Որոշվել է Թուրքիային «սանձահարե՞լ» 

Որոշվել է Թուրքիային «սանձահարե՞լ» 

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում իրականացվել է նոր օդային գործողություն, որի հետեւանքով 25 թիրախ եւ մեծ թվով զինյալներ են ոչնչացվել։ Սա, նկատենք, որ առաջին անգամը չէ, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում՝, մասնավորապես՝ Մետինայում, Հաքուրկում եւ Քանդիլում, ինչպես նաեւ Սիրիայի տարածքում իրականացվում է օդային հարձակումներ՝ թիրախում ունենալով Քրդական բանվորական կուսակցության զինյալներին։ Սակայն ներկայումս, հաշվի առնելով ընդհանուր գեոպոլիտիկ եւ ռեգիոնալ իրավիճակի լարվածությունը ներկա գործողությունը չի կարելի համարել մյուսների հետ նույն հարթության վրա։ Համաձայն վերլուծական-փորձագիտական շրջանակների, ներկայումս ՔԲԿ ակտիվացումը պատահական չէ եւ ընդհանուր առմամբ կարելի է համարել օրինաչափություն, եթե այն դիտարկում ենք Մերձավոր Արեւելքում ներկայումս սկսված նոր անկայունության շրջանի հետ, ինչն ազդարարվեց պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր սրացմամբ։ Նույն շրջագծի մեջ պետք է դիտարկել նաեւ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի կողմից Եմենի հուսիտներին կամ հութիներին հասցված օդային հարվածները։ 

Թուրքիան, ըստ ամենայնի, չափազանց շատ է սկսել խանգարել Արեւմուտքի առանցքային երկրներին եւ լինելով Արեւմուտքի ռազմաքաղաքական բլոկում ամենից ոչ արեւմտյանը, որոշում է կայացվել վերջինիս հնարավորինս ցավոտ կերպով «սանձահարել»։ Իսկ դա հնարավոր կլինի, եթե օրինակ քրդական հարցը նորից թեժանա եւ Անկարան ստիպված լինի խրվել այդ հարցի մեջ։ Փորձագետները նկատում են հատկապես, որ Սիրիայում գործող քրդական խմբավորումները վայելում են ԱՄՆ աջակցությունը, իսկ դա շատ բան կարող է նշանակել Թուրքիայի «սանձահարման»՝ Արեւմուտքի կողմից ամենայն հավանականությամբ որդեգրված նոր գիծը հասկանալու համար։ Եթե այս վարկածը համարենք լիովին ճշմարտացի, ապա Թուրքիայի համար շատ բարդ ժամանակներ կարող են սկսվել, որովհետեւ տնտեսական դժվարություններին կգումարվեն նաեւ քրդական խնդրի բերած դժվարությունները, ներքին կյանքում հնարավոր վայրիվերումները, որոնք կարող են էապես սասանել իշխող Էրդողանական վարչակարգի դիրքերը։