Միանում եմ Զեմֆիրա Միրզոեւայի կոչին

Միանում եմ Զեմֆիրա Միրզոեւայի կոչին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւան հարց բարձրացրեց՝ կապված ասորիներով բնակեցված Դիմիտրով գյուղը համայնքների խոշորացման ծրագրում ներառելու անթույլատրելիության հետ։ Ասորական համայնքը որոշակի վտանգներ է տեսնում այս ծրագրի մեջ, որ խոշորացման արդյունքում գյուղը, միաձուլվելով այլ բնակավայրերի հետ, կարող է կորցնել իր յուրահատկությունը։ Այստեղ ազգապահպանության, մշակութային ժառանգության պահպանության հետ կապված վտանգներ կան։

Միրզոեւայի հարցին պատասխանեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ով շատ տհաճ եւ հարցադրմանը ոչ հարիր ձեւաչափով սկսեց ինչ-որ վիճակագրական տվյալներ նշել, թե Դիմիտրովում բնակչության ընդամենը 14 տոկոսն է ասորի, որոշումներ կայացնելիս մյուս 86 տոկոսի շահերը նույնպես պետք է հաշվի առնվեն։ Սա արդեն ոչ թե էժանագին մանիպուլյացիա էր, այլ կատարյալ անիմաստություն: Նույն հաջողությամբ նախարարը կարող էր եղանակի տեսությունը ներկայացնել կամ մեգապոլիսների խցանումներից խոսել։

Դիմիտրովը միշտ համարվել է ասորիներով բնակեցված գյուղ, եւ խոշորացման կոնտեքստում բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե գյուղում բնակվողների կոնկրետ քանի տոկոսն է ասորի։ Խոսքն այլ երեւույթի մասին է։ Գուցե ելնելով մի շարք սոցիալ-տնտեսական հանգամանքներից՝ կառավարությունը ստիպված է այսպիսի քայլերի գնալ, եւ գուցե գտնում են, որ դա կարող է արդյունավետ լինել համայնքների առջեւ ծառացած խնդիրների կարգավորման համար, բայց այս պարագայում պետք է բացառություն նախատեսվեր, որովհետեւ գործ ունենք ազգային փոքրամասնության շահերի ոտնահարման հետ: Իսկ մենք՝ հայերս, հայտնի ենք մեր տոլերանտ վերաբերմունքով այլ ազգերի՝ հատկապես Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

Միշտ չէ, որ նոր մոտեցումներն արդյունավետ են, երբեմն պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, կարիք չկա բոլոր հարցերում յուրահատուկ երեւալ։ Զարմանալի է, որ մյուս պատգամավորները չաջակցեցին իրենց գործընկերոջը, հատկապես որ մեր խորհրդարանը ողողված է իրենց «արեւմտամետ», «ժողովրդավար» հորջորջողներով։ Փաստորեն, ճիշտ են պնդումները, որ Սորոսի ֆոնդերում միայն փողոցային սադրիչ ծաղրածուներ են բուծում, ովքեր անգամ էլեմենտար պատկերացում չունեն համամարդկային արժեքների մասին։

Այս պարագայում գայթակղությունը շատ մեծ է՝ լեգենդար հանրապետականի ոճով պատասխանել նախարարին․ «Բա որ տենց լավ հաշվել գիտեք, ինչի՞ չեք ձեր կառուցողական ընկեր Ալիեւի հետ թվերով խոսում, հը՞, բա ասեք, որ Հադրութի բնակչության 100 տոկոսը հայեր էին, որ Ադրբեջանն օկուպացրել է Հադրութն ու Շուշին, թե՞ վախենում եք ձեր կառուցողական ընկերոջից»: Մեկ այլ հայտնի հռետորի սլենգով. «Այ թուրքեր, այ թուրքացածներ, Ալիեւին օրը մի գյուղ եք հանձնում, հիմա եկել եք մեր սիրելի ասորիների՞ց եք ձեր մուռը հանում․․․ Կարող ա՞ Դիմիտրովն էլ եք որոշել հանձնել թուրքերին։ Թուրքերի՞ց եք հրաման ստացել՝ ասորական համայնքը վերացնել․․․ Պատասխան եք տալու, արա․․․»։ Թույլ տվեք մեջբերել մեծարգո Հիլարի Քլինթոնի խոսքերը ժողովրդավարության վերաբերյալ. «Ժողովրդավարությունը մեծամասնության կողմից փոքրամասնության եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին է»։ 

Մենք՝ հայերս, միշտ հենց այդ սկզբունքներով էլ առաջնորդվել ենք, բայց հետո հայտնվեցին հայտնի ֆոնդերը եւ համոզեցին, որ ժողովրդավարությունը սադրիչ-ծաղրածուների, փողոցում գիշերող անհաջողակների, Ֆեյսբուքում հայհոյող տգեղ կանանց, հոգեւորականներին հրմշտող ոչնչությունների իրավունքներն են։ Դժվար է պատկերացնել` որեւէ մեկն ավելի մեծ վնաս հասցրե՞լ է արեւմտյան քաղաքակրթության հեղինակությանը, քան այդ ֆոնդերը՝ դատարկություններին կարեւորություն ներշնչող եւ իրենց նեղ նպատակներին ծառայեցնող տիկնիկավար-մանիպուլյատորներով հանդերձ։ 

Հատուկ ընդգծեմ, որ Հայաստանի ասորական համայնքը միայնակ չէ իր պայքարում, եւ վստահ եմ, որ հայության մեծամասնությունը մտահոգ է եղբայր ասորիներին հուզող խնդիրներով։ Ավելին, ազգային փոքրամասնությունները մեր հարստությունն են, իսկ նրանց համայնքները՝ հայկական թագին ամրացված ադամանդներ, եւ ոչ ոք իրավունք չունի խաթարել մեր համերաշխությունը։ 
Աջակցությունս եմ հայտնում Հայաստանի ասորական համայնքին եւ միանում եմ տիկին Զեմֆիրա Միրզոեւայի կողմից հնչեցված պահանջին ու ակնկալում, որ կառավարությունն ի վերջո կգիտակցի հարցի կարեւորությունը, եւ Դիմիտրովը դուրս կդրվի խոշորացման ծրագրից։

 Պողոս Պողոսյան