Նամակներ`ինքնամեկուսացումից-1

Նամակներ`ինքնամեկուսացումից-1

Հարգելի Արմինե, անսալով hանրապետության պարետի որոշմանը, որպես երկրի օրինապահ քաղաքացի`  ինքնամեկուսացված եմ իմ տանը եւ չկարողանալով այցելել խմբագրություն՝ որոշեցի նամակով ներկայացնել ասելիքս։

Այս մի ամսվա ընթացքում գրելու-ասելու շատ բան ունեմ, բայց նամակիս պատճառը վերջերս իշխանավորների կողմից տարածված մի սահմռկեցուցիչ հայտարարությունն է․ տրտում եմ ու վիրավորված՝ որպես հայ քրիստոնյա, եւ գիրս տրտմության մասին է․․․ Նորին Սուրբ Օծություն Վեհափառ Հայրապետի հնչեցրած քրիստոնեական գթասրտությամբ հորդորի առիթով։ 
Ինչ էր ասում Վեհափառը․ ընդամենը օրհնում եւ քրիստոնեական գթասրտության խոսքով փարատում-մխիթարում էր համաճարակի հետեւանքով ցավի դեմ մենակ մնացած հայ հավատացյալին՝ հընթացս հիշելով նաեւ անազատության մեջ գտնվող եւ առողջական խնդիրներ ունեցող հանրապետության երկրորդ նախագահին։ 

Վեհափառը՝ մեր Սուրբ Եկեղեցու Հովվապետը, ազատ է իր աստվածահաճո քարոզներում եւ պարտավոր չէ որեւէ մեկի կարծիքը հարցնել։ Նրա բերանով մեզ հետ Քրիստոսն է խոսում։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր անհավատ են, բայց դա իրենց խնդիրն է, չէ՞ որ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով։ Եվ եթե այդ չնչհավատ մարդկանցից մեկը խոսեր Վեհափառի դեմ, ես չէի էլ նկատի, բայց եթե գահակալի դեմ խոսում են իշխանավորները, դա անհնարին է չնկատել ու չվիրավորվել մեր ազգային Սուրբ  Եկեղեցու համար։ Գուցե այդ իշխանավորներն էլ են չնչհավատ՝ չգիտեմ։ 
Սիրելի Արմինե, մի առիթով ասել եմ, որ վկայող եմ։ Կյանքս այնպես է ընթացել, որ երկու անգամ պատիվ եմ ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրող հանձնաժողովի անդամ ընտրվել։

Այսօր ոչ ոք չի հիշատակում, բայց չեմ կարծում, որ չհիշեն, թե ինչ տեղի ունեցավ առաջին ընտրությանների ժամանակ։ Փակ քվեարկությունից հետո, որ ընթանում էր դռնփակ Մայր Տաճարում, քվեարկվող Սուրբ Հայրերից երկուսը շատ ձայն հավաքեցին, գրեթե հավասար՝ Երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը եւ Գարեգին Սրբազանը, ով այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն էր։ Հետաքրքիրն այն էր, որ ՀՀՇ-ի այդ շրջանի իշխանավորները շատ էին ցանկանում, որ Կաթողիկոս ընտրվի Գարեգին Ա Վեհափառը՝ ունենալով մի տարաշխարհիկ ծրագիր՝ այդ ճանապարհով միավորել Էջմիածինն ու Անթիլիասը, ինչը, իմ կարծիքով, սխալ էր, հիմա էլ եմ մտածում, որ սխալ է։ Եվ երբ դռնփակ Մայր Տաճարում հայտարարվեց ընտրության երկրորդ փուլը, Գարեգին Սրբազանը ոտքի կանգնեց, մոտեցավ խորանին եւ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է Օծյալ Կաթողիկոսի հետ քվեարկվել, ու մոտենալով՝ խոնարհվեց Գարեգին Առաջինի առջեւ, համբուրեց նրա աջը եւ շնորհավորեց․ դա հուզիչ ու անսովոր տեսարան էր, բոլորը հիացած էին Գարեգին Սրբազանի աստվածահաճո վարքով, շատերի աչքերը լցվեցին․․․ 

Հիմա հուզմունքով վերհիշելով այդ աննախադեպ տեսարանը՝ ցավով մտածում եմ, թե ինչու Գարեգին Բ-ի այդ օրվա աստվածահաճո ու ազգահաճո քայլն օրինակ չդարձավ մեր իշխանավորներին։ Եվ այս վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցավ հազարամյակների մեր պատմության մեջ չեղած-չտեսնված մի իրավիճակ, երբ ցանկացած իշխանավոր իրեն թույլ է տալիս հոխորտալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ ամենանսեմ խոսքերով․․․
Սթափվեք, տղեք, կանգ առեք, Վեհափառն օծյալ է աստվածային եւ համահայկական հոգեւոր մյուռոնով, իսկ դուք ընդամենը նշանակված եք ձեր շեֆի կողմից։

Եվ եթե թյուրիմացաբար ձեզ համարում եք անպարտելի, ամենակարող ու չեք վախենում մարդուց, քանի որ ձեր կարծիքով ձեր դեմ խաղ չկա՝ գոնե երկյուղեք Աստծուց։ Եվ հիշեք, որ մի օր պատասխան եք տալու եւ այդ պատասխանն այս կյանքում եք տալու։ 
ՀԳ․ Այս տողերը գրելով դիոգենեսյան իմ տակառից՝ ուզում եմ առիթն օգտագործել  եւ շնորհակալություն հայտնել հայոց բժիշկներին, լրագրողներին եւ ոստիկաններին հայոց։

Հարգանքներով՝ Մերուժան  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ