Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ 2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։

Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել են նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։