Իմաստունի եւ խելացիի տարբերությունն՝ ըստ Կարեն Դեմիրճյանի

Իմաստունի եւ խելացիի տարբերությունն՝ ըստ Կարեն Դեմիրճյանի

1998 թվականին, ՀՀ արդյունաբերության և առւտրի նախարարությունում մի գա­ղափար էր առաջացել և այն իրագործելու համար անհրաժեշտ էր խորհրդակցել երկրի առա­ջատար ձեռնարկությունների ղեկավարների հետ.  «Հայէլեկտրա­մեքե­նա», «Կանազ», ևս 5 արդյունաբերական ձեռնարկություններ և մեկ առևտրային բանկ: Գաղափարը վերաբերում էր արդյունաբերական արտադրության նորացմանը՝ լիզինգի միջոցով: Ստեղծվելիք ընկերության անվանումն էր՝ «Թրաստ-լիզինգ»:

Առաջին այցելությունը կայացավ «Հայէլեկտրամեքենա», որի գլխավոր տնօրենը Կարեն Դեմիրճյանն էր: Համառոտ ներկայացումից հետո, նա հավանություն տվեց գաղափարին և հարցրեց, թե որքան ներդրումներ պետք է անել կանոնադրական կապիտալում, նախապես ասելով, թե դրամականով քիչ կարող է անել՝ 6 հազար դոլարի չափով, իսկ նյութականով մի քանի անգամ ավելի:

Համաձայնեցինք դրամական ներդրման շուրջ: Այնուհետև նա խոսեց լիզինգով մի քանի միլիոն դոլար արժողությամբ արտասահմանյան սարքավորման մասին, որը կցանկանար ձեռք բերել՝ գործարանի տեխնոլոգիական մակարդակը բարձրացնելու համար: Թեև լիզինգի մասին այդ ժամանակ քչերն էին տեղյակ, բայց նա, զար­մա­նա­լիորեն, ոգևորված էր այդ գաղափարով, քաջատեղյակ էր դրա առավելություններին: Առաջինը հենց «Հայէլեկտրամեքենա»-ն կատարեց խոստացած ներդրումը, այնուհետև «Կանազը» և ևս 2-3 այլ կազմակերպություն: Այդ տարի տեղի ունեցան քաղաքական վերադասավորումներ, ինչի պատճառով ստեղծվող ընկերության կանոնադրական կա­պիտալը չհամալրվեց: Ստացված գումարները վերադարձվեցին:

Հանդիպման ընթացքում, անսպասելիորեն, սահուն անցում կատարվեց այլ թեմայի շուրջ խոսակցության: Դեմիրճյանը հարցրեց. «Գիտե՞ս, թե խելացի մարդն ինչով է տարբերվում իմաստունից»: Ասացի՝ ոչ, Կարեն Սերոբիչ: Նա շարունակեց. «Երբ խելացին հայտնվում է դժվար դրության մեջ, փորձում է դրանից դուրս գալ՝ հիմնվելով իր իմացության, իր գիտելիքների վրա, մինչդեռ իմաստուն մարդը երբեք չի հայտնվում նման դրության մեջ»:

Այդ հիշարժան հանդիպումից գրեթե քառորդ դար անց, մշակութային և հոգևոր բացառիկ ներաշխարհի տեր անձնավորության, պետական գործչի էտալոն Կարեն Դեմիրճյանի 90-ամյա հոբելյանի օրը կրկին հիշեցի մեր հանդիպումը և եզրակացրի, որ նա իմաստուն էր պետության մասշտաբով, խելացի՝ որպես անձ․․․ 

Հ.Գ. 1980-ականներին ԽՍՀՄ մի գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) ասպի­րանտ էի: Ինստիտուտում մի բարետես ու բավական ինտելեկտուալ պահակ էր աշխատում, որի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէր. անպայման մի երկու խոսք փոխանակում էինք: Նա կլիներ 80-ին մոտ: Մի օր խոսեց Յուրի Անդրոպովի (ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար 1982-1984թթ.) մասին: Այդ օրն առաջին անգամ նա ասաց, որ եղել է ՊԱԿ աշխատակից և Անդրոպովին համակարգի աշխատակիցները հարգել ու սիրել են: Արցունքներ հայտնվեցին նրա աչքերին և ասաց. «Ինչպե՞ս կարելի էր այդպիսի մարդուն սպանել …»։
Կարեն Դեմիրճյանը կդառնար 90 տարեկան։

Գագիկ Վարդանյան
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր