Կեղծիքն ու անհեթեթությունը՝ երկվորյակներ

Կեղծիքն ու անհեթեթությունը՝ երկվորյակներ

Կեղծիքն ու անհեթեթությունը երկվորյակներ են. կուզեք` քույրեր կամ եղբայրներ: Հատկապես մեր երկրում, որն ինքնահռչակվել է որպես ժողովրդավարության բաստիոն: Դե, այնպես չէ, որ երկիրն ինքն իրեն հռչակել է այդպիսին: Դա արել է առաջնորդը՝ ինքնահռչակ վարչապետը:

Հիշում եք, չէ՞, «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ էս երկրում վարչապետ չի լինի ընդհանրապես» հայտարարությունը: Այ, հենց այդ անձն էլ իր անձնական իշխանությունը հռչակել է որպես ժողովրդին պատկանող: Իրականում, իհարկե, այդպես չէ: Բայց ժողովուրդը լռում է: Իրեն դուր է գալիս խաբված լինելը: Ի՜նչ կարող ես անել՝ դա էլ ժողովրդի հատկանիշն է:

Իսկ կեղծիքն ու անհեթեթությունը սովորաբար ծնունդ են առնում, երբ ճշմարտությունը չափազանց դաժան է լինում, ու ասելիք չի լինում: Երբ դրան գումարվում է կրթվածության կամ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակը, թող ու փախի: Իսկ երբ այդ ամենին գումարվում են նաեւ խորհրդարանական կամ գործադիրի ուսապարկերը, հայ լինելդ մոռացիր: Քանի որ դու ապրում ես այն երկրում, որտեղ ապրելը հպարտության լուսապսակ էր տալիս քեզ: Այնպես չէ, որ դա գալիս էր արցախյան հաղթական պատերազմից: Ուղղակի այդպես էր որոշել ժողովրդի առաջնորդը: Հետո եղավ պատերազմ ու պարտություն: Եվ քո հպարտությունն անէացավ՝ կարծես չէր էլ եղել: Բայց մնաց «առաջնորդ» հորջորջված անձը, որ չդավաճանեց իր հպարտությանը, բայց այս անգամ՝ պարտված լինելու հպարտությանը: 

Ուրեմն, այդ հպարտ մենակը որոշել է «գունագեղ» տոնել ՀՀ անկախության 30-ամյակը եւ պատերազմում զոհվածների հիշատակը: Տոնական արարողության սարքավորումներն էլ դրա համար վարձված կազմակերպությունը Թուրքիայից է ներկրել: Այն երկրից, որի «աջակցությամբ» մենք պարտվեցինք: Նման բան այլ երկրում դժվար թե լիներ, բայց մեր երկրում անհեթեթությունը վերածվել է վարքագծային կանոնի: Զոհված զինծառայողների հարազատները մեկ շաբաթից ավելի բողոքում են այդ «գունագեղ» միջոցառման դեմ: Կառավարության շենքի դիմաց են: Շուրջ 350 մարդ էլ հայտարարություն է տարածել նման միջոցառման աննպատակահարմարության առումով: Բայց դա կարեւոր չէ: 

Կարեւոր է այն, որ 1-2 օր առաջ կառավարության շենքի դեմ ընդամենը մի մայր էր բողոքում, եւ նրան իր առանձնասենյակ է հրավիրել վարչապետի օգնականը` Նաիրի Սարգսյանը: Վերջինս ներկայացրել է միջոցառման երեւի թե «սրբազան» բովանդակությունը, եւ զոհվածի մայրը «շնորհակալական զգացումով» (քիչ է մնում գրեի՝ երջանկության արցունքներով) հրաժեշտ է տվել երիտասարդին: Թե որքանով է ճշմարիտ այդ պատմությունը, թողնում եմ դրա մասին ֆեյսբուքյան գրառում կատարած երիտասարդի խղճին: Ինձ հետաքրքրում է այլ հարց. Փաստորեն, անհատ անձի շնորհակալական զգացումն ավելի առաջնային է, քան հարյուրների բողոքի ձայնը: Եվ դա այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն անընդհատ բարձրաձայնում է, որ իրեն «պողպատյա մանդատ» է տվել ընտրողների մեծամասնությունը: