Մենք ամենամեծ հարվածը ստացանք.մեկ տարվա աշխատանքը ջուրը լցվեց

Մենք ամենամեծ հարվածը ստացանք.մեկ տարվա աշխատանքը ջուրը լցվեց

Արտակարգ դրության պայմաններում  սոցիալական խնդիրները Գյումրիում սրվել են: Հանրապետության երկրորդ քաղաքում առանց այդ էլ  աղքատության ցուցանիշը բարձր էր: Իսկ ահա ստեղծված իրավիճակի պատճառով  բազմաթիվ ընտանիքներ  անելանելի դրության մեջ են հայտնվել: «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, որ գրեթե ամեն օր սոցիալապես անապահով ընտանիքների  հյուրն է, այսօր վստահեցնում է.«Այս օրերին շատ բախվել ենք օրավարձով աշխատողների խնդիրներին: Տնակային թաղամասերում ապրող տղամարդիկ, որ մի օր էստող-էնտեղ գործ էին անում, մնացել են պարապ, ու հիմա նրանց ընտանիքները լրիվ սոված են: Եթե այս վիճակը ևս 1-2 ամիս ձգձգվի, սոսկալի կլինի: Իսկ էս կարճ ժամանակը մի կերպ դիմացել են»,-մեզ հետ զրույցում ասաց  Վահան Թումասյանը՝ միաժամանակ նկատելով, որ տնակային թաղամասերում ապրող  միայնակ ծերերի, տարեցների կյանքում ոչինչ չի փոխվել:

«Նրանք ամբողջ կյանքում էլ կարանտինի մեջ են, իրենց առանձնապես վտանգ չի սպառնում, քանի որ տանից գրեթե դուրս չեն գալիս, ճիշտ է, կասեի՝ հիմա  գուցե մի քիչ դերասանական պահեր կան, բայց ամեն դեպքում իրենց կյանքում ոչինչ չի փոխվել»:

Մեր զրուցակիցը ցավով է հայտնում, որ ստեղծված իրավիճակը շատ, թե քիչ չափով բացասաբար է անդրադարձել նաև իրենց գործունեության վրա: Թեպետ կենտրոնը տարբեր բարեգործական ծրագրեր դեռևս իրագործում է, բայց ամենամեծ նախաձեռնությունը մնաց ետևում. «Մենք ամենամեծ հարվածը ստացանք: Դա այն էր, որ մեր մեկ տարվա աշխատանքը ջուրը լցվեց. մոտ 7-10 բնակարան արդեն պետք է նվիրած լինեինք անօթևաններին, բայց չկարողացանք, իսկ հետոյի համար ոչինչ չենք կարող խոստանալ»: «Շիրակ» կենտրոնի նախագահի խոսքերով՝ գովելի է, որ այս օրերին տարբեր կազմակերպությունների կողմից մի շարք սոցիալան նախաձեռնություններ եւ ծրագրեր են իրականացվում, որը ինչ-որ չափով մեղմում է սոցիալական ճգնաժամը, բայց. «Ուղղակի, ափսոս,  այս ճգնաժամից հետո էլ կարող է սովորություն դառնալ, քանի որ լուսանկարում են, տարածում ֆեյսբուքում, ինչը կարող է համաճարակի նման բազմանալ: Ի վերջո, կվերջանա այդ 5-6 կիլոգրամանոց օգնությունն էլ, եւ կառաջանան ավելի լուրջ խնդիրներ: Մի տեսակ  երկրաշարժյան տարիների նման մոդա է դարձել՝ եթե նախկինում ամենածայրահեղ ընտանիքներն էին օգնություն խնդրում, հիմա միջինից ցածրերն են  նույնիսկ ձգտում ինչ-որ բանի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս օրերին հանդես եկող տարբեր բարեգործական նախաձեռնությունների կողքին «Շիրակ» կենտրոնը փոխել է ձեռագիրը: «Մի կողմից էլ լավ է, իրենք նոր են, լավ էներգիա ունեն, մեզ էլ ավելի  լայնածավալ գործունեության  հնարավորություն են տալիս »: