Ինչու՞ է երբեմն պետք իջնել մուժիկի (Պողոսի) մակարդակին

Ինչու՞ է երբեմն պետք իջնել մուժիկի (Պողոսի) մակարդակին

Արդեն բավական ժամանակ է, ինչ չեմ կարողանում ավարտին հասցնել մի գիտական հոդված: Մտքերս խառնված են, հոգիս՝ փոթորկված, ժողովուրդս՝ մոլորված: Բայց առավոտյան իմ ծանոթ բժշկին հանդիպելուց հետո որոշեցի այնուամենայնիվ անդրադառնալ առաջին հայացքից մի փոքր հարցի: Կներեք, որ այս մռայլ ժամանակներում եմ դա անում: 

«Ինչից է սկսվում հայրենիքը» («Վահան եւ սուր» խորհրդային ֆիլմից հայտնի երգը). այս երգի ե՛ւ մեղեդին, ե՛ւ տողերն իմ սերնդակիցները լավ են հիշում, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ, թեպետ այդ հայրենիքն այլեւ չկա: Ի դեպ, այդ հայրենիքի առնչությամբ ժամանակին բավական դիպուկ ասվել է. «Ով չի ափսոսում ԽՍՀՄ փլուզման համար, նա սիրտ չունի: Ով կարծում է, թե հնարավոր է այն վերականգնել, նա խելք չունի»:

Պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինն ասում էր, որ եթե ցանկանում եք, որ մուժիկը ձեզ հասկանա (հայերեն՝ «պողոսը»), պետք է իջնեք նրա մակարդակին: Այս հոդվածն իմ կողմից կարելի է համարել նման քայլ:

Այսպես, ուրեմն․ մի օր ինձ ծանոթ բժիշկը վրդովված պատմեց, որ բազմահարկ շենքի առաջին հարկում գտնվող իր սեփական կաբինետի հին «կազիրյոկը» նորով է փոխարինել, ինչի համար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մի պատգամավորի հանդիմանանքին. «Ես զանգահարել եմ «թեժ գիծ» ու ճշտել եմ, որ դուք դրա համար թույլտվություն չունեք»:

Հասկանալի է՝ ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը: 

Բայցեւայնպես, զանգահարեցի այդ երիտասարդին. «Դուք, հավանաբար, իրավացի եք եղել: Բայց Դուք Ձեր կարգավիճակը լավ եք պատկերացնում: Արդյոք դա Ձեր կարգավիճակին վայե՞լ արարք եք համարում»: Նրա պատասխանը եղավ. «Նա օրենք է խախտել»:
Ծանոթ բժշկի հետ նշված հանդիպումից տեղեկացա, որ «կազիրյոկի» համար նա տուգանվել է 200 հազար դրամով: Շատ ուրախացա. վերջապես օրենքի երկիր ենք դառնում: Որոշեցի «պտույտ մը Պոլսո թաղերու մեջ ընել»: Մի տասը րոպե ավտոմեքենայով շրջելուց հետո հիասթափված վերադարձա տուն:

Չնայած դրան, հարգելի իմքայլականներ, մի խնդրանք ունեմ ձեզ: Խնդրում եմ՝ 2023 թվականի ընտրություններում պատգամավորության թեկնածուների ցուցակում անպայման ընդգրկել այդ երիտա­սարդին: Գուցե «Ինչից է սկսվում հայրենիքը» երգի քառատողերից մեկն արժե թար­մացնել այսպես.

«Ինչից է սկսվում հայրենիքը,
Ոչ քո այբբենարանի նկարից,
Ոչ լավ ու հավատարիմ ընկերներից, որոնք հարեւան բակում են ապրում,
Այլ քո կաբինետի կազիրյոկից, որն իմ բնակարանի տեսադաշտն է փակում»:
Մնում է հուսալ, որ խոսքերի հեղինակ Միքայել Մատուսովսկին չի վրդովվի դրանից, իսկ Վենիամին Բասները չի կատարի այդ երգը՝ հայտնի պատճառով:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր