«Բայրաքթար»-ները դարձել են որոշակի քաղաքական գործոն․ թյուրքագետ

«Բայրաքթար»-ները դարձել են որոշակի քաղաքական գործոն․ թյուրքագետ

Ապրիլի 10-ին Ստամբուլում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» և նշել, որ Անկարայի դիրքորոշումը «Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ մնում է անփոփոխ»։ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի Դաշնությանը։

Հաջորդ օրը ԹՀ նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել էր Դոնբասի տարածաշրջանում հակամարտության սրացմանն ու Ղրիմի հարցին։ Իր թվիթերյան էջում Քալընը գրել էր, որ Թուրքիան «պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն» ու «Ղրիմի թաթարների իրավունքները»։  «Եվ աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների լուծմանը բանակցությունների միջոցով», - նշել էր Էրդողանի ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

- Պարո՛ն Մելքոնյան, Թուրքիան «Բայրաքթար»-ներ է տրամադրում Ուկրաինային, Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ շահեր է հետապնդում՝ ներգրավվելով Դոնբասի խնդրում։

- Տեսեք, հարցն առնվազն երկու բաղադրիչ ունի։ Առնվազն այն, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր մոտեցումներն Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին (Թուրքիայի պատկերացմամբ)։ Եվ հնարավոր բոլոր հարթակներում, միջազգային հարթակներում և ամեն առիթով Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին։ Եվ այս դիրքորոշումը և՛ Էրդողանը, և Թուրքիայի արտգործնախարարը, տարբեր պաշտոնյաներ շարունակաբար կրկնում են։ Այսինքն, դիվանագիտական ոլորտում Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային ակնհայտ է։ Եվ փաստորեն, Թուրքիայի քայլերն ընդդեմ Ռուսաստանի նույնպես ակնհայտ են և գաղտնիք չեն։ Երկրորդը, բնականաբար ռազմականն է։ Եվ այստեղ կա այսպիսի առանձնահատկություն․ հատկապես վերջին շրջանում Թուրքիան բավական շատ ինքնագովազդով է զբաղվում կապված իր ռազմարդյունաբերության հետ և այդ ռազմարդյունաբերության՝ որպես ամենակայացած և լավ արտադրանք ներկայացնում է անօդաչու թռչող սարքերը՝ «Բայրաքթար»-ները, որոնք, ցավոք սրտի, վերջին Արցախյան պատերազմում, եթե կարելի է ասել, «հաջողության պատմություն» արձանագրեցին։

Եվ այդ մահաբեր սարքերը, որոնք պատճառ դարձան հազարավոր մարդկանց մահերի, այսօր Թուրքիայի «ՓիԱռ» քաղաքականության, իր ռազմարդյունաբերության գովազդման կարևոր տարրերից են հանդիսանում։ Եվ բնական է, որ Թուրքիան նախ փորձելու է դրանցից քաղել տնտեսական շահեր։ Այսինքն, վաճառել դրանք այն երկրներին, որոնցից ուղիղ սպառնալիք ինքը չունի, իսկ Ուկրաինան նման երկրներից է։ Եվ երկրոդը, «Բայրաքթար»-ները դարձել են որոշակի քաղաքական գործոն, և տարբեր պրոբլեմատիկ տարածաշրջաններում այդ գործոնի միջոցով ներթափանցում է խնդիրների մեջ՝ դառնալով մասնակիցներից կամ գործոններից մեկը։ Եվ ռուս-ուկրաինական այս կոնֆլիկտի պարագայում այս բոլոր հանգամանքները՝ Ուկրաինային դիվանագիտական աջակցություն, «Բայրաքթար»-ի վաճառք և դրանց քաղաքականացում, առկա են։ Բոլոր երեքն էլ, ըստ էության, բացահայտ թշնամական քայլեր են, թշնամական քաղաքականություն են ուղղված Ռուսաստանին։      


- Թուրքիայի դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային ինչո՞վ է պայմանավորված, որ Ղրիմի հարցում այդպես բացահայտ հայտարարում են։

- Գիտե՞ք, առաջին հայացքից կարող է թվալ, թե Թուրքիայի աջակցությունն ունի այլ ենթատեքստ։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը, իսկ Ղրիմի պարագայում հենց այդպես էր, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ Ադրբեջանի համար՝ կապված Արցախի հետ, կարող է որոշակի խնդիր դառնալ Քրդական խնդրի համապատկերում [Թուրքիայի դեպքում]։ Եվ իբրև թե այս հանգամանքներից ելնելով՝ Թուրքիան անում է նմանատիպ քայլեր և նմանատիպ հայտարարություններ։ Բայց եթե մի փոքր խորքն ենք նայում, իմ կարծիքով՝ այլ հանգամանք կա, որն ավելի վճռորոշ նշանակություն ունի։ Խոսքը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների մասին է, և ավելի անկեղծ հայտարարություններում Թուրքիան ասում է, որ «Ղրիմը ոչ թե ուկրաինական է կամ ռուսական, այլ իրականում թուրքական է»։ Բերում են ինչ-որ տարատեսակ հիմնավորումներ, որ այն մի ժամանակ եղել է Օսմանյան կայսրության տարածք։ Եվ, իհակե, Թուրքիան ակտիվորեն շահարկում է Ղրիմի թաթարների խնդիրը։ Այսինքն, փորձելով ներկայանալ որպես Ղրիմի թաթարների շահերի պաշտպան։ Սա մի կողմից իր պանթյուրքիստական քաղաքականության տարրերն է իր մեջ պարունակում, մյուս կողմից՝ ծավալապաշտական։ Ղրիմը շատ հետաքրքիր ու նուրբ խնդիր է, որտեղ թուրքական շահերը ներկայացվում են միջնորդավորված այլ շահերի փաթեթավորմամբ, բայց խորքում ունեն ծավալապաշտական նպատակներ։ Եվ բնականաբար, էլի իրենց բնույթով բացահայտ հակառուսական քայլեր են և Թուրքիայի հակառուսական քաղաքականության ցայտուն դրսևորումներից մեկն են։

- Իսկ Դոնբասի հարցում Թուրքիայի և Արևմուտքի շահերը որտե՞ղ են համընկնում։ Որովհետև, կարծես թե, Արևմուտքն այնքան էլ դեմ չէ, որ Թուրքիան ներգրավված լինի այս խնդրում։

- Գիտե՞ք, մեզ մոտ թյուր պատկերացում կա, որ Թուրքիան և Արևմուտքը ունեն խնդիրներ, պրոբլեմներ: Դրանք և՛ թուրք-ամերկյան հարաբերություններում են առկա, և՛ թուրք-ֆրանսիական, և՛ թուրք-գերմանական, այն պատկերացումը կա, որ խորքային առումով նրանց շահերը հակադիր են կամ Թուրքիան այլ դաշտում է գործում, իսկ Արևմուտքը՝ այլ, բայց իրականությունը մի փոքր այլ է։ Թուրքիան Արևմուտքի ամենակարևոր խաղացողներից է։ Արևմտյան դաշինքի ամենակարևոր նաև դերակատարներից է։ Չմոռանանք՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակ ունեցող պետություններից է, երկրորդը (կարծեմ) իր բանակի թվաքանակով։ Եվ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի շահերը նաև Թուրքիայի շահերն են և Թուրքիայի շահերն էլ համապատասխանաբար Արևմուտքի շահերն են։ Իսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում Արևմուտքի մոտեցումները, պահվածքն ակնհայտ են, բոլորիս հայտնի են։ Եվ այդ ամենն իրականացնելու հարցում Թուրքիան հանդես է գալիս որպես Արևմուտքի շահերի, և բնականաբար նաև իր շահերի առաջամարտիկ։ Ուստի շատ բացատրելի է, շատ ընկալելի է Արևմուտքի և Թուրքիայի նույնական մոտեցումներն ու շահերն այդ հարցում։ Այն, ինչ անում է Թուրքիան, մենք պետք է ֆիքսենք, որ Արևմտյան քաղաքականության հստակ դրսևորումն ու իրականցումն է։ Նրանց մոտեցումները թե՛ Ղրիմի, թե՛ Դոնբասի, թե՛ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եղած հարաբերությունների առումով շատ պարզ են բոլորին։

- Դոնբասի խնդրով գոյություն ունի Նորմանդյան քառյակ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի մասնակցությամբ։ Հնարավո՞ր է , որ փորձեն Թուրքիային ներգրավել դրանում, և այն դառնա հնգյակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Թուրքիա, Ռուսաստան և Ուկրաինա։

- Գիտե՞ք, Թուրքիան ունի նման ցանկություններ՝ ընդհանրապես ներգրավվել տարբեր կոնֆլիկտներում։ Նաև դե յուրե ամրագրել իր մասնակցությունը։ Նման օրինակ եղավ նաև Արցախյան խնդրում, երբ որ Թուրքիան ակտիվ ջանքեր էր գործադրում՝ դառնալու Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Դա, իհարկե, նրան չհաջողվեց, բայց վերջին պատերազմից հետո Թուրքիան դե ֆակտո հայտնվեց Արցախյան կոնֆլիկտի շրջանակներում։ Բայց ֆիքսենք, որ Թուրքիան որևէ իրավական կարգավիճակ գոնե առայժմ Արցախյան կոնֆլիկտում չունի։ Այսինքն, սա իր հիմնական նպատականերից է։ Եվ չի կարելի բացառել, այլ՝ ընդհակառակը, կարելի է շատ իրատեսական համարել, որ այլ կոնֆլիկտներում Թուրքիայի մոտեցումները և ցանկությունները համանման են։ Այսինքն, դա վերաբերում է Դոնբասի խնդրին և այլնին։ Սա նրա քաղաքական ձեռագրին հատուկ է։ Բայց այստեղ Թուրքիան ինչպես Արցախյան հարցում, այնպես էլ Ուկրաինայի հետ կապված, չի կարող լինել չեզոք երկիր։ Նա ավելի քան շահագրգիռ երկիր է, որովհետև, ինչպես ասացի, նա ունի հավակնություններ Ղրիմի հանդեպ, և ունի հավակնություններ ընդհանրապես այդ տարածաշրջանի նկատմամբ։