Ատելությունն ու բարկությունը սրտի թշնամիներն են, սերն ու հարգանքը՝ բժիշկները

Ատելությունն ու բարկությունը սրտի թշնամիներն են, սերն ու հարգանքը՝ բժիշկները

«Սիրի՛ր թշնամուդ»։ Ընթերցելով այս տերունական պատգամը՝ բնական հարցեր են առաջանում․ ինչպե՞ս կարելի է սիրել թշնամուն։ Եթե սիրենք թշնամուն, ապա ինչպե՞ս պետք է պայքարենք նրա դեմ։ Կարելի՞ է արդյոք անզիջում պայքարի մեջ մտնել թշնամու հետ՝ նրան սիրելով։ Փորձենք առանց ինքներս մեզ խաբելու, հակիրճ ու պարզ բառերով պատասխանել այս բարդ հարցերին։ Նախ հիշենք, որ նորկտակարանյան բոլոր 27 գրքերի բնագրերը հին հունարեն են։ Հայոց սուրբ թարգմանիչներն ամենաճշգրիտ ձեւով կարողացել են ամբողջական Նոր կտակարանը թարգմանել ու մեզ փոխանցել հրեշտակների լեզվով, այսինքն՝ ոսկեղենիկ գրաբարով։ Այնտեղից մեկ բառ անգամ պակասեցնելու, փոխելու կամ ավելացնելու ո՛չ իրավունք ունենք, եւ ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կա։

Հայերենում բազմաթիվ բառեր ունենք՝ հունարենից փոխառված, մասնավորապես՝ կրոնական տերմինաբանության մեջ, սակայն սիրո զգացումը՝ իր բազմաթիվ տեսակներով ու դրսեւորումներով, ի տարբերություն հունարենի, հայերենով արտահայտում ենք մեկ եւ միեւնույն բառով․ սեր ենք անվանում։ Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ   սիրո ձեւերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ. 
1․ «Էրոս» (հին հունարեն՝ έρως) - տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքին  
2․ «Ֆիլիա» (հին հունարեն՝ φιλία) - ընկերային սեր կամ սեր-մտերմություն՝ ըստ գիտակցված ընտրության 
3․ «Ստորգե» (հին հունարեն՝ στοργή) - գորովալից ընտանեկան սեր 
4․ «Ագապե» (հին հունարեն՝ ἀγάπη) - զոհական սեր 

Թշնամու հանդեպ ունեցած սիրո մասին ո՛չ այստեղ, ո՛չ էլ հետագայում խոսք ու բառ չկա, գուցե այն ժամանակ դրա անհնարինության եւ սուրբգրային պատգամի դեռեւս չլինելու պատճառով։ Հետագայում, երբ Քրիստոս համատարած սիրո քարոզչության տրամաբանությամբ խոսեց նաեւ թշնամուն սիրելու մասին, հունական բառացանկի մեջ չավելացավ նոր բառ՝ այդ նոր զգացումն արտահայտելու համար։ Կարծում եմ, մենք՝ հայերս, ունենք բարոյական իրավունք՝ լրացնելու այդ բացը՝ անվանելով այդպիսի սերը փրկչական սեր։ Փրկչական սերը, որը պատգամվում է ունենալ թշնամու հանդեպ, ավելի շատ նման է հարգանքի զգացումին, քան մեզ ծանոթ սիրո զգացումներին, ուստի մեղք գործած չեմ լինի, եթե նշեմ, որ «Սիրի՛ր թշնամուդ» պատգամը կարելի է ընկալել որպես «Հարգի՛ր թշնամուդ» պատգամ, ինչը շատ ավելի դյուրամարս է եւ ընդունելի, քանի որ պատերազմական օրենքներն էլ այդ են թելադրում, ինչպես գերիների հետ հարգալից վերաբերմունքը, զենքերի օգտագործման ու ռազմական գործողությունների սահմանափակումները, հարկ եղած դեպքում՝ հումանիզմի ցուցաբերումը եւ այլն։ 

Ուրեմն մենք ի՞նչ ենք պատասխանում վերը նշած բնական հարցերին։ Պատասխանը նույնպես բնական է ու բացատրելի։ Եթե որեւէ օբյեկտի կամ սուբյեկտի անվերապահորեն ընդունում ենք որպես թշնամի՝ բառի բուն իմաստով, կամ թշնամու գիտակցված օգնական ու հանցակից, ապա նրա հետ պարտավոր ենք աննահանջ պայքար մղել։ Պայքարել փրկչական սիրով, այսինքն հարգանքով՝ առանց մեր սրտերը վնասելու, առանց հայհոյանքների ու անձնական վիրավորանքների։ Ատելությունն ու բարկությունը սրտի թշնամիներն են, սերն ու հարգանքը՝ սրտի բժիշկները։ 

Ինչպես տեսանք՝ քրիստոնեական «սիրի՛ր թշնամուդ» պատգամը շատ ավելի հեշտ բացատրություն ունի, քան այն, թե ինչպես կարելի էր 2021 թվականի ընտրություններում վստահության քվե տալ հաղթանակած ժողովրդին պարտության մատնած իշխանությանը։

Գենադի Մնացականյան