթե առաջնորդվենք միայն լայն զանգվածների շրջանում ճանաչում ունեցողներին կոչում շնորհելու գաղափարով, ապա վերջին հինգ տարում առավելագույնը պետք է տրվեր 181 կոչում՝ եթե ոչ ավելի պակաս։