Մենք բախվել ենք սթրեսի կուտակային ազդեցության հետեւանքներին

Մենք բախվել ենք սթրեսի կուտակային ազդեցության հետեւանքներին

Թեպետ մեկընդմերթ հոգեբաններ հանդես են գալիս՝ համակողմանի ներկայացնելով ՀՀ քաղաքացիների սթրեսային ծանր վիճակի մասին, դրանք մնում են անհետևանք. Պետական մակարդակով համալիր ծրագրեր չեն իրականացվում:

1988 թվականից հայ ժողովուրդը տարբեր բնույթի սթրեսների մեջ է:

Տարբերում են սթրեսը՝ որպես կենդանի օրգանիզմի ընդհանուր կենսա­բա­նական ֆիզիոլոգիական ռեակցիա, որը բնորոշ է ոչ միայն մարդուն, հոգեբանական (էմոցիոնալ)  սթրեսից՝ կապված մարդու բարձրագույն նյարդային համակարգի հետ:

Բժշկության, ֆիզիոլոգիայի, հոգեբանության մեջ առանձնացնում են սթրես­ների դրական (էուսթրես՝ «լավ») և բացասական (դիսթրես՝ «կորուստ») տեսակները:

Ինչպիսին էլ լինի սթրեսը, «լավ» կամ «վատ», էմոցիոնալ կամ ֆիզիկական (կամ երկուսը միաժամանակ), նրա ազդեցությունն օրգանիզմի վրա ունենում է ոչ սպեցիֆիկ կողմեր: Եզակի կամ կրկնվող սթրեսային, հոգեվնասվածքային իրավի­ճակների արդյունքում, ինչպիսին են մասնակցությունը ռազմական գործո­ղութ­յուն­ներին, ծանր ֆիզիկական վնասվածքները, սեռական բռնությունը կամ մահվան սպառնալիքը, կարող է առաջանալ հետտրավմատիկ սթրեսային խանգա­րում, որն իրենից ներկայացնում է ծանր հոգեկան վիճակ:

Արդեն ավելի քան երեք տասնամյակ ՀՀ քաղաքացիները տարբեր տեսակի սթրեսներ են տանում: Հավանաբար, ներկայում մենք հանդիպել ենք կուտակային էֆեկտների: Առանց խորանալու խորքային երևույթների մեջ, մենք երբեմն անտեղի տարբեր կերպ ենք բնութագրում մարդկանց. Ժեխ, բանջարեղեն, կենսազանգված և այլն: Զարմանում ենք, թե պատերազմում իրենց զավակներին կորցրած ծնողներն ինչու են անտարբեր, ինչու են անտարբեր մարդիկ երբ թշնամու զորքերն օկու­պացնում են քո երկրի սուվերեն տարածքը և այլն և այլն:

Ղարաբաղյան շարժումն ազգային-ազատագրական շարժում էր, որը մարդ­կանց պատճառում էր դրական սթրեսներ: Առաջին արցախյան պատերազմի մաս­նակիցները ստացել էին բացասական սթրեսներ, մինչդեռ հաղթանակի բերկ­րանքը վայելող բնակչության մյուս մասը՝ դրական սթրեսներ: Այնուհետև, գուցե, ոչ այդքան արտահայտված տարբեր սթրեսներ ունեցել ենք մինչև 2018 թվականը: 2019 թվականին, թերևս, խառը սթրեսներ են եղել՝ ինչպես դրական, այնպես էլ բացա­սական՝ տարբեր համամսանություններով: 2020 պատերազմից մինչ օրս գրեթե բոլորս բացասական սթրեսների ազդեցության տակ ենք:

2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ կարող են համարվել՝ նշված պատճառներով. Ժողո­վուրդը ոչ թե կորցրել է ինքնա­պահպանման բնազդը, այլ կուտակային սթրեսի մեջ է: 

Հետևաբար, գուցե ժամանակն է իրականացնել ՀՀ քաղաքացիների համա­տարած հետազոտություններ և դրանց արդյունքների հիման վրա սկսել բուժել մարդկանց: 

Գագիկ Վարդանյան