Ինչո՞ւ Ռուսաստանը գնաց էսկալացիայի 

Ինչո՞ւ Ռուսաստանը գնաց էսկալացիայի 

«Այն ինչ այսօր  երևում ու տեսանելի է, դա քաղաքական փիար է՝ իր տարբեր ենթաճյուղերով։ Այս ամենից այն կողմ կան խորքային լրջագույն պատճառներ, որին  հասարակությունը քիչ է տեղյակ, սակայն ամբողջ աշխարհի մակարդակով քննարկման առարկա է դարձած։ Ժամանակին ելցինյան Ռուսաստանը բնականաբար, այն Ռուսասատանը չէր, որ պիտի դիմակայեր Արևմուտքին։ Այս ժամանակ էր, որ Ռուսաստանում առաջացավ այն գաղափարական շարժումը, որի ակունքներում կանգնած են հենց այնպիսի լրջագույն մտածողներ, որոնք 20-22 տարվա ընթացքում անձամբ Պուտինի կողքին  կանգնած էին։ Եվ ինչ աշխարհին տվեցին այդ գաղափարախոսությունները մեծագույն հաշվով՝ «Արաբական գարնանը » ռուսական միջամտություն, «գունավոր հեղափոխություններ» Սովետական տարածաշրջանում, և ամենակարևորը զենքի սպառման մեծ շուկա։ Հնարավորություն տրվեց, ինչպես Արևմուտքին, այնպես էլ  Ռուսաստանին ցուցադրել տեխնիկական և տեխնոլոգիական նորագույն նորամուծությունները։ Եվ ի վերջո դա էլ  պատճառ դարձավ, որպեսզի Ռուսաստանը ցույց տա, թե ինչ ունի»,- լրագրողների հետ հանդիպմանը՝ ասաց Armenia Genesis-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։

Վերջինս գտնում է, որ 2007-2008 թթ Վրաստան-Ռուսաստան հակամարտությունը ի վերջո այն առաջին հանգույցն էր, որով էլ սկսվեց այս ամենը։ 

«Այս համատեքստում պետք է դիտարկել այս ամենը։ Ռուսաստանը ոչ Հայաստան է, ոչ Սիրիա, ոչ էլ Եգիպտոս, աշխարհի տարածքով ամենամեծ պետությունն է՝ Խորհրդային հսկայական ժառանգությամբ, թույլ տնտեսությամբ և բնական ռեսուրսներով, որոնք վաճառում է և, որով էլ կարողանում  է ստեղծել ռազմաարդյունաբերական տնտեսություն։ Հեշտ չէ պետության ռեսուրսը մոբիլիզացնել՝ հստակեցնելու համար՝ ինչ խնդիր ունեն։ Այսօր, այն ինչ կատարվում է, ցավոք սրտի Ուկրաինան է դարձել այն դաշտը, որտեղ տեղի է ունենում այս մեծ կռիվը, որից տուժում է Եվրոպան և ժողովուրդը։ Ուկրաինան՝ երկբևեռ աշխարհի ձևավորևման, աշխարհի քարտեզի և անվտանգային  նոր ճարտարապետության ձևավորման ամենաթեժ կետն է դարձել»,-քննարկման ժամանակ ասաց Աբրահամ Գասպարյանը։

Բանախոսն ընդգծեց, որ վերջին 2.5 տարվա ընթացքում, հակառակ ռուսական կողմի հորդորներին կամ միջազգային տարբեր դերակատարների՝ Ուկրաինան կոնստրուկտիվ տրամադրված չի եղել գալ բանակցային սեղանի շուրջ, ինչի արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանը որոշեց գնալ էսկալացիայի։